Կյանքը de facto

Հոկտեմբերի 27. Պետականության վերքն ու անմար հիշատակի օրը

67views

Այսօր լրանում է Հայաստանի նորագույն պատմության ամենաողբերգական ու բեկումնային էջերից մեկի՝ 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ահաբեկչական ոճրագործության 27-րդ տարելիցը։

1999 թ. հոկտեմբերի 27-ին ՀՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճում՝ Կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում, զինված խումբը իրականացրեց ահաբեկչություն, որի հետևանքով զոհվեցին պետական և քաղաքական ականավոր գործիչներ՝ ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանը, ՀՀ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանն ու Ռուբեն Միրոյանը, օպերատիվ հարցերով նախարար Լեոնարդ Պետրոսյանը, ինչպես նաև՝ պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Միքայել Քոթանյանը և Հենրիկ Գրիգորյանը։

Հոկտեմբերի 27-ը միայն քաղաքական ողբերգություն չէր. այն խորը հոգեբանական ցնցում առաջացրեց  հասարակության շրջանում՝ խաթարելով պետականության, անվտանգության և ապագայի հանդեպ վստահությունը։ Այն դարձավ դաս առ այն, որ ներհասարակական համերաշխությունը, պետական ինստիտուտների ամրապնդումն ու իրավունքի գերակայությունն այլընտրանք չունեն։

Այսօր՝ տարիներ անց, հոկտեմբերի 27-ը հիշեցնում է մեզ միասնականության, պետականության հիմքերն ամուր պահելու և պատմության դասերն արժևորելու անհրաժեշտության մասին։ Հանուն մեր պետականության անվտանգության և ապագայի՝ հասարակական-քաղաքական համերաշխությունն ու իրավական պետության ամրապնդումը մնում են առաջնային առաջադրանք։

gmpress.am խմբագրակազմը խոնարհվում է մեր պետականության նվիրյալների հիշատակի առջև և խորին ցավակցություն հայտնում համայն հայ ժողովրդին՝ այս անդառնալի ու ծանր կորստի կապակցությամբ։ Այսօր, առավել քան երբևէ, մեր սրբազան պարտքն է միասնական լինել, տեր կանգնել մեր ինքնիշխանությանն ու պետականությանը և միահամուռ ուժերով շենացնել մեր հայրենիքը՝ ի հեճուկս բոլոր փորձությունների։

Leave a Response