ԳլխավորՔո էջը

Կայացավ «Ռանդեվու երիտասարդ գրողների հետ» խորագրով միջոցառումը

256.5kviews

Գիրք նվիրելու տոնը Սպենդիարյանի տուն-թանգարանում

Վերջին 12 տարիներին փետրվարի 19-ը` ամենայն հայոց բանաստեղծի ծննդյան օրը մեր հայրենիքում նշանավորվում է նաև որպես Գիրք նվիրելու օր: Տարեցտարի այս կրկնակի տոնը հաճույքով նշում են ավելի ու ավելի մեծ թվով գրասերներ, տարբեր միջոցառումներ են անցկացվում մշակութային հաստատություններում, գրախանութներում և նունիսկ առևտրի կենտրոններում:

Это изображение имеет пустой атрибут alt; его имя файла - DSC_0026.jpg

Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանը գրատոնի առթիվ կազմակերպել էր «Ռանդեվու երիտասարդ գրողների հետ» խորագրով միջոցառում: Կենդանության օրոք մի շարք նշանավոր գրողների իր հարկի տակ ընդունած կոմպոզիտորի տանը հյուրընկալվեցին երիտասարդ գրողներ Դառանժը և Լևոն Նեսը: Ինտերակտիվ ձևաչափի հանդիպման մասնակիցներն անմիջական զրույց-քննարկում ունեցան ինչպես տուն-թանգարանի աշխատակիցների, այնպես էլ ներկաների հետ: Երկխոսության առանցքում երիտասարդ ստեղծագործողների հրապարակումներն էին, նրանց հետաքրքրությունները և նախընտրած ոճերը գրականության ասպարեզում, մտահոգությունները` կայանալու և իրենց ասելիքը հասանելի դարձնելու ճանապարհին:

Դառանժ

Առաջին զրուցակիցն Անժելա Դարբինյանն էր՝ Դառանժ գրական կեղծանունով: Անժելան մասնագիտությամբ դիվանագետ է և միջազգայնագետ, սակայն գրականության հանդեպ սերը և հակումը նրան բերել են հենց այս ոլորտ: Անժելան համագործակցել է «Գրեթերթ» գրական երիտասարդական թերթի հետ։ 2019-ի դեկտեմբերին Դառանժն ընթերցողների դատին է ներկայացրել իր «Ներքին հեղափոխություն/NulluS» վեպը: Այն հակաուտոպիական ժանրի ստեղծագործություն է և պատմում է հորինված Նուլլուս երկրում կատարված հեղափոխության հետևանքների և ներքին հեղափոխական լինելու մասին:
Դառանժն ուրախությամբ նշեց, որ թեև գրքի շնորհանդեսը կայացել է 3 ամիս առաջ, գրախանութներում այն արդեն սպառվել է, և տուն-թանգարանին նվիրեց իր ունեցած 2 օրինակներից մեկը:

Մյուս հյուրը Լևոն Նեսն էր` Լևոն Հովհաննիսյանը: Կինոռեժիսորի մասնագիտությունն ընտրած երիտասարդը վերջին 5 տարիներին լրջորեն նվիրվել է գրականությանը: Լևոնը մեծ մասամբ չի գրում հայկական իրականության մասին, և նրա ստեղծած կերպարները հիմնականում հայեր չեն, քանի որ փորձում է ստեղծել ազգություն չճանաչող պատմություններ: Այդպիսին են նրա առաջին երկու գրքերը, որոնք գրվել են ռուսերեն: 2018-ի նոյեմբերին «Զանգակ» հրատարակչատունը տպագրել է Լևոն Նեսի «Բալզակ. մի շան պատմություն» վիպակը, որը 2019 թվականի ընթացքում եղել է Հայաստանի բեսթսելլերների ցանկում: Ըստ գրքի, Բալզակը խոհեմ և իմաստուն շուն է: Անսովոր անուն է շան համար, բայց հեղինակը նրան օժտել է գրական ձիրքով: «Բալզակ»-ը գրավել է թե ավագ, թե կրտսեր սերնդի ընթերցողների սրտերը:
Հեղինակը ներկաների հետ կիսվեց իր մտահղացմամբ ու այն կյանքի կոչելու պատմությամբ և ավելացրեց, որ շուտով «Զանգակ»-ը կհրատարակի նաև իր հաջորդ աշխատանքը` «Ստախոսը»։

Միջոցառման շրջանակներում ներկաները դիտեցին գրատպության մասին պատմող փոքր ֆիլմ և մասնակցեցին թանգարանի գործընկեր «Վէմ» ռադիոկայանի պատրաստած գրական հարցախաղին: Գիրք նվիրելու օրվա առիթով հավաքված գրքերն էլ տարվա ընթացքում տուն-թանգարանի կողմից հանրապետության զորամասեր և քրեակատարողական հիմնարկներ այցելության ժամանակ կփոխանցվեն նրանց գրադարաններին:

Նյութը պատրաստեց Հասմիկ Համբարյանը

Leave a Response