Կյանքը de factoՀասարակություն

Կենսաթոշակային համակարգը պետք է արմատապես վերափոխել. Արմենուհի Հայրապետյան

1.2kviews

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, սույն թվականի հունիսի 20-ին ՀՀ-ում տեղի են ունենալու արտահերթ խորհրդարանական ընտրություններ,  որին մասնակցելու են 22  կուսակցություն և կուսակցությունների  4 դաշինք:

Հանրությանն անաչառ ու անկողմնակալ տեղեկատվություն ապահովելու նպատակով gmpress.am-ը պարբերաբար ընթերցողներին է ներկայացնում  կուսակցությունների և դաշինքների ծրագրերը, ստեղծված իրավիճակից հնարավոր լուծումների նրանց տարբերակները:

Օրերս մեր գլխավոր խմբագիրն անդրադարձել էր «Ազատական» կուսակցությանը, զրուցել ընտրացուցակի  առաջին քսանյակում ընդգրկված լրագրող, լեզվաբան, աշխատակազմի կառավարիչ Արմենուհի Հայրապետյանի հետ: Հարցազրույցը հրապարակելուց անմիջապես հետո խմբագրություն էին զանգահարում տարբեր մարդիկ՝ խնդրելով սյունեցի թեկնածուին ներկայացնել նաև որոշակի ոլորտների զարգացմանն ուղղված ծրագրերը:

Չմերժելով մեր ընթերցողներին՝ տիկին Հայրապետյանի հետ այս անգամ զրուցում ենք երիտասարդության, խոցելի խմբերի հիմնախնդիրներին և դրանց վերաբերյալ կուսակցության ներկայացրած ծրագրին:

Նշենք, որ «Ազատական»  կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորում է ԼՂՀ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի հերոս Սամվել Բաբայանը:

Տիկին Հայրապետյան, ինչպես տեսնում ենք, սյունեցիների հանդեպ մեծ վստահություն կա մարդկանց շրջանում, ինչո՞վ եք դա բացատրում և կարո՞ղ եք, արդյոք, արդարացնել հայրենիքի ապագայով մտահոգ քաղաքացիների սպասումները:

Առաջնահերթ, ցանկանում եմ շնորհակալությունս հայտնել  ձեր խմբագրությանը՝ հետևողական և լավ աշխատանքի արդյունքում նման լսարան ունենալու համար: Հատուկ շնորհակալություն ապագայով մտահոգ մեր հայրենակիցներին, քանզի ես կարևորում եմ յուրաքանչյուրի կարծիքն ու տեսակետը, և ինձ համար շատ հաճելի, միևնույն ժամանակ հուսադրող ու պարտավորեցնող է մարդկանց հետաքրքրությունը մեր նախընտրական ծրագրին:

Ինչպես արդեն առիթ ունեցել եմ ասելու՝ սյունեցիները բնավորությամբ շատ համառ են, ամուր, սեփական  բնակավայրի պես անառիկ, անկոտրում և այդ ողջ համառությամբ էլ հետամուտ են լինում ցանկացած գործի անթերի կատարմանը: Իմ պարագայում ևս, եթե ես հանձն եմ առնում անելու որևէ բան՝ անում եմ դա՝ օգտագործելով բոլոր հնարավորություններս՝ հասնելով ցանկալի վերջնարդյունքին:  Օգտվելով առիթից, ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ իմ ամբողջ ներուժով պարտավորվում եմ լծվել հայրենիքի փրկության և ապահովության հաստատման սուրբ գործին։ Ձեր յուրաքանչյուր քվեն կարևոր է ինձ համար և պարտավորեցնող։ Խոստանում եմ ծառայել ի շահ Հայասատանի և հայ ժողովրդի։

Տիկին Հայրապետյան, երիտասարդությունը մեր ազգի սերուցքն են, ապագան , իսկ լավ ապագան կառուցվում է հետևողական,  ճշգրիտ աշխատանքի արդյունքում: Ինչպիսի՞ ծրագրեր ունեք երիտասարդության հետ կապված:

Երիտասարդների համար շատ կարևոր է հավասար հնարավորությունների ապահովումը, որն, առաջին հերթին, վերաբերում է կրթական համակարգին, աշխատանքային շուկային և գործարար միջավայրին:

Յուրաքանչյուր երիտասարդի չափահաս կյանքի արդյունավետ սկիզբը մեծապես կախված է նրա գիտելիքներից, կյանքի և վարքագծային հմտություններից, ֆիզիկական ու բարոյահոգեբանական մթնոլորտից։ Կրթական համակարգի հասանելիության և արդյունավետության համար անհրաժեշտ են էական բարելավումներ միջնակարգ, նախնական և միջին մասնագիտական ու բարձրագույն կրթության ոլորտներում: Կրթական բոլոր փուլերում երիտասարդների մեջ անհրաժեշտ է արմատավորել   այն գաղափարը, որ յուրաքանչյուր անձ պետք է զարգացնի իր ընդունակությունները և ձգտի ձեռք բերել իր նախասիրությանը համապատասխան մասնագիտություն: Յուրաքանչյուր հմուտ մասնագետ, անկախ կրթական փուլից, հանրության համար օգտակար է, նրանց կողմից հարգված և իր բարեխիղճ աշխատանքով կարող է երաշխավորել կայուն եկամտի աղբյուր։

Երիտասարդների համար աշխատանքի շուկա մուտք գործելու հավասար հնարավորություններ ստեղծելու նպատակով պետք է զգալիորեն ավելացվի կրթության համապատասխանությունը աշխատանքային շուկայի պահանջներին, մեղմացվի աշխատանքային օրենսդրության կոշտությունը՝  ներմուծելով մատչելի հարկային խթաններ:

Սեփական գործ սկսելու պայմանների դյուրացումը, մրցակցային հավասար պայմանների ստեղծումը, ֆինանսական միջնորդության խորացումը, ինչպես նաև՝ կրթական համակարգում մրցակցայնության և գործարարության ոգու սերմանումը առաջնային նախապայմաններ են երիտասարդների գործարար ներուժը իրագործելու համար:

Սերնդափոխությունն իրականացվում է արժանավայել մթնոլորտում, երբ ապահով ծերությունն իր տեղը զիջում է խոստումնալից ապագային, ի՞նչ ծրագրեր ունեք խոցելի հաջորդ խմբի՝ թոշակառուների հետ կապված:

Մենք  բոլորս պետք է արժանին մատուցենք  նրանց, ովքեր  ամբողջ կյանքի ընթացքում ստեղծարար աշխատանքով վաստակել են արժանավայել կենսաթոշակի իրավունքը:

Կենսաթոշակային համակարգը պետք է արմատապես վերափոխել: Ներկայում գործող կուտակային համակարգը գնահատման և վերանայման կարիք ունի։ Այսօր Հայաստանի Հանրապետությունում սոցիալական  վճարներ կատարող մեկ աշխատողին մեկ և ավելի կենսաթոշակառու է բաժին հասնում: Ավելին՝ սոցիալական վճարներ իրականացնողների մեծամասնությունն իրենց եկամուտները վաստակում են պետական բյուջեի միջոցների հաշվին: Ստեղծված իրավիճակում կենսաթոշակների նշանակալի և արդարացի ավելացումը կարող է իրականացվել միայն պետական բյուջեի ընդհանուր եկամուտների հաշվին: Այդ ճանապարհով կենսաթոշակների զգալի ավելացումը հնարավոր կլինի իրականացնել առանց աշխատանքային եկամուտների վրա լրացուցիչ բեռի ավելացման:

Միաժամանակ անհրաժեշտ է հետևողական քաղաքականություն վարել կամավոր թոշակային ապահովագրության ծավալների ավելացման ուղղությամբ:

Խոցելի խմբերի հիմնախնդիրների լուծման հիմքը սոցիալական արդարությունն է, այս առումով ի՞նչ կասեք, ո՞րն է այդ արդարությանը հասնելու Ձեր տարբերակը:

Ելնելով սոցիալական արդարության սկզբունքից` պետությունը պետք է աջակցի բոլոր նրանց, ովքեր օբյեկտիվ պատճառներով ինքնուրույն չեն կարող ապահովել իրենց և իրենց ընտանիքի նվազագույն ապրուստը:

Անապահով ընտանիքները պետք է հասցեագրված և տարբերակված օգնություն ստանան պետական բյուջեից: Անապահովության գնահատման համակարգը պետք է հասկանալի և թափանցիկ դարձնել հասարակության համար: Աստիճանաբար այս համակարգը պետք է վերափոխել ու ընտանեկան նպաստի չափը կախվածության մեջ դնել ընտանիքի փաստացի եկամուտներից և ունեցվածքից:

Համայնքները և տարբեր հասարակական կազմակերպությունները պետք է խրախուսվեն՝ անապահով ընտանիքներին օգնություն ցուցաբերելու պետական ծրագրերին ակտիվորեն մասնակցելու և աջակցելու համար: Հայաստանի Հանրապետությունում բոլոր միջոցներով պետք է ապահովել յուրաքանչյուր քաղաքացու սննդի, հագուստի և կացարանի նվազագույն պայմանները։

Սոցիալական արդարության սկզբունքը չի սահմանափակվում նյութական աղքատության մեջ գտնվողներին օժանդակելու մեջ: Հաշմանդամները, միայնակ տարեց թոշակառուները, ծնողազուրկ երեխաները և նաև այլ խոցելի խմբեր պահանջում են առանձնակի մոտեցումներ կիրառել՝ հաշվի առնելով դրանցից յուրաքանչյուրի առանձնահատկությունները:

Հիմնական սկզբունքը պետք է լինի հասարակության այս խմբերի հիմնախնդիրները լուծել այնպես, որ հնարավորին չափով նվազեցվի արժանավայել կյանքով ապրելու սահմանափակումները և թույլ չտրվի այս խմբերի մեկուսացումը:

 

 Շարունակելի…..

Զրույցը վարեց՝ լրագրող, հասարակագետ Գաբրիել Եգանյանը

Leave a Response