Մայիսի 26-ին Սարդարապատում հաղթանակելով թուրքական բանակին, հայկական զորքերը կարողացան կասեցնել թուրքական ներխուժումն Անդրկովկաս եւ փրկել Հայաստանը լիակատար ոչնչացումից: Հայկական հանրապետությունը (Հայաստանի Հանրապետությունը) հռչակվեց «Հայկական ազգային խորհրդի» կողմից 1918 թվականի մայիսի 28-ին Թիֆլիսում` Անդրկովկասյան ժողովրդավարական դաշնային հանրապետության փլուզումից հետո: Մայիսի 29-ին ՀՅԴ Արեւմտյան եւ Արեւելյան Բյուրոյի նիստը Հովհաննես Քաջազնունուն նշանակեց անկախ Հայաստանի առաջին վարչապետ, մայրաքաղաքը դարձավ Երեւանը, վերջին վարչապետը Սիմոն Վրացյանն էր: Հայաստանի Հանրապետությունը գոյություն ունեցավ ընդամենը երկու տարի, մինչեւ 1920 թվականի դեկտեմբերի 2-ը, երբ Երեւան մտան 11-րդ Կարմիր բանակի զորամասերը եւ հանրապետությունը խորհրդայնացվեց: 1991 թվականին Հայկական ԽՍՀ-ն անկախություն հռչակեց եւ խորհրդարանը մայիսի 28-ը սահմանեց որպես ոչ աշխատանքային օր:
Սարդարապատի հերոսներին նվիրված հուշարձանը կառուցվեց 1968 թվականին: