Իրականության մութ անկյուները
Շարունակում եմ կարդալ ձեր մտքերը՝ աչքերի մեջ նայելով,
Ու գիտեմ հաջորդ հարցը, որ հնչելու է ձեզանից,
Այո՛, բացառություններ չեն լինում՝ ես չեմ տարբերվում ոչնչով,
Ուղղակի իմ կյանքում ես դժգոհ եմ միայն ինձանից։
Ու հասկացել եմ, որ կյանքում պետք չէ փնտրել արդարություն,
Պետք է ձգտեք գույները փոխել, երբ շուրջդ տիրում է նույնություն,
Աստված ոմանց տվել է հաջողության բանալին և ցույց տվել ուղղություն,
Իսկ ոմանք այդ դուռը բացում են լինգով՝ նրանց Աստված տվել է ցանկություն։
Ձեզ վախեցնում է ժանտախտի օրոք տիրող խնջույքը,
Իսկ ես մահացու հիվանդության պես եմ միշտ սիրում,
Դուք միայն հարստության մեջ եք գտնում հաճույքը,
Իսկ ես՝ երբ գրպանում պատահական կոնֆետ եմ գտնում։
Ես մտածում էի, թե հոգին քարից է, բայց գետի հոսքը քարն էլ է տաշում,
Ինձ թվում էր, թե կրծքիս ցավը սրտից է, բայց ներսումս դատարկություն է տիրում,
Այրվում է երկնքում աստղ լուսեղեն, իսկ ոտքերիս տակ սառույցն է բարակում,
Այս կյանքում, ով մտածում է ուրիշ կերպ՝ միշտ հայտնվում է վանդակում։
Թերթե’ք հիմա էջն ու ինքնե’րդ ընտրեք վերնագիր ձեր կյանքի համար.
Կուզե՛ք վերնագրեք՝ «Ճշմարտություն անմար», կուզե’ք՝ «Կեղծիք տկար»,
Իսկ ես կշարունակեմ կյանքը սովորել մահացածներից,
Ինչպես Համլետը սովորեց կյանքն իր հոր ստվերից։
Գուցե հիմա ձեր աչքերում ես հրեշի պատկեր եմ ստացել,
Բայց դուք իմ համար թափանցիկ եք վաղուց,
Ես շատ վաղուց ձեր բոլոր մտքերը գրքի պես եմ սերտել,
Ես ոչինչ չունեմ սովորելու ձեր դատարկ հոգուց։
Դուք կրկին հրաժարվում եք նկատել ձեր գործած մեղքերը,
Իսկ իմ ճամփին միայն փշեր են՝ ես դադարել եմ աստղեր որոնել,
Վերցրե’ք վրձինը ձեռքներդ՝ նկարե’ք այս աշխարհի իրական պատկերը,
Մի’ անգամ ձեր կյանքում փորձեք ինքներդ ձեզ չստել։
Աղվան Հարությունյան




