Կյանքը de factoՀասարակություն

«Արմենիա» ավիաընկերությունը պատասխանատվությունը կվերցնի իր վրա՝ միայն առաջին չվերթի համար և անվճար կփոխի դեպի ՌԴ տոմսերը. «Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն

6.8kviews

Գնացեք «Արմենիա» ավիաընկերության գլխամասային գրասենյակ, և անվճար փոփոխություն կկատարվի: Այս մասին «Զվարթնոց» օդանավակայանում ասաց «Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ խաչատրյանը: Հիշեցնենք, որ մի խումբ քաղաքացիներ, որոնք այսօր պետք է մեկնեն Մոսկվա, բողոքում  են, որ կորոնավիրուսի բացասական թեստի առկայությամբ անգամ չեն կարողանում մեկնել, քանի որ խնդիրներ են առաջացել կորոնավիրուսի բացասական թեստի առկայությունը հաստատող կոդը ներկայացնելու առումով։

Նրա խոսքով՝ այն լաբորատորիայում, որտեղ որ քաղաքացիները թեստավորվել են, պիտի զգուշացնի, որ ճանապարհորդելու համար իր թեստն այդ ծրագրում չկա:

«Դուք գնացել եք, թեստը հանձնել եք, որը ծրագիրը չի ընդունում: Մեր ավիաընկերությունը պարտավոր չէ ձեր տոմսն անվճար փոխել, բայց քանի որ շատ եք, ու խնդիր կա, ավիաընկերությունն այդ խնդրի պատասխանատվությունը կվերցնի իր վրա՝ միայն առաջին չվերթի համար, որպեսզի դուք որևէ ֆինանսական կորուստ չունենաք»,- ասաց Գևորգ Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ այսօր ՌԴ մեկնող 260 ուղևորների միայն 7-8 տոկոսը իրազեկված չի եղել, չի համապատասխանել չափանիշներին ու չեն մեկնել, համապատասխանել ու մեկնել է 93 տոկոսը:

«Մեր մյուս ուղևորներին ուզում ենք զգուշացնել, որ սա նախադեպ է, և միայն այս չվերթի համար անվճար կփոխենք տոմսերը, խնդրում եմ սովորություն չսարքել և չփորձել պահանջել ավիաընկերությունից, թե ինչի չկարողացան մեկնել»,- ասաց Գևորգ Խաչատրյանը:

Դիտարկմանը, թե տոմսերն ինչու են թանկացել, փոխտնօրենը պատասխանեց, որ չեն թանկացել, պարզապես պահանջարկը հաշվի առնելով՝ ավելի էժան տոմսերը վաղուց սպառվել են:

Leave a Response