Կյանքը de factoՀասարակություն

Իրադրությունը հայ–ադրբեջանական սահմանին ծայրահեղ լարված է, դիրքային մարտերը շարունակվում են, հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ․ ՊՆ (լրացվում է)

508views

Առավոտյան 8-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին էական փոփոխություններ չի կրել։ Հակառակորդը շարունակում է Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի և Կապանի ուղղություններով կիրառել հրետանային միջոցներ, ականանետեր, ԱԹՍ-ներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ՝ թիրախավորելով թե՛ ռազմական և թե՛ քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սահմանի որոշ հատվածներում դիրքային մարտերը շարունակվում են, հակառակորդը չի դադարեցնում առաջխաղացման փորձերը։

07։55

Հայաստանի տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի առնչությամբ Կառավարությունն արդեն դիմել է Ռուսաստանին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը: Այս մասին հայտնել են ՀՀ վարչապետի աշխատակազմից:

06։30

ԱՄՆ-ը մտահոգված է Հայաստանի քաղաքացիական բնակավայրերի վրա հարձակումներով և կոչ է անում դադարեցնել ռազմական գործողությունները

 

05:59

Արարատ Միրզոյանը Սերգեյ Լավրովին տեղեկացրել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակի մասին. ԱԳՆ

05:54

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ․ նա ԱՄՆ պատրաստակամությունն է հայտնել ջանքեր գործադրել իրավիճակը կայունացնելու ուղղությամբ

05:46

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Քերըն Դոնֆրիդի հետ, ներկայացրել է Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը:

05։30

ՊՆ–ն հայտնում է, որ ժամը 05։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին փոփոխություններ չի կրել, հակառակորդը շարունակում է Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Կապանի և Գորիսի ուղղություններով կիրառել հրետանային միջոցներ, ականանետեր, ԱԹՍ-ներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, թիրախավորելով ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական ենթակառուցվածքներին։

04:36

Տեղի է ունեցել ՀՀ ԱԽ նիստ․«Որոշում է կայացվել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիայի առնչությամբ պաշտոնապես դիմել Ռուսաստանի Դաշնությանը՝ Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագրի դրույթները գործողության մեջ դնելու նպատակով, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին»:

04:10

«Ժամը 4–ի դրությամբ՝ իրադրությունը հայ–ադրբեջանական սահմանին շարունակում է մնալ ծայրահեղ լարված, ադրբեջանական կողմը ձեռնարկել է դիրքային առաջխաղացման գործողություններ, դիրքային մարտերը շարունակվում են»,–հայտնում է Պաշտպանության նախարարությունը։

03։40

Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Մակրոնի հետ, վերջինս շեշտել է իրավիճակը լիցքաթափելու անհրաժեշտությունը։

03։05

Հայկական կողմ ունի զոհեր և վիրավորներ, տվյալները ճշտվում են․ Պաշտպանության նախարարությունն է հայտնում․«Հրետակոծման են ենթարկվել Սոթքի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի և Իշխանասարի ուղղությամբ տեղակայված դիրքերը։ Հարվածներ են հասցվում նաև քաղաքացիական ենթակառուցվածքներին։

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանումներն ամբողջ ծավալով կատարում են իրենց առջև դրված մարտական խնդիրները։

Ադրբեջանի պաշտպանության նախարարության պնդումները, թե հրետակոծությունն սկսել է հայկական կողմը, բացարձակ կեղծ են։ Ավելին՝ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունն այս սադրանքի համար վերջին օրերին ակնհայտ տեղեկատվական հենք էր նախապատրաստում, ինչի վկայությունն էին ամենօրյա ռեժիմով հրապարակվող ապատեղեկատվությունները՝ իբր հայկական կողմի գնդակոծությունների վերաբերյալ։ Ինչպես բոլոր այդ դեպքերում, վերջին, լայնածավալ սադրանքի պարագայում նույնպես այն նախաձեռնել է Ադրբեջանի զինված ուժերը։

Հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ։ Տվյալները ճշտվում են»։

02։40

ՀՀ վարչապետ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Պուտինի հետ։ Նրան է ներկայացրել Ադրբեջանից կողմից Հայաստանի սուվերեն տարածքի ուղղությամբ սադրիչ գործողությունները

01։50

Ադրբեջանական կողմի լայնածավալ սադրանքի արդյունքում սկսված ինտենսիվ փոխհրաձգությունը շարունակվում է։ ՀՀ զինված ուժերը համարժեք պատասխան են տալիս։ Հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

01։04

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի,Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարը։

Հակառակորդը կիրառում է նաեւ ԱԹՍ-ներ:

Leave a Response