Կյանքը de factoՄիջազգայինՊաշտոնական

Լավրովն ու Աբդոլլահիանը կողմ են «3+3» ձևաչափով աշխատանքի արագ վերսկսմանը. ՌԴ ԱԳՆ

314views

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հեռախոսազրույցում քննարկել են «3+3» ձևաչափը (Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Իրան, Ռուսաստան, Թուրքիա) և կողմ  արտահայտվել Հարավային Կովկասի վերաբերյալ այդ ձևաչափով համատեղ աշխատանքի վերսկսմանը։

Այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։

«Նախարարները հանդես են եկել Հարավային Կովկասի համար «3+3» խորհրդատվական տարածաշրջանային հարթակի շրջանակում համատեղ աշխատանքի արագ վերսկսման օգտին»,- հայտնում են գերատեսչությունից։

Հիշեցնենք, որ երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ Հայաստանը պատրաստ է տարածաշրջանային «3+3» ձևաչափով հանդիպումներին:

«Մենք պատրաստ ենք շարունակել այդ ֆորմատում աշխատանքը և, իմիջիայլոց, ասեմ, որ նաև կարևորում ենք: Ինչո՞ւ ենք կարևորում, որովհետև այնպես չստացվի, և սա մեզ համար երբեմն կրկնվող պրոբլեմ է, որ մենք տարածաշրջանային օրակարգն անընդհատ քննարկում ենք հեռու տեղերում, և չենք քննարկում այս տարածաշրջանում, որովհետև, այնուամենայնիվ, հասկանում ենք, իհարկե, միջազգային հանրությունը, մեր գործընկերությունը բոլոր գործընկերների հետ շատ կարևոր է, բայց հանկարծ տպավորություն չստեղծվի մեր տարածաշրջանում, թե մենք մեր տարածաշրջանի երկրների և հարաբերությունների նկատմամբ ունենք, այսպես ասած, քամահրական վերաբերմունք: Ոչ, ամենևին այդպես չէ, և ընդհակառակը, մեր արտաքին քաղաքականության նրբություններից մեկն այն է, որ կարևորում ենք հենց տարածաշրջանային հարաբերությունները՝ դրանք դուրս չդնելով միջազգային հարաբերությունների ընդհանուր կոնտեքստից»,-նշել է Փաշինյանը՝ հավելելով, որ ժամանակին նաև ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ «3+3» ձևաչափի հաջորդ հանդիպումը տեղի կունենա Թեհրանում:

«Մենք պատրաստ ենք, իհարկե, դեռ պետք է լրացուցիչ քննարկվի: Նախ՝ հանդիպումները գոնե մինչև այս պահը տեղի են ունեցել Արտաքին գործերի նախարարի տեղակալի մակարդակով, հիմա նաև պետք է ճշգրտվի, թե ինչպիսի՞ն է կողմերի ընկալումը, ի՞նչ մակարդակով է պետք շարունակել խոսակցությունը»,-ընդգծել է Փաշինյանը՝ ավելացնելով, որ Հայաստանն այդ ֆորմատում ընդգրկվել է և մինչև այս պահը չի եղել այնպիսի մի դեպք, որ այդ ֆորմատով քննարկումները հետաձգվեն կամ տեղի չունենան հայկական կողմի պատճառով:

Leave a Response