Կյանքը de factoՀասարակություն

Խնդիրը լուրջ է, տարածաշրջանը` վառոդի տակառի վրա է. Աբրահամ Գասպարյան

44views

Միայն վերջին 30 տարում՝ է՛լ երկրաշարժ, է՛լ 3 պատերազմ, մի քանի ճգնաժամ, գաղթ, հաղթանակ ու պարտություն, ապիկար ու ոչ խոհեմ ղեկավարներ, անտեսված մտավորականներ, ինքնահոսի մատնված երկիր. արդյունքն էլ, բնականաբար, փաստի առաջ կանգնած Հայաստան, որի ղեկավարը, ուսուցիչ կամ սենսեյ լինելու փոխարեն, մանկամիտ երեխա է, որը քամուն տվեց պետության կարողականությունը, խարխուլ ինստիտուտները հավասարեցրեց զրոյի, աշխատեց ու շարունակում է աշխատել որպես Պանթուրքիզմի գեոպոլիտիկ հարեմի հարճ: Այս մասին «Երեկոյան լուրեր Աբրահամ Գասպարյանի հետ» հաղորդման ընթացքում ասել է Աբրահամ Գասպարյանը։

«Գիտե՞ք այս մեր ձախողումների ու հավաքական դժբախտության մեջ ամենավատը որն է. կորցրած միլիարդները կկարողանաս հետ բերել, բանակ՝ նորից կկառուցես, հայրենիք՝ էլի կազատագրել, միայն զոհված տղերքի սերունդը չես կարողանա հետ բերել, նույնիսկ տրորված արժանապատվությունն է հնարավոր հետ բերել, եթե, իհարկե, անձնատուր չես լինում պարտությանն ու հարմարվողականությանը և եթե մարզչական թիմում չունես քաղաքական ինֆանտիլների, մտոք՝ գաճաճների, անհայրենիք բորենիների, որոնք շարունակում են հավատալ, որ Շուշին, Սյունիքը, Գեղարքունիքը դժբախտ են ու դժգույն, որ հայրենի եզերքը կարող է լինել անապատ, քոսոտ կամ անպիտան տարածք: Այսպիսի տհասների հետ դու չես կարողանա մեջքդ ուղղել, նրանք քեզ համար չեն կարող կռնակ լինել: Ով մեզ համոզի՝ համակերպվել պարտությանը, ուրեմն ուռուցք է, որը մետաստազի պես նստել է մեր մտքի, հոգու ու սրտի վրա: Պատերազմում կորուստներ ունենալը կամ տանուլ տալը չպետք է մեզ կործանի, հիասթափեցնի, տարագրության նոր էջ բացի, ինքնախարազանման դռները ծեծի»,- ասել է Գասպարյանը և հավելել, որ  մենք լավ չենք ապրելու այնքան ժամանակ, քանի դեռ մտածում ենք, որ ինչ-որ մեկը մեր փոխարեն խնդիրներ է լուծելու:

«Ոչ ռուսը, ոչ ամերիկացին, եվրոպացին, իրանցին ու չգիտեմ ով՝ մեզ ոչինչ չեն տալու, նրանք մեր երկիրը դիտարկում են բացառապես որպես իրենց շահերի տրանզիտ գոտի, նրանց մեջ դավաճաններ չպետք է փնտրենք. նրանք կարող են լինել դաշնակից, հակառակորդ, բարեկամ կամ բուտաֆորիկ հարևան, բայց երբեք՝ դավաճան, դավաճանությունը ներսում է, երկրի ներսում, մարդու մտքում ու հոգում: Դավաճանությունն սկսվում է, երբ հոգիդ հանում ես աճուրդի, երբ հանուն քո այդ անհոգ կյանքի՝ զոհաբերում բոլորի անվտանգությունը: Մարդուց մինչև պետությունների վախճանն այս հետագիծն ունի»,- ընդգծեց Գասպարյանը, ապա խոսեց Աֆղանստանի շուրջ ստեղծված իրավիճակից:

«Խնդրեմ՝ Աֆղանստան, որը դասական քաղաքագիտական օրինաչափություններով նորմալ պետություն չէ այն օրվանից, երբ կենտրոնական իշխանությունը կորցրեց տարածքների նկատմամբ հսկողության և զենք կրելու մոնոպոլ իրավունքը: Բաժանվեց, պառակտվեց, ռադիկալ խմբավորումները դիրքավորվեցին քաղաքներում, գյուղերում, ավաններում, նույնիսկ թաղամասերում: Կոլապսի ենթարկված այդպիսի պետություններ շատ կան, եղել են ու հավանաբար կլինեն առաջիկայում՝ Ասիայից մինչև Աֆրիկա, հարավամերիկյան տարածաշրջան: Շատ հեռու չգնանք, մեզ ամենամոտը՝ Մերձավոր Արևելքն է:

