Հայ Առաքելական եկեղեցին հունվարի 6-ին նշում է Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնը: Հունվարի 5-ի երեկոյան բոլոր եկեղեցիներում տոնական պատարագ է մատուցվել՝ ի նշան Սուրբ ծննդյան հայտնության: Պատարագից հետո հավատացյալները եկեղեցիներից վառված մոմեր են տարել տուն:
Հունվարի 6-ի առավոտյան մատուցվում է Սուրբ Պատարագ, որից հետո կատարվում է Ջրօրհնեքի կարգ (ըստ ավանդույթի` խաչը ջուրն իջեցնելը խորհրդանշում է Հիսուսի Հորդանան գետը մտնելը): Պատարագիչը խաչով, ապա՝ մյուռոնով օրհնում է ջուրը և հավատացյալներն այդ ջրից տուն են տանում՝ որպես օրհնություն ու բուժիչ դեղ հիվանդների համար: Այնուհետև քահանան այցելում է հավատացյալների տներն` ավետելու Հիսուս Քրիստոսի Ծնունդը: Այստեղից էլ առաջացել է Տնօրհնեքի կարգը: