«Պուտինին աջակցող մարդկանց թիվը շատ ավելի մեծ է, քան անօրինական բողոքների ակցիաներին մասնակցողներին». Պեսկով
![](https://gmpress.am/wp-content/uploads/2021/01/5954111.thumb_-750x450.jpg)
Հնարավոր չէ ցնցել իրավիճակը Ռուսաստանում, քանի որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին աջակցող մարդկանց թիվը շատ ավելի մեծ է, քան անօրինական բողոքների ակցիաներին մասնակցողներին: Նման կարծիք է հայտնել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Մոսկվա, Կրեմլ, Պուտին» հաղորդման համար Պավել Զարուբինին տված հարցազրույցում:
Մեկնաբանելով Պուտինի ենթադրյալ պալատի վերաբերյալ «այսպես կոչված բացահայտումները»՝ Կրեմլի խոսնակը նշել է, որ դրանք ձեռնտու են «նրանց, որոնք ցանկանում են իրավիճակն ավելի ցնցել», բայց «իրականում (այն) չի ցնցվում»:
«Հիմա շատերը կասեն, որ շատ մարդիկ են դուրս եկել ապօրինի գործողությունների: Ոչ, քիչ մարդիկ են դուրս եկել, շատ մարդիկ քվեարկել են Պուտինի օգտին»,-շեշտել է Պեսկովը`հիշեցնելով, որ շատ քաղաքացիներ նաև կողմ են քվեարկել Սահմանադրության փոփոխություններին:
«Եթե համեմատեք թվերը, կհասկանաք, թե ինչքան քիչ մարդ է (մասնակցում ցույցերին)»,-ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը:
Միաժամանակ նա ընդգծել է, որ «նրանք նույնպես Ռուսաստանի քաղաքացիներ են»:
«Ես հարգում եմ բոլոր տեսակետները, բայց ես կտրականապես դեմ եմ անօրինական ակցիաներին մասնակցելուն, քանի որ այլ գնահատական լինել չի կարող. սա օրենքի խախտում է»,-եզրափակել է Կրեմլի խոսնակը: