Կյանքը de factoՄիջազգայինՊաշտոնական

Եվրոպական Հանձնաժողովը հրապարակել է վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման վերաբերյալ Հայաստանի առաջընթացի առաջին զեկույցը

82views

2026 թվականի մայիսի 5-ին Եվրոպական Հանձնաժողովը Հայաստանին փոխանցեց Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի (ԳԾ) իրականացման առաջընթացի առաջին զեկույցը։ Այն արձանագրում է ՀՀ իշխանությունների հստակ քաղաքական հանձնառությունը՝ իրականացնելու ԵՄ հետ վիզաների ազատականացմանն ուղղված անհրաժեշտ բարեփոխումները։ Այս մասին հայտնում են ՀՀ ներքին գործերի նախարարությունից։

Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացման շուրջ երկխոսությունը պաշտոնապես մեկնարկել է 2024 թվականի սեպտեմբերին, իսկ Գործողությունների ծրագիրը Հայաստանին է փոխանցվել է 2025 թվականի նոյեմբերին: Այն նախատեսում է 74 հենանիշի կատարում, որոնք իրականացվում են երկու փուլով․

համապատասխան օրենսդրական և քաղաքականության շրջանակի ձևավորում,
դրանց գործնական իրականացման և կիրառության ապահովում։

Առաջին զեկույցը գնահատում է Հայաստանի առաջընթացը առաջին խումբ հենանիշերի կատարման ուղղությամբ՝ կենտրոնանալով բացառապես օրենսդրական և քաղաքականության շրջանակի վրա չորս կարևոր ուղղություններով՝ փաստաթղթերի անվտանգություն, սահմանների, միգրացիայի և ապաստանի կառավարում, հասարակական կարգ և անվտանգություն, արտաքին հարաբերություններ և հիմնարար իրավունքներ:

Թեև Գործողությունների ծրագրի տրամադրումից կարճ ժամանակահատված է անցել, Հայաստանի կառավարությունն արդեն իսկ նախաձեռնել կամ ծրագրել է պահանջվող օրենսդրական և քաղաքական փոփոխությունների զգալի մասը, ինչը բարձր է գնահատվում ԵՄ կողմից։

Զեկույցում մանրամասն ներկայացված են Հայաստանի կողմից չորս հիմնական ուղղություններով ձեռնարկված նշանակալի քայլերն ու գրանցած առաջընթացը․

Փաստաթղթերի անվտանգություն. 2025 թվականի հուլիսին Հայաստանն ընդունել է «Բնակչության պետական ռեգիստրի մասին» նոր օրենքը, որը թույլ կտա ստեղծել բնակչության միասնական և անվտանգ էլեկտրոնային ռեգիստր։ Բացի այդ, կնքվել է պետություն-մասնավոր գործընկերություն պայմանագիր՝ ազգային կենսաչափական նույնականացման համակարգի արդիականացման նպատակով, ինչը կապահովի ապագա անձնագրերի և անձը հաստատող փաստաթղթերի համապատասխանությունը Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) կողմից սահմանված ամենաբարձր չափանիշներին։

Սահմանների, միգրացիայի և ապաստանի կառավարում. Հայաստանն ակտիվորեն մշակում է Սահմանների համալիր կառավարման (IBM) 2026-2029 թվականների ռազմավարությունը։
Հայաստանն առաջընթաց է գրանցել նաև մի շարք վարչարարական ծառայությունների թվայնացման գործընթացում։ Մասնավորապես, 2026 թվականի հունվարից գործարկվում է Քաղաքացիության գործերի էլեկտրոնային կառավարման համակարգը, ընթացքի մեջ է նաև օտարերկրյա քաղաքացիների համար աշխատանքի և կացության թույլտվությունների ընթացակարգերի թվայնացումը։

Հայաստանը շարունակում է ամրապնդել համագործակցությունը ԵՄ անդամ պետությունների և երրորդ երկրների հետ՝ հետընդունման (readmission) ոլորտում։
Նկատվում են զարգացումներ սահմանային ուղղորդման մեխանիզմների ամրապնդման, ապաստանի գործերի կառավարման էլեկտրոնային համակարգի ստեղծման ուղղությամբ աշխատանքների ուղղությամբ։

Հասարակական կարգ և անվտանգություն.
2018-ից հետո Հայաստանը զգալիորեն ուժեղացրել և միջազգային չափանիշներին է համապատասխանեցրել հակակոռուպցիոն իրավական և ինստիտուցիոնալ համակարգը։ Հայաստանի կողմից «Հանցավորության կանխարգելման 2026-2033 թթ․ ռազմավարության» մշակման մեկնարկը փաստում է Հայաստանի մտադրությունը՝ ապացույցների վրա հիմնված քաղաքականության, ինստիտուցիոնալ համակարգման և նպատակային կանխարգելիչ միջոցառումների միջոցով ամրապնդելու հանցավորության կանխարգելման կարողությունները։

Զեկույցում անդրադարձ է կատարվում նաև ՆԳՆ կազմում ձևավորված նոր մասնագիտացված ստորաբաժանմանը՝ Հանցավորության վիճակագրության և հետազոտական կենտրոնին, որը բացահայտելու է հանցավորության օրինաչափությունները, կանխատեսելու է հանցագործությունների հավանական ռիսկային գոտիները և դրանց հիման վրա ներկայացնելու է հանցավորության կանխարգելմանն ուղղված առաջարկություններ և ուղղորդող վերլուծություններ։
Թրաֆիքինգի դեմ պայքարի նոր ԳԾ-ն ընդունվելու է 2026 թվականին, և այդ ուղղությամբ իրականացվող նոր ծրագրերի ավելացումը նույնպես դրական է գնահատվել ԵՄ կողմից։

Եվրոպական կողմը դրական է գնահատում նաև նոր և անկախ անձնական տվյալների պաշտպանության մարմնի ստեղծումը, որի գործունեությունը համահունչ է լինելու եվրոպական անձնական տվյալների պաշտպանության սկզբունքներին և լավագույն փորձին։

Հիմնարար իրավունքներ. Հայաստանն այժմ մշակում է «Խտրականության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» օրենքը՝ եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու նպատակով: Բացի այդ, Հայաստանը 2025 թվականին ընդունել է երեխաների իրավունքների վերաբերյալ նոր օրենսդրություն՝ բռնությունից և շահագործումից պաշտպանության առավել համապարփակ շրջանակ ապահովելու համար։
Ողջունելով դրական դինամիկան՝ Հանձնաժողովը միաժամանակ ընդգծում է, որ առաջընթացի գնահատումը կատարվում է բացառապես արդյունքահեն մոտեցմամբ և պայմանավորված է բոլոր հենանիշերի արդյունավետ և հետևողական իրականացմամբ։

Զեկույցում ներկայացված են նաև առաջարկություններ/ռեկոմենդացիաներ՝ ուղղորդելու Հայաստանին լրացնելու արձանագրված բացերը: Ընդհանուր առմամբ, Հանձնաժողովը շեշտում է, որ բոլոր ոլորտներում անհրաժեշտ է ապահովել ընդունված քաղաքականությունների և օրենքների գործնական, հետևողական և արդյունքահեն իրականացումը։

Զեկույցում արտացոլված տվյալներն ընդգծում են Հայաստանի և ԵՄ միջև խորացող կապերը: ՀՀ քաղաքացիներին տրամադրված Շենգենյան վիզաների թիվը կայուն աճ է գրանցել՝ 2019 թվականի 51000-ից 2024 թվականին հասնելով 86300-ի, ընդ որում՝ զգալիորեն ավելացել է բազմակի մուտքի արտոնագրերի տեսակարար կշիռը (այժմ՝ 43.5%): Ավելին, վիզաների մերժման մակարդակը դրական նվազման միտում է գրանցել, ինչն արտացոլում է ճամփորդող ՀՀ քաղաքացիների նկատմամբ վստահության աճը։

Վիզաների ազատականացման երկխոսությունը կշարունակվի այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է սահմանված բոլոր հենանիշերի լիարժեք կատարման ապահովման համար։ Հանձնաժողովը կշարունակի հետևել Գործողությունների ծրագրով սահմանված բոլոր հենանիշերի կատարումը՝ ԵՄ անդամ երկրների փորձագետների աջակցությամբ և այդ նպատակով առաջիկայում Հայաստանում կկազմակերպվեն լրացուցիչ գնահատման առաքելություններ։

ԵՄ-ն հավատարիմ է մնում Հայաստանի բարեփոխումներին աջակցելու գործին՝ տրամադրելով հատուկ տեխնիկական և ֆինանսական օգնություն, մասնավորապես՝ Հայաստանի համար նախատեսված «Դիմակայունության և աճի» ծրագրի շրջանակում։

Leave a Response