ԱրժեքներԿյանքը de factoՀասարակություն

Եթե կարող  ուժ ես՝  պարտավոր ես միանալ հայրենիքը փրկելու սուրբ առաքելությանը. Արմենուհի Հայրապետյան

23.6kviews

Սույն թվականի հունիսի 20-ին ՀՀ-ում կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որին մասնակցելու են 22  կուսակցություն և կուսակցությունների  4 դաշինք:

Հանրությանն անաչառ ու անկողմնակալ տեղեկատվություն ապահովելու նպատակով  ներկայացնելով կուսակցությունների և դաշինքների ծրագրերը, ստեղծված իրավիճակից հնարավոր լուծումների նրանց տարբերակները՝ այս անգամ զրուցել ենք «Ազատական» կուսակցության ընտրացուցակի  առաջին քսանյակում ընդգրկված լրագրող, լեզվաբան Արմենուհի Հայրապետյանի հետ:

Նշենք, որ կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորում է ԼՂՀ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի հերոս Սամվել Բաբայանը:

Տիկին Հայրապետյան, Դուք  «Ազատական» կուսակցությամբ առաջադրվել եք որպես պատգամավորության թեկնածու, ինչու՞ որոշեցիք մասնակցել ընտրություններին  և ինչու՞ հենց այս կուսակցությամբ:

Հայաստան աշխարհն այսօր գտնվում է աշխարհաքաղաքական, ներքաղաքական, սոցիալական շատ բարդ իրավիճակում: Հայրենիքս կոլապսի եզրին է: Բոլոր ոլորտների խնդիրներն իմ ուշադրության կենտրոնում են, սակայն ինձ առավել մտահոգում է պաշտպանության, գիտության ոլորտը, քանզի ես, լինելով զինվորականի և մտավորականի ընտանիքից, քաջ գիտակցում եմ այն խնդիրները, որոնք ծառացել են բանակի ու գիտության առջև: Մենք հզոր ու մարտունակ բանակ ունենք, քաջարի զինվորներ, սակայն այս պատերազմի ընթացքում նրանց ուժը ճիշտ չղեկավարվեց: Մարդիկ մի քանի ամիս է, ինչ ապրում են պարտության զգացողությամբ, որից դուրս գալու համար    փրկության գաղափար էր պետք, իսկ   «Ազատական» կուսակցությունն ունի երկիրը «բուժելու», վերականգնելու, զարգացնելու իր հստակ ծրագիրը, որը շատ իրատեսական է և բավականին նման իմ գաղափարներին, որից ելնելով էլ  դարձա տվյալ կուսակցության թիմի անդամ: Վստահ եմ, որ կարող եմ ուժերիս  ներածին չափով ամեն ինչ անել, օգնել մեր երկրին հզորանալու և հեռու վանելու մեզանից պարտվողի կերպարը:

Բացի այն, որ սյունեցի եք, ինչն արդեն շատ բան է ասում, ի՞նչ կպատմեք Ձեր մասին, ինչո՞վ եք զբաղվել մինչ մեծ քաղաքականություն մտնելը:

Սյունիքն անառիկ ամրոց է, և ես հպարտությամբ եմ ասում, որ սյունեցի եմ, քանզի սյունեցիները բնավորությամբ շատ համառ են, ամուր, սեփական  բնակավայրի պես անառիկ , անկոտրում՝ օժտված կամքի մեծ ուժով:

Ես լեզվաբան եմ, լրագրող, աշխատակազմի կառավարիչ….. այս բոլոր մասնագիտությունները  պատահական չեմ ընտրել: Սիրում եմ մարդկանց սովորեցնել, գիտելիքներս այնպես փոխանցել, որ անցածս դժվար ճանապարհն իմ հարազատը, մտերիմը, գաղափարակիցը կարողանա ավելի հեշտ անցնել: Դասավանդում եմ, զբաղվում լրատվական գործունեությամբ՝ ղեկավարելով ՀՀ բուհերից մեկի լրատվական բաժինը: Օրս շատ  հագեցած է, և այդ ամենն ինձ նոր լիցքեր է տալիս՝ առավոտյան արթնանալու և աշխատանքներ կատարելու, նոր մարտահրավերներ ընդունելու ու հաջողությամբ հաղթահարելու համար:

Հայրս  միշտ ասում էր՝ այս երեխան մեր տան վարչապետն է, իհարկե, կատակով, բայց, կամաց-կամաց գնում եմ դրան: Հայրենիքի և ուսման հանդեպ սերն իմ մեջ զինվորական հայրս է արթնացրել: Նա միշտ ասում էր, որ դասերը պետք է սովորել նախատեսված ծրագրային չափից ավելին՝ եթե ունենք առաջ գնալու ցանկություն, և դա ինձ միշտ օգնում է: Դեռևս փոքր տարիրքից կարդում և վերլուծում էի հաստափոր գրքերը: Եղբայրներիս դասերն էի օգնում պարապել, չնայած փոքր էի նրանցից. նախօրոք սովորում  էի մեկ տարվա ծրագիրը, որպեսզի իրենց կարողանամ սովորեցնել: Մինչ օրս էլ այդպես է՝ եթե անել, եթե սովորեցնել՝ ուրեմն գերազանց՝ անվերապահորեն օգնելով բոլորին: Մենք այսօր պառակտված ենք , և ես վստահ եմ, որ միասին կկարողանանք հաղթահարել ամեն ինչ՝ միմյանց օգնելով, վստահելով, ինչի համար ես ջանք ու եռանդ չեմ խնայի՝ բոլորին վերաբերվելով այնպես, ինչպես իմ եղբայրներին, իմ ընտանիքի անդամներին:

Տիկին Հայրապետյան, հաշվի առնելով այն բարդ ու դժվար ճանապարհը, որ ընտրել եք,  ինչպե՞ս ընդունեցին Ձեր որոշումն ընտանիքի անդամները:

Ընտանիքն իմ ուժն է՝ ամուր հենարանս։ Երբ հայտնեցի որոշմանս մասին, այնքան էլ հեշտ չընդունեցին, բայց նաև համոզված էին, որ կարող եմ ուսերիս նման ծանրություն կրել։ Եղբայրներս մշտապես քաջալերում ու ոգևորում են ինձ։ Մեծ եղբայրս Ռուսաստանում է ապրում, փոքրը՝ Մեղրիում, ու նրանց ամենօրյա ջերմ զանգերը, ուժ տվող հաղորդագրությունները՝ օգնում են հաղթահարել ցանկացած դժվարություն։

Հաշվի առնելով մեր երկրի կրթության, գիտության, առողջապահության և այլ ոլորտների, մեղմ ասած, անմխիթար վիճակը, Դուք զարգացման ինչպիսի՞ հեռանկարներ, նախընտրական ի՞նչ ծրագիր ունեք:

Մինչ ծրագրի դրույթներին անդրադառնալը, նախ, պետք է ասեմ, որ մեզ այսօր միայն դիպլոմավորված մասնագետ պետք չէ.  դիպլոմի գնահատականներն ու գիտելիքը  չպետք է նույնացվեն:  Այս  կրթական իրավիճակում, իհարկե, ներողություն եմ խնդրում, բայց բոլորս էլ գիտենք, որ  դիպլոմը շատ հեշտությամբ կարելի է գնել: Փորձը