Կյանքը de factoՀասարակություն

Այսօր առանց ծխախոտի համաշխարհային օրն է

2.8kviews

Առանց ծխախոտի համաշխարհային օրը, որն ԱՀԿ-ն սահմանել է 1987 թվականին՝ հանրության ուշադրությունը ծխախոտի մահացու հետևանքների վրա հրավիրելու համար, նշվում է ամեն տարի մայիսի 31-ին :
Ծխախոտը հանրային առողջության լուրջ սպառնալիքներից է: Ամեն տարի ավելի քան 8 միլիոն մարդ է մահանում ծխախոտի օգտագործման հետևանքով, որոնցից ավելի քան 7 միլիոնը ծխախոտ օգտագործողներ և նախկին օգտագործողներ են, իսկ ավելի քան 1,2 միլիոնը՝ չծխողներ, որոնք ենթարկվում են երկրորդային ծխի ազդեցությանը։
Հայաստանում իրականացված հետազոտությունների տվյալների համաձայն` 16 տարեկանից բարձր բնակչության 27.9%-ը ծխում է: Ծխողների գերակշիռ մասը տղամարդիկ են (տղամարդկանց 51.5%-ը, կանանց` 1.8%-ը), դեռահասների շրջանում՝ կյանքում երբևէ ծխախոտ օգտագործել են 15 տարեկան տղաների 21%-ը և աղջիկների 3%-ը:
Հայաստանում ամեն տարի ծխախոտով պայմանավորված հիվանդություններից մահանում է ավելի քան 5500 բնակիչ:
Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների բոլոր տեսակները վնասակար են առողջության համար, չկա դրանց անվնաս չափաբաժին:
Հիշեցնենք, որ 2020 թվականի փետրվարի 13-ին ընդունվել է «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքը, որով նախատեսված սահմանափակումները տարածվում են ծխախոտային բոլոր արտադրատեսակների և դրանց փոխարինիչների վրա:
Օրենքի համաձայն` արգելվում են ծխախոտի օգտագործումը բոլոր փակ և որոշ բաց հանրային վայրերում (այդ թվում` առողջապահական, կրթական, մշակույթի հաստատություններում, հյուրանոցային տնտեսության օբյեկտներում, փակ և բաց սննդի օբյեկտներում), գովազդի, իրացման (վաճառքի) խթանման և հովանավորության բոլոր ձևերը, գործում են նաև այլ դրույթներ: Օրենքը միտված է ներկա և ապագա սերունդներին պաշտպանելու առողջության վրա ծխախոտային արտադրատեսակների օգտագործմամբ պայմանավորված բացասական ազդեցությունից, ինչպես նաև բնակչության ընկալումներում ծխախոտային արտադրատեսակների, դրանց փոխարինիչների օգտագործումը` որպես անառողջ և մերժելի վարքագիծ արմատավորելը:

Leave a Response