Կյանքը de facto

Ալիևի պահանջով հանված է հղումն Անկախության հռչակագրին, մենք ասում ենք՝ ոչ. «Ուժեղ Հայաստան»

33views

«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը չի պատրաստվում աջակցել նոր Սահմանադրության նախագծին։ Այս մասին նոյեմբերի 23-ին Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ հայտարարել է խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ պնդելով, որ երկրի ներկայիս իշխանությունները մտադիր են այն ընդունել Ադրբեջանի ճնշման ներքո և պահանջով։

 

Նրա խոսքով՝ նոր Սահմանադրության նախագծում բացակայում է Հայաստանի Անկախության հռչակագրին հղումը, ինչն, ըստ պատգամավորի, Ադրբեջանի պահանջն է։ Աբրահամյանը նշել է նաև, որ հանվել են Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման անհրաժեշտության մասին կետը և մի շարք այլ կարևոր դրույթներ։

 

Պատգամավորի խոսքով՝ ընդդիմությունը շարունակում է ուսումնասիրել շուրջ երեք ժամ առաջ հրապարակված նախագիծը։

 

«Արդեն պարզ է. բացի այն, որ սա «ալիևյան սահմանադրություն» է, նախագիծը նաև պարունակում է ժողովրդավարության սկզբունքներից նահանջի և փաստացի բռնապետության հաստատման նշաններ։ Մենք արդեն հայտարարել ենք, որ Ալիևի, Ադրբեջանի կամ որևէ այլ երկրի պահանջով Սահմանադրություն չի ընդունվելու։ Եվ մենք պաշտպանելու ենք երկրի Մայր օրենքը ճիշտ այնպես, ինչպես Հայ առաքելական եկեղեցին»,— վստահեցրել է խմբակցության քարտուղարը։

 

Հիշեցնենք, որ նոր Սահմանադրության նախագիծը հրապարակվել է նոյեմբերի 23-ին։ Նախաբանում բացակայում է Հայաստանի անկախության հռչակագրին հղումը։ Հռչակագրում խոսվում է «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին», ինչպես նաև ամրագրված է, որ «Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին»։ Աբրահամյանի պնդմամբ՝ հռչակագրին հղումը բացառելը խաղաղության համաձայնագիրը ստորագրելու համար Ադրբեջանի առաջադրած նախապայմանն է։

Leave a Response