Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) միջազգային տնտեսական համագումարը տեղի կունենա 2021 թվականի մարտի 11-12-ին՝ «ԱՊՀ -30» խորագրի ներքո: Այդ մասին Դուշանբեից հաղորդել է ՖԱՐՍ լրատվական գործակալությունը:
ԱՊՀ կազմավորման 30-ամյակին նվիրված միջոցառումները տեղի կունենան դեմ առ դեմ և տեսակապի ձևաչափերով:
Համաժողովը կանցկացվի ԱՊՀ երկրների փոխվարչապետների, Ներքին գործերի նախարարների, տնտեսական զարգացման, ֆինանսների, կոնվերգենցիայի, արդյունաբերության և առևտրի գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ: Բացի այդ, համաժողովին մասնակցելու են նաև արտահանման ոլորտի, առևտրաարդյունաբերական պալատների, արդյունաբերական ասոցիացիաների, բանկային կառույցների և առևտրի ներկայացուցիչները:
Անկախ Պետությունների Համագործակցությունը ձևավորվել է Խորհրդային Միության փլուզումից հետո:
1991 թվականի դեկտեմբերի 21-ին Ալմա Աթայում կայացած գագաթաժողովում Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի և Ուկրաինայի հանրապետությունների առաջնորդներն ստորագրեցին ԱՊՀ հիմնադրման հռչակագիրը: