Կյանքը de factoՀասարակություն

Պռոշյան–Դեմիրճյան փողոցի միջադեպի առթիվ հարուցվել է քրեական գործ, բերման է ենթարկվել 11 անձ․ Ոստիկանություն

104views

Ոստիկանությունը հայտարարություն է տարածել հունիսի 3-ին Երևանի Պռոշյան–Դեմիրճյան փողոցում ոստիկանների և ցուցարարների միջև տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ։ Հայտարարությունում ասվում է․

«Հունիսի 3-ին Երևանի Դեմիրճյան-Պարոնյան փողոցների խաչմերուկում անհնազանդության ակցիայի կազմակերպիչների հնչեցրած կոչերի արդյունքում ակցիայի մասնակիցները դրսևորել են ոչ իրավաչափ վարքագիծ։ Մասնավորապես, չեն ենթարկվել հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին, բռնություն են գործադրել նրանց նկատմամբ, ինչպես նաև ոստիկանության ծառայողների ուղղությամբ նետել են շշեր, քարեր և մետաղե առարկաներ։ Տեղի ունեցածի հետևանքով, ժամը 23.00-ի դրությամբ, վնասվածքներով տարբեր բուժհաստատություններ  են տեղափոխվել ոստիկանության 34 ծառայող և 16 քաղաքացիական անձ։ Բերման է ենթարկվել 11 անձ: Հարուցվել է քրեական գործ։ Կատարվում է նախաքննություն»։

Հիշեցնենք, որ ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները այսօր՝ հունիսի 3-ին, նախաձեռնել էին ԱԺ արտահերթ նիստ, որի օրակարգում ԱԺ հայտարարության նախագիծն էր՝ հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական հարաբերությունների կապակցությամբ, սակայն ՔՊ-ական պատգամավորները չեն ներկայացել նիստին եւ տապալել են այն: Նիստը վարող ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ գրանցումը շարունակվում է մինչև անհրաժեշտ թվով պատգամավորների գրանցումը, բայց ոչ ավելի, քան 4 ժամ: 4 ժամը լրացել է ժամը 20։00–ին։

Դրանից հետո ընդդիմադիր պատգամավորները վերադարձել են Ֆրանսիայի հրապարակ, որտեղից էլ երթով հասել են Կառավարության շենք եւ շրջափակել բոլոր մուտքերը:

«Որեւէ մեկը շենք մտնելու փորձ չանի: Կառավարության բոլոր 6 մուտքերը փակում ենք, հետո ես կվերադառնամ էստեղ, մեր բոլորի պահանջը կհնչեցնեմ: Ոստիկանների հետ կոնֆլիկտի մեջ չենք մտնում»,- հայտարարել էր Սաղաթելյանը:

Մոտ երեք ժամ անց շարժման անդամները բացեցին Կառավարության բոլոր մուտքերը եւ շարժվեցին դեպի Կառավարական առանձնատուն, որտեղ՝ ըստ Իշխան Սաղաթելյանի, գտնվում էր Նիկոլ Փաշինյանը։

«Եկել ենք այստեղ մեկ պահանջով՝ դուրս արի եւ պատասխանիր ժողովրդի հարցերին։ Եթե ռիսկ չես անում դուրս գաս, ասա քեզ հարմար տեղ ու ժամ։ Դու պետք է պատասխանես այս հարցերին։ Եթե ոչ, րոպե առաջ պետք է հեռանաս։ Այսպես փախնելով իշխանությունը երկար պահել հնարավոր չէ»,- առանձնատան դիմաց հայտարարեց ԱԺ փոխխոսնակ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

Երբ ցուցարարները ցանկանում էին շարժվել դեպի Ազգային ժողով, ոստիկանները հրաժարվեցին բացել ճանապարհը, ոստիկանների եւ ցուցարարների միջեւ սկսվեց բախում։ Ոստիկանները բիրտ ուժ կիրառելով, անգամ հարվածներ հասցնելով բերման ենթարկեցին բազմաթիվ ցուցարարների։ Նրանք նաեւ հատուկ միջոցներ կիրառեցին, մասնավորապես՝ ծխարձակող, լուսաձայնային նռնակներ։ Բազմաթիվ քաղաքացիների ինքնազգացողությունը վատացավ, այդ թվում՝ մեկ ոստիկանի։ Երկու տասնյակ քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց։

Leave a Response