ԳլխավորԿյանքը de factoՀամայնքներ

Բոլոր գյուղերի ‹‹բնավորությունները›› տարբեր են. Մ. Հայրապետյան

28.2kviews

Հայաստանի Արարատի մարզի Բերքանուշ գյուղը հիմնադրվել է 1828 թվականին՝  Խոյի գավառից գաղթած մեր նախապապերի կողմից, որից հետո`  1915 թվականին  Վանից գաղթած արևմտահայերը և 1940 թվականին Իրանից հայրենադարձները համալրել են գյուղի բնակչության կազմը: Մարզկենտրոնից 2կմ. հարավ-արևմուտք գտնվող Բերքանուշում գյուղացիների հիմնական զբաղմունքը հողագործությունն է, մասնավորապես՝ այգեգործությունն ու բանջարաբուծությունը: Անասնապահությամբ ևս զբաղվում են, սակայն Հյուսիս-Հարավ մայրուղու կառուցումը վերջերս մեծ դժվարություններ է ստեղծել գյուղացիների համար՝ անասուններին արոտավայր տանելու և նաև այլ հարցերի հետ կապված: Այս առումով համայնքի ղեկավար Մանվել Հայրապետյանը մեզ հետ զրույցում ասաց. ‹‹Մեր խնդրանքով վարչապետն ընդառաջել է, նախագահին էլ են տեղյակ պահել խնդրի մասին և արդեն իսկ մեր հարգարժան մարզպետի գլխավորությամբ աշխատանքներ են տարվում այդ ուղղությամբ. հիմա նախագծային փուլում է մայրուղու վրայով չորս գյուղերի համար կամուրջ կառուցելը: Դա միջպետական նշանակության ճանապարհ է, ուստի անվտանգությունից ելնելով ավելի շատ կամուրջներ չի էլ թույլատրվում կառուցելը: Մասնագետների եզրակացության համաձայն` կառուցման աշխատանքները կտևի մեկ կամ մեկուկես տարի, իսկ մինչ այդ պետք է հարցին այլ կերպ լուծում տրվի: Երևի ճանապարհի վրա, տրանսպորտային անվտանգության կանոնները պահպանելով, իհարկե, ժամանակավոր անցման, շրջադարձի տեղ թողնվի՝ մինչև կամուրջի կառուցումը կավարտվի››:

Անդրադառնալով գյուղում խմելու, ոռոգման ջրերի, ասֆալտապատման և փողոցային լուսավորության , ինչպես նաև գյուղական համայնքներին բնորոշ այլ խնդիրներին՝ գյուղապետը նշեց, որ գլխավոր  մայրուղին ամբողջովին ասֆալտապատված է, բայց  գյուղի ճանապարհներն ամբողջությամբ ասֆալտապատելու համար մեծ ֆինանսական միջոցներ են հարկավոր, իսկ միայն համայնքային բյուջեով դա անհնար է իրականացնելը: Բայց, իհարկե, խճապատման ընթացիկ վերանորոգումներ մշտապես կատարվել և կատարվում են. անձրևային եղանակներից հետո նախատեսված է ճանապարհների բարեկարգումը, քանի որ անցած և նախանցած տարիներին 4700 մետր խմելու ջրի ջրագծեր անցկացնելու հետևանքով, ինքըստինքյան, ճանապարհների վիճակը վատթարացավ: Մինչ այդ ճանապարները խճապատված, նորմալ վիճակում էին. ‹‹Այդ ուղղությամբ մշտապես մտածում ենք՝ չցանկանալով , որ բնակիչները, առավել ևս, երեխաները ջրափոսերի մեջ ընկնեն:

Լուսավորությունը նորմալ է, մութն ընկնելուն պես լույսերը միացվում են մինչև գիշերվա ժամը 12-ը: Խմելաջրի  խնդիր չունենք: Կան ոռոգման ցանցի  հետ կապված խնդիրներ: Ես անձամբ խնդրել եմ մարզպետին, որ երբ ներդրումային ծրագրեր լինեն մարզում՝ մեր համայնքն էլ ներգրավվեն, որպեսզի ոռոգման ջրի կորուստներ չունենանք այլևս: Լավատեսորեն ենք տրամադարված, տեսնենք, տա Աստված խաղաղություն լինի՝ մնացածը կամաց-կամաց կշտկվի: Ամեն ինչ կախված է խաղաղությունից՝  և՛ աշխատանք կատարելը և՛ դրան լծվելը:  Շատ կարևոր է տրամադրվածությունը, որ թևաթափ չլինես: Փորձը ցույց է տվել, որ հենց սահմանին վիճակը սկսվում է լարվել՝ աշխատանքի տեմպերը սկսում են նվազել կամ առհասարակ կանգ առնել. օրինակ՝ անցած տարի ընդհանուր գյուղից նույնիսկ մեկ շինարարության թույլտվություն չեմ տվել, անգամ ճարտարապետական-նախագծային հանձնարարական չեն ուզել, իսկ նախորդ տարիներին շինարարության ծավալները բավականին շատ են եղել: Ես տեսնում եմ, որ ժողովրդի տրամադրվածությունը պատերազմական իրավիճակից է գալիս, նաև արտագաղթի տեմպերն էլ են շատանում այդ ժամանակ: Դրա համար Աստծուց խնդրենք, որ խաղաղություն տա Հայաստան աշխարհին:

