
ՀՀ օդային և ցամաքային սահմաններով տեղափոխվող կանխիկ դրամական միջոցների նկատմամբ իրականացվող ուժեղացված վերահսկողության շրջանակում, ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության ու Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները, համատեղ միջոցառումների արդյունքում, ստացել էին հերթական օպերատիվ տվյալներ։ Ըստ այդ տվյալների՝ Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետություն էր ժամանելու ՌԴ քաղաքացի Ռ․Թ․-ն, ով իր հետ կանխիկ եղանակով տեղափոխելու էր առանձնապես խոշոր չափի դրամական միջոցներ։
Տեղեկություններն իրացնելու նպատակով՝ հրատապ ձեռնարկվել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Արդյունքում, օրերս Հայաստանի Հանրապետություն ժամանելուց հետո՝ «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել է Ռ․ Թ․-ն, ում մոտ առկա է եղել կանխիկ 65 մլն․ ռուսական ռուբլի, որը շուրջ 321 մլն․ՀՀ դրամին համարժեք գումար է։
Հանցանք կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով՝ ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները ՌԴ քաղաքացուն «Զվարթնոց» օդանավակայանից ձերբակալել և տեղափոխել են ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն։
Առերևույթ, հանցագործության հատկանիշներով հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն: Քննչական կոմիտե է ներկայացվել նաև ձերբակալված անձը։ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, իսկ Ռ․Թ-ի նկատմամբ՝ դատարանի որոշմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը։




