ՌԴ և ՀՀ պաշտպանության նախարարները հեռախոսազրույց են ունեցել․ Վաղարշակ Հարությունյանը ներկայացրել է ադրբեջանական ԶՈՒ սադրանքների հետևանքով ստեղծված իրադրությունը և հայկական կողմի գործողությունները
![](https://gmpress.am/wp-content/uploads/2021/02/6666666666666666-n191714-1-1-e1613059763241.jpg)
Ռուսաստանի պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն մայիսի 19-ի երեկոյան հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ, նրանք քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով ՌԴ պաշտպանության նախարարությանը:
«Զրույցի ընթացքում քննարկվել է իրավիճակը տարածաշրջանում և այն շրջաններում, որտեղ ռուսական խաղաղապահ առաքելությունը կատարում է իր հանձնարարությունները, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր»,-ասվում է հաղորդագրության մեջ:
ՀՀ ՊՆ-ն էլ հայտնում է, որ Վաղարշակ Հարությունյանը ներկայացրել է ադրբեջանական զինված ուժերի սադրանքների արդյունքում ստեղծված իրադրությունը և հայկական կողմի գործողությունները։ Երկուստեք կարևորվել է խնդրի խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը։ Միևնույն ժամանակ, ՀՀ պաշտպանության նախարարը շեշտել է, որ ոտնձգությունները Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների հանդեպ բացարձակ անընդունելի են և ադրբեջանցի զինվորականները պարտավոր են վերադառնալ ելման դիրքեր։