Քանի որ խոսք գնաց արտագաղթից, պետք է նկատեմ, որ Բերքանուշում այդ երևույթը համարյա թե չկա, մեզ մոտ ընդհանրապես աճ է գրանցվել՝  2126 բնակչից մոտավորապես  200 հոգի են բացակայում գյուղից՝ այն էլ ժամանակավոր արտագնա աշխատանքի են մեկնել, ընդամենը մեկ ընտանիք է ընդմիշտ հեռացել այստեղից:

Տարեկան միջին ծնելիության թիվը մեզ մոտ միշտ եղել է 27-30, այսօր իջել է մակարդակը՝ հասնելով տարեկան միջինը 20 երեխայի: Ես դա ավելի շատ կկապեմ իրավիճակի հետ, միայն սոցիալական գործոնը չէ պատճառը: Այ, սոցիալականով պայմանավորված, իրոք, կան մարդիկ, որ, նամանավանդ, այդ խրախուսող միանվագ նպաստներից ոգևորված (սրանք իմ սեփական դիտարկումներն են) երրորդ երեխան են ունենում, որ մեծ գումար ստանան, թեկուզ ես դա, այսպես ասած, խրախուսում եմ, որովհետև գոնե երրորդը պիտի լինի, ըստ իս, երկուսը ծնողների փոխարեն են, երրորդը՝ աճն է: Այդ աճն այսօր ունենք՝ վերոնշյալ գործոնի շնորհիվ. երրորդ երեխա ունեցողներն արդեն զգալիորեն շատացել են››:

‹‹ Դպրոց, մանկապարտեզ մեր վարչատարածքում չունենք, միշտ էլ եղել է Բաղրամյանի հետ, մեր երկու գյուղը 1952-53թթ.-երին համատեղ մեկն է եղել և կոչվել է Բուդյոնու անվան կոլտնտեսություն: Դրանց գյուղխորհրդի շենքերը, մանկապարտեզը, դպրոցը մեկ են եղել, որը տևել է մոտավորապես մեկ-երկու տարի, հետո բաժանվել է նորից Բերքանուշ- Բաղրամյանի (մինչ այդ էլ էին առանձին): Այդ առումով ‹‹գյուղերի բնավորությունը›› մի քիչ մոտ է իրար, ասեմ, որ բոլոր գյուղերի բնավորություններն են տարբեր՝ իրենց նիստուկացով, մեծի հանդեպ հարգանքով,մոտեցում և այլն և այլն: Դրա համար այսօր այդ համայնքների խոշորացումը, չեմ կարծում, որ լավ արդյունք կտա, ավելորդ լարվածություններ է առաջանալու, իրոք չի մերվի՝ ամեն ժողովուրդ իր բնավորությունն ունի: Եթե համայնքների միություն ստեղծվի՝ իր նախագահով, բայց համայնքապետարանները էլի նույն կարգի լինեն, իսկ միությունն էլ իր խորհուրդը ունենա, որ կկազմեն համայնքապետերը,  որոնցից մեկը, ով ավելի օբյեկտիվ ու անաչառ կլինի գործի նկատմամբ՝ կընտրվի միության նախագահ և ֆինանսավորումը կստանա համայնքների միությունը, ոչ թե, ասենք, ներդրումը կատարվի ամեն համայնքին առանձին-առանձին, որն էլ օգտագործվի ոչ լիարժեք, փոշիացվի կամ այն օգուտը չբերի ժողովրդին (վերջիվերջո ամեն ինչ արվում է ժողովրդի համար)՝ այս դեպքում հնարավոր է լավ լինի:

Երբ մեր տեղը շատ կլինի, կունենանք շունչ քաշելու ժամանակ՝ նոր կզբաղվենք բարեփոխումներով: Եթե դրանք ստացվեն, փառք կտանք Աստծուն, եթե ոչ՝ գոնե հետ չենք գնա, առանց այն էլ հետ գնալու տեղ չկա››:

Ժամանցային հաստատություն բնակիչների համար գյուղում չկա, փոխարենը՝ Մշակույթի տանը խմբակներ են գործում, խաղասենյակ կա, որտեղ բնակիչներն իրենց երեկոյան ազատ ժամանակն են անցկացնում: Ինչպես հավաստում է Մանվել Հայրապետյանը՝ այս տարվա պլանների մեջ է մտնում խաղասենյակի վերանորոգումը, Մշակույթի տան 3-4 սենյակների բարեկարգումը, որոնք նախատեսված են երաժշտական գործիքների խմբակներ ստեղծելու համար. ‹‹Դաշնամուրների հարցն արդեն լուծված է, հետո հայտարարություն կտանք, երևի արդեն սեպտեմբերին՝ նոր ուսումնական տարվա սկզբին երաժշտական խմբակ կունենանք: Ես պետք է դեռ դիմեմ՝ երաժշտական խմբակն ավարտողներին համապատասխան վկայական տալու խնդրանքով: Այս 4 սենյակները հենց այդ նպատակով ենք վերակառուցել: Դուդուկ, ջութակ դաշնամուր…այս երեքն եմ դեռ մտածել, մնացածն արդեն ընթացքում կտեսնենք: Աստված հաջողի այսքանն էլ, որ կատարենք՝ առաջընթաց է:

Ինչ վերաբերում է մնացած ծրագրերին, որ նախատեսված են ավարտել մինչև տարեվերջ՝ ինչպես արդեն նշեցի սկզբում՝ փողոցի բարեկարգման աշխատանքներն են, դաշտամիջյան ճանապարհների բարեկարգումը պետք է պարտադիր կատարվի, խճապատում, գյուղի ներսում՝ կոպճապատում, փողոցային լուսավորությունը՝ 100 գծամետր տարածքով ավելացնելը և այլն››:

Վերջում համայնքի ղեկավարը մեզ հետ կիսվեց իր մտահոգություններով և դրանց լուծման սեփական տարբերակով. ‹‹Կուզենայի, որ նպաստների համակարգը փոփոխվի, մեր սոցիալական վիճակը նպաստների բալերով չգնահատվի ընդհանրապես,  մեր կարգավիճակը սկուտեղի վրա չհրամցնենք չուզողներին, ընդհանրապես նպաստը տրվի երեխաներին, բացի դա էլ, եթե կան կոմպեսացման պահեր, միայնակ թոշակառուների ընտանեկան նպաստը տրվի նրանց ու նաև վետո դրվի. թող նպաստ տան նրանց, ովքեր դրա կարիքն իսկապես ունեն, բայց դա էլ չի նշանակում, որ մարդ պետք է տկլոր պատերի տակ նստի, ոչինչ չունենա, հետո կողքից էլ իմանան, որ այդքան տկլոր մա՞րդ ունենք մենք: Ավելի լավ չի՞ երեխաներին տան, որն ավելի արդարացի է, քան հիմա է՝ դա թաքցրին, դա մեքնենա ունի՝ ցույց չի տալիս և այլն և այլն: Այսինքն՝ չլինի այնպես, ինչպես ասում էր մեր երջանկահիշատակներից մեկը՝ մեկն իր անունով չգրանցած ավտոմեքենա ունենա՝ նպաստ ստանա, մյուսն էլ գրանցած ‹‹էշի կաշկա ›› ունենա ՝ չստանա՞: Այսպիսի վիճակ է, դրա համար համակարգը պետք է փոխվի, կրկնեմ ևս մեկ անգամ՝ նպաստը տրվի երեխաներին, որն ավելի ճիշտ ու արդարացի կլինի:

Շատ բաներ կան ասելու, այս տարիների ընթացքում տեսել եմ ամեն մանրուք, երբ իրականում մանրուք չկա ինձ համար, դետալներ են, որոնք չլինելու դեպքում այդ մեխանիզմը չի աշխատելու, ինչքան էլ որ փոքր լինի՝ դետալը մնում է դետալ, դրա համար դրանք պետք է տեղը տեղին օգտագործվեն, որպեսզի մեքենան նորմալ շահագործվի. երկիրն էլ մեքենայի պես մի բան է էլի››:

Մերի Եղիազարյան

Leave a Response