Խնդրեմ՝ Լիբանան, որը մի անգամ 4, մի անգամ էլ՝ 15 տարով ընկղմվեց քաղաքացիական պատերազմի ճահճում և 1990 թ-ից այդ երկիրը չի կարողանում անկայունությունից ուշքի գալ: Լիբանանն էլ է խորհրդարանական կառավարման պետություն, որտեղ պոպուլիզմը, օրինական ու սիրուն փաթեթավորմամբ կաշառքը, սուտ խոստումները, թայֆայականությունը, չվերահսկվող զենքը պատճառ դարձան, որ աշխարհի 28 պետության հետախուզական ու լրտեսական ցանցեր՝ ազատ-անկախ գործեն այդ երկրում՝ առանց լուրջ դիմադրության: Դիմադրողականության ինստիտուտը պետության ձեռքն է»:

Գասպարյանը նշել է՝ Լիբանանը վաղուց դարձել է ձախողված պետություն, հենց այն օրվանից, երբ նրան պառակտեցին, համայնքների բաժանեցին, մեկին կապեցին Ֆրանսիային, մյուսին՝ Սիրիային, Բրիտանիային, Ամերիկային, Իրանին, Թուրքիային, Սաուդյան Արաբիային, և պետությունը չունեցավ տեսլական, միացնող ու համախմբող գաղափար, կորցրեց ամեն ինչ՝ պաշտպանվելու և դիմադրելու կարողությունից մինչև փող ու իդեալ, նպատակ ու ինքնիշխանություն: «Ինքնիշխանությունը պետության արժանապատվությունն է, եթե թույլ տվեցիր տրորեն,  հա էլ տրորելու են, ոտքերը վրադ սրբեն, ինչ ուզեն անեն: Կամ կկարողանաս քո մեջ ուժ գտնել ու դիմադրել, չեզոքացնել վտանգներն ու նպատակային գնալ առաջ, կամ էլ տխմար հպարտությամբ կշարունակես քարշ գալ սրա-դրա ոտքերի տակ:

Կիլիկիայից հետո՝ հայկական պետականության սուվերենիտետը չենք կարողանում վերականգնել: Անվտանգության սպառնալիքները չենք զգում, անտեսում ենք, հույսներս ինչ-որ մեկի վրա ենք դնում: Չկա այդպիսի բան: Մեր գլխի տերը մենք ենք: 1700 տարում 5 անգամ բաժանվել ու բզիկ-բզիկ ենք եղել: 387, 591,1555,1639 և 2021. մեղավորը ոչ Սասանյան Պարսկաստանն է, ոչ Բյուզանդիան, ոչ Ռուսաստանը, ոչ էլ Օսմանյան կայսրությունը, բոլորն էլ իրենց կայսերապաշտական շահերն են իրականացրել, մեղավորը մենք ենք, որովհետև կորցրինք մեր տեսլականը, նպատակը, սեփական ուժերով ապրելու ու արարելու կամքը։ Իլյուզիաներից պետք է հրաժարվել, քաղցր թվացող ամեն ձայնի հետևից չգնալ, ամեն դասագրքային տհաս մտքի հետևից չընկնել, փրկիչներ չորոնել, պետք է կրթվել, շատ կրթվել, ժամանակակից աշխարհի պահանջներին համընթաց քայլել ու անընդհատ կատարելագործվել, պետք է շատ սիրել հայրենիքը՝ պաշտելու աստիճան, պետք է հրաժարվել մահացու մեղքերից՝ գոռոզամտությունից ու դատարկ հպարտությունից, մի փոքր լինել ազնիվ, համեստ, միմյանց հանդուրժող, տեղ տվող, միմյանց հաջողությամբ ուրախացող, տիեզերական բաներ չեմ ասում, մեր կենցաղը ատրիբուտներն են, կենցաղը կարգավորենք, հավատացեք՝ մեր հավաքական կյանքն էլ կընկնի հունի մեջ: Եթե հավակնոտ՝ ապա միայն հավաքական մակարդակում: Գյուղ չկա, որ շուն չունի: Երկիր ու ժողովուրդ չկա, որ ծախված ղեկավարներ չունենա:Ամեն ծախու ապրանքի ասածները թութակի պես չկրկնենք: Խնդիրը լուրջ է, տարածաշրջանը վառոդի տակառի վրա է, ամեն ծալապակասի մանիպուլյացիայի հետևից պետք չէ ընկնել, ամեն սուտ մարգարեի՝ լավ կյանքի խոստման չպետք է հավատալ: Պետք է հավատալ ու կամենալ՝ ոտքի կանգնել արհավիրքից հետո և առաջինն ուղղել մեր անվտանգության ողնաշարը»,- ընդգծել է նա:

Leave a Response