
Շարունակվում է Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը, որում կայացան 4-րդ տուրի մրցախաղերը:
Հիշեցնենք, որ այս մրցաշարում Հայաստանը ներկայացնում են 7 շախմատիստուհիներ։
Էլինա Դանիելյանը 4-րդ տուրում ոչ-ոքի ավարտեց մրցախաղը ադրբեջանցի շախմատիստուհու հետ: Այս պասին Դանիելյանն իր ակտիվում ունի 3,5 միավոր և կես միավորով զիջում է մրցաշարի առաջատար Իրինա Բուլմագային։
Իր հերթին Աննա Սարգսյանը հաղթելով մրցակցին՝ միավորներով հավասարվեց Էլինա Դանիելյանին: Սարգսյանն իր ակտիվում ևս ունի 3,5 միավոր։
Հաղթանակներ տարան նաև Մարիա Գևորգյանը (3 միավոր), Սուսաննա Գաբոյանը (2,5 միավոր), և Լիլիթ Մկրտչյանը (2,5 միավոր), իսկ Սիրանուշ Ղուկասյանը ոչ-ոքի գրանցեց և ևս իր ակտիվում ունի 2,5 միավոր։
Այս տուրում մեր շախմատիստուհիներից միակ պարտությունը կրեց Մարիամ Մկրտչյանը (1 միավոր):
Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը անցկացվում է Ռումինիայի Յասի քաղաքում , որին մասնակցում են 29 երկրների 117 շախմատիստուհիներ։