Կյանքը de facto

Որ դեպքում պետական կառույցը կկարողանա դադարեցնել լրագրողի հավատարմագրումը. ԱԺ-ն քննարկեց օրենքի նախագիծը

1.1kviews

ՀՀ ազգային ժողովը քննարկեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների ներկայացրած օրենքի նախագիծը, որով սահմանվում է, որ պետական մարմնի կողմից սեփական նախաձեռնությամբ լրագրողի հավատարմագրումը կարող է դադարեցվել միայն, եթե հավատարմագրման դադարեցման համար նախատեսված կանոնների խախտման համար գրավոր նախազգուշացվելուց հետո մեկ տարվա ընթացքում լրագրողը կրկին խախտում է կանոնները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Զանգվածային լրատվության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ մայիսի 24-ի նիստում ներկայացրեց համահեղինակ Արթուր Հովհաննիսյանը:

Պատգամավորը հիշեցրեց, որ նախորդ փոփոխությամբ ամրագրվել է, որ լրագրողի հավատարմագրումը կարող է դադարեցվել նաև պետական մարմնի կողմից՝ աշխատանքային գոտում իրականացված խախտումների հիմքով: «Բայց այնուհետև ԶԼՄ մասին օրենքի մեկ այլ դրույթի հետ խնդիր առաջացավ, քանի որ հավատարմագրումը հնարավոր է դադարեցնել միայն լրատվական գործունեություն իրականացնողի դիմումով: Այսինքն՝ խախտումներ արձանագրելու դեպքում լրատվական գործունեություն իրականացնողին նախազգուշացվում է դրա մասին, սակայն լրատվական գործունեություն իրականացնողի կողմից դրան չի հետևում որևէ գործողություն, ինչը ստեղծում է մի իրավիճակ, երբ չի լինում վերականգնել ոչ միայն ԱԺ-ում աշխատանքային գոտու բնականոն աշխատանքը, այլ  նաև շատ դեպքերում նման իրավիճակները խոչընդոտում են նաև այլ լրագրողների բնականոն գործունեության իրականացմանը»,-ասաց Հովհաննիսյանը:

Պատգամավորները դրա համար նախաձեռնել են այս օրենսդրական փոփոխությունը: Ըստ պատգամավորի՝ դա պետք է դիտարկել որպես տեխնիկական փոփոխություն, քանի որ բովանդակային առումով հարցը քննարկվել է նախորդ օրենքի նախագիծը քննարկելիս:

Այսպիսով` առաջարկվում է նման ձևակերպում. «Լրագրողի հավատարմագրումը կարող է դադարեցվել նրան հավատարմագրման ներկայացրած լրատվական գործունեություն իրականացնողի դիմումով կամ նրան հավատարմագրած պետական մարմնի կողմից: Ընդ որում, լրագրողին հավատարմագրած պետական մարմնի կողմից սեփական նախաձեռնությամբ հավատարմագրումը կարող է դադարեցվել միայն, եթե հավատարմագրման դադարեցման՝ սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված  (այսինքն՝ աշխատանքային կանոնների խախտման համար) կանոնների խախտման համար գրավոր նախազգուշացվելուց հետո մեկ տարվա ընթացքում լրագրողը կրկին խախտում է սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված կանոնները:»:

Պատգամավորը պարզաբանեց՝ խախտումն արձանագրվելու է աշխատանքային գոտում, այդ խախտման վերաբերյալ աշխատակազմը տեղեկացնելու է տվյալ լրատվական գործունեություն իրականացնողին, և, եթե դրանից հետո 1 տարվա ընթացքում ևս մեկ անգամ կրկնվի խախտումը, և լրատվական գործունեություն իրականացնողը չդադարեցնի տվյալ լրագրողի հավատարմագրումը՝ լրագրողին փոխելու հնարավորությամբ, ապա այդ դեպքում  աշխատանքային բնականոն միջավայրը վերականգնելու համար պետական մարմինը կդադարեցնի այդ լրագրողի հավատարմագրումը: «Այսինքն՝ մենք արձանագրում ենք, որ լրատվամիջոցը չի զրկվում տվյալ պետական մարմնում գործունեություն իրականացնելու իր իրավունքից, և որևէ իրավունք չի ոտնահարվում: Հնարավորություն է տրվում լրատվամիջոցին տվյալ լրագրողին փոխարինել այդ լրագրողով: Ես կարծում եմ՝ սա փոփոխություն է պետական մարմիններում համակեցության կանոնները պահպանելու մասին, լրագրողների բնականոն աշխատանքը ապահովելու մասին»,-ասաց Հովհաննիսյանը:

Օրենքում առաջարկվում է ամրագրել նաև, որ հավատարմագրման կարգի եւ տվյալ մարմինների աշխատակարգի կանոնների խախտումը լրագրողի հավատարմագրման դադարեցման հիմք է: Ըստ Հովհաննիսյանի՝ ԱԺ-ում ճեպազրույցների ընթացքում որոշ լրագրողների կողմից ամենատարբեր խախտումներ են լինում, որոնք խաթարում են ճեպազրույցի ընթացքը, մյուս գործընկերների աշխատանքը:  Պատգամավորը միևնույն ժամանակ նշեց բազմաթիվ բարեխիղճ լրագրողների առկայության մասին:

Պատգամավոր Գևորգ Պապոյանն էլ կարծիք հայտնեց, թե հանրության աչքում երբեմն լրագրությունը ասոցացվում է որոշ լրագրողների վարքագծի հետ: «Հետևաբար, այս նախագիծն այն հարյուրավոր իրապես բարձր պրոֆեսիոնալ լրագրողների համար է, որոնք պետք է չմտածեն, որ առանձին մարդիկ կարող են իրենց ոչ հարիր վարքագծով մի ամբողջ համայնքի անվան հետ խաղալ»,-ասաց նա:

Leave a Response