Աշխարհի առաջատար գիտական կենտրոններում կվերապատրաստվի ևս 50 հետազոտող․ հայտնի են մրցույթի արդյունքները

Ամփոփվել են «Մասնագիտական վերապատրաստում 2026» մրցույթի արդյունքները։ ԿԳՄՍ նախարարի 2026թ․ հուլիսի 23-ի հմ․ 1461-Ա/2 հրամանով՝ մրցույթին ներկայացված 60 հայտերից ֆինանսավորման է երաշխավորվել 50-ը՝ շուրջ 178 մլն դրամ ընդհանուր ծավալով՝ գիտական և գիտատեխնիկական գործունեության բոլոր բնագավառներից։
Մրցույթն իրականացվում է ՀՀ գիտության ոլորտի զարգացման 2026–2030 թվականների ռազմավարական ծրագրի «Հետազոտությունների գերազանցության խթանում» ռազմավարական նպատակի շրջանակում և ուղղված է գիտական մարդկային ներուժի զարգացմանն ու պահպանմանը, հետազոտողների՝ միջազգային գիտական տարածքում ինտեգրմանը, Սփյուռքի գիտական ներուժի ներգրավմանը և միջազգային համագործակցության ընդլայնմանը։
Ծրագրի շրջանակում հետազոտողները և երիտասարդ գիտնականները 2-ից 12 ամիս ժամկետով մասնագիտական վերապատրաստում կանցնեն 19 երկրների, այդ թվում՝ ԱՄՆ, Գերմանիայի, Ֆրանսիայի, Իսպանիայի, Չեխիայի, Ավստրիայի, Միացյալ Թագավորության, Չինաստանի, Ռուսաստանի, Սլովակիայի, Իտալիայի առաջատար գիտական կազմակերպություններում և բուհերում՝ ձեռք բերելով նոր գիտելիքներ ու հմտություններ, յուրացնելով միջազգային լավագույն փորձը և ընդլայնելով համագործակցությունը համաշխարհային հետազոտական համայնքի հետ։
Մրցույթի շահառուների թվում են ՀՀ պետբյուջեի գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման ծրագիր իրականացնող 16 բուհերի և գիտական կազմակերպությունների մագիստրատուրայի ուսանողներ, 1991թ․ հունվարի 1-ից հետո ծնված ասպիրանտներ կամ հայցորդներ, 1971թ․ հունվարի 1-ից հետո ծնված, գիտական աստիճան ունեցող և գիտահետազոտական գործունեությամբ զբաղվող անձինք։
Հիշեցնենք, որ 2023-2025 թթ․ արտերկրի առաջատար կենտրոններում մասնագիտական վերապատրաստման դրամաշնորհ էր ստացել 75 հետազոտող՝ շուրջ 300 մլն դրամ ընդհանուր ֆինանսավորմամբ։ Նախորդ տարիներին գիտաշխատողները վերապատրաստվել են 21 երկրների, այդ թվում՝ Գերմանիայի, Չեխիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի, Բելգիայի, Իտալիայի, Չինաստանի, Ֆրանսիայի, Իսպանիայի, Միացյալ Թագավորության առաջատար գիտակրթական կենտրոններում։





