ԱրժեքներԳլխավոր

Կայացավ «Էլեկտրոնների, պոզիտրոնների, նեյտրոնների և ռենտգենյան ճառագայթների ցրումը արտաքին ազդակների առկայությամբ» VI միջազգային գիտաժողովը

7.6kviews

Սույն թվականի հոկտեմբերի 21-26-ը  ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի Կիրառական պրոբլեմների ինստիտուտն անցկացրեց «Էլեկտրոնների, պոզիտրոնների, նեյտրոնների և ռենտգենյան ճառագայթների ցրումը արտաքին ազդակների առկայությամբ» VI ավանդական, միջազգային գիտաժողովը:

Լուսանկարը՝ gmpress.am-ի
Լուսանկարը՝ gmpress.am

Միջազգային գիտաժողովի պաշտոնական մեկնարկը տրվեց հոկտեմբերի 21-ին՝ ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի Կիրառական պրոբլեմների ինստիտուտում, որին մասնակցեցին անվանի ֆիզիկոսներ, երիտասարդ մասնագետներ՝ Հայաստանից, Ռուսաստանի Դաշնությունից, Լեհաստանից, ինչպես նաև՝ ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամներ:

Հիշեցնենք, որ 1980-ական թվականներից ինստիտուտի հիմնադիր, ակադեմիկոս Ալպիկ Ռաֆայելի Մկրտչյանի նախաձեռնությամբ կազմակերպվել են պարբերական «Մոդուլյացիոն մյոսբաուէրյան սպեկտրասկոպիա» և «Էլեկտրոնների, պոզիտրոնների, նեյտրոնների և ռենտգենյան ճառագայթների ցրումը արտաքին ազդակների առկայությամբ» միջազգային գիտաժողովները, որոնք տեղի են ունեցել Երևանում, Սևանում և Մեղրիում: Այսօր էլ, շարունակելով ավանդույթը, ինստիտուտի ներկայիս տնօրեն, ՀՀ ԳԱԱ թղթ. անդամ,պրոֆեսոր Արտակ Մկրտչյանի նախաձեռնությամբ վերսկսվելով 2009թ.-ից դրանք տեղի են ունենում երկու տարի պարբերականությամբ:

Լուսանկարը՝ gmpress.am-ի

gmpress.am-ի հետ զրույցում ՀՀ ԳԱԱ թղթ. անդամ, պրոֆեսոր Արտակ Մկրտչյանը խոսելով գիտաժողովի մասին, նշեց, որ դրանք անց են կացվում երկու տարին մեկ անգամ պարբերականությամբ, իտալացիների  հետ ևս համատեղ գիտաժողով ունեն՝ համատեղելով դրանք՝ 1 տարի այստեղ, մի տարի Իտալիայում: Նա  ասաց նաև, որ առաջ գիտաժողովը միանգամից Մեղրիում էր անցկացվում, բայց քանի որ որոշ մարդիկ զբաղվածության պատճառով չեն կարողանում այնտեղ գնալ, ասենք օրինակ՝ ԿԳՆ-ից, ԳԱԱ-ից, նրանց համար է հենց  անցկացվում այս երևանյան հատվածը. «Ժամանակի հետ դժվարանում է՝ գիտաժողովների կազմակերպման հետ կապված հարցերը՝ գիտությանը տրվող ցածր ֆինանսավորման պատճառով և դա ոչ միայն մեզ մոտ, այլ նաև մյուս երկրներում: Կոնկրետ այս գիտաժողովի մասով ասեմ, որ պետության կողմից տրվող ֆինասավորումն ամբողջի գրեթե  1/10-ն է կազմում,  մնացածը մեր ուժերով ենք արել: Մասնակցության տեսանկյունից արդյունքներն ուրախալի են և հուսադրող. մասնակիցների քանակը տարեցտարի ընդլայնվում է, այս տարի լեհական կողմն էլ միացավ մեզ, չինացիներն էլ պետք է գային, բայց քանի որ մեկ ամիս առաջ էին այստեղ, այս անգամ գումար չկարողացան տրամադրել: Մյուսին նրանք և հնդիկները ևս կմիանան մեզ: Գիտաժողովի նպատակն է նախ, առաջնահերթ զարգացնել ակուստիֆիզիկան՝ իր հարակից բոլոր ուղղություններով և  ներկայացնելով մեր բնագավառում կատարված աշխատանքները՝ պետք է կարողանանք համագործակցությունների, համատեղ աշխատանքների, նոր հնարավորությունների ուղիներ փնտրել: Նշեմ, որ ռուսական կողմի հետ արդեն բազմաթիվ համագործակցություններ և արդյունավետ աշխատանքներ ունենք: Մեր ինստիտուտից 3 հոգի ՌԴ ակադեմիայի անդամներ են, ովքեր ևս հնարավոր և անհնար ամեն ինչ անում են հայ-ռուսական գիտական հարաբերություններն ու կապերն ամրապնդելու համար, պատրաստվում ենք նաև լեհերի հետ համատեղ աշխատել:

Լուսանկարը՝ gmpress.am-ի

Շատ մեծ հպարտությամբ պետք է նշեմ ՌԴ Պրոխորովի անվան Ճարտարագիտական ակադեմիայի կողմից ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի Կիրառական պրոբլեմների ինստիտուտին շնորհված դիպլոմի մասին ՝
ճարտարագիտության ոլորտում ակնառու նվաճումների համար.  սա գիտության բնագավառում  ամենաբարձր աստիճանի մեդալն է, որից  ՀՀ-ում ոչ ոք չունի և այն տրվում է ոչ թե անհատին, այլ ամբողջ կոլեկտիվին: Անչափ հաճելի է, երբ տքնաջան աշխատանքի համար նման գնահատականի ես արժանանում , որը նաև պարտավորեցնող է:

Լուսանկարը՝ gmpress.am-ի

Պետք է ուրախությամբ նշեմ նաև, որ հետաքրքրությունը թեմայի հանդեպ մեծ է և այս անգամ հյուրերի մեծ մասը երիտասարդներ են, ովքեր առաջին անգամ են լինում Հայաստանում: Սա շատ կարևոր հանգամանք է, որովհետև մենք՝ ինֆորմացիայի հիմնական կրողներս, պետք է կարողանանք, հասցնենք երիտասարդ սերնդին գիտելիքներ փոխանցել»,- ասաց Ա.Մկրտչյանը:

ՀՀ ԳԱԱ ՖԿՊԻ-ի գիտական գծով փոխտնօրեն Արմեն Աթանեսյանը ևս ուրախությամբ արձանագրեց, որ  այս տարի, համեմատած նախորդների հետ, հյուրերի քանակն ավելի շատ էր, և նրա խոսքերով, դա շատ ուրախալի փաստ է, քանզի գիտաժողովի արդյունավետության մասին գիտնականները միմյանց իրազեկելով ավելի շատ մարդկանց են ներգարվում որպես մասնակից, որոնց թվում նաև՝ երիտասարդներ և նա հույս հայտնեց, որ տարեցտարի ավելի բարձր արդյունքներ կգրանցվեն:

Լուսանկարը՝ gmpress.am-ի

gmpress.am-ը զրուցեց նաև տեխնիկական գիտ. դոկտոր, Մոսկվայի ֆիզիկա-տեխնիկական ինստիտուտի ռադիոտեխնիկայի և կիբերնետիկայի ֆակուլտետի ռադիո և ինֆորմացիոն տեխնոլոգիաների ամբիոնի պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Վիլյամ Սարյանի հետ, ով նշեց, որ ամեն անգամ մեծ հաճույքով  է գալիս այս կոնֆերանսին, որը Ալպիկ Ռաֆայելի Մկրտչյանի նախաձեռնությամբ է կազմակերպվել: Նա խոսեց Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության կազմակերպության շրջանակներում ստեղծված կոլաբորացիայի մասին՝ ասելով, որ իր զեկույցով եկել է պատմելու, իրազեկելու այն մասին, որ  առաջինն աշխարհում հիբրիդային մոնիթորինգի համակարգ են ստեղծել՝ երկրաշարժի վաղ հայտնաբերման հետ կապված, որն արդեն իրականացվել է Կամչատկայում և նախատեսվում է նաև ՀՀ –ում կիրառել, քանի որ ՀՀ-ն սեյսմովտանգ տարածք է համարվում. «Իմ տպավորությունները հիանալի են, ես գոհ եմ զեկույցներից և մեծ հաճույքով եմ լսում կոլեգաներիս: Այն խնդիրները, որ այստեղ բարձրաձայնվում են, շատ կարևոր են և, ես շնորհակալ եմ Ալպիկ Մկրտչյանին, հույս ունեմ, որ նա կառողջանա, որ մենք այս կոնֆերանսների և սպասվող հոբելյանների շրջանակներում դեռևս կհանդիպենք, կզրուցենք և դեռ շատ անգամներ միասին կվայելենք հայկական կոնյակը (ցավոք զրույցից մեկ օր անց տեղեկացանք, որ 82 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ալպիկ Մկրտչյանը)»:

Լուսանկարը՝ gmpress.am-ի

Ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտոր Պյոտր Անատոլեվիչը, ով բազմաթիվ անգամներ ներկա է գտնվել այս թեմայով գիտաժողովին՝ ևս կարևորեց դրա անցկացման կարևորությունը և գոհունակություն հայտնեց հետաքրքիր ու բովանդակալից զեկույցների, երիտասարդների քանակական աճի վերաբերյալ՝ հորդորելով վերջիններիս առավել ակտիվ լինել հարցեր տալու հետ կապված:

Գիտաժողովը, ըստ ծրագրի, պետք է շարունակվեր Մեղրիում, սակայն Ալպիկ Մկրտչյանի մահվան հետ կապված այս անգամ Մեղրիում չանցկացվեց, այլ շարունակվեց Երևանում:

Լուսանկարը՝ gmpress.am-ի

Leave a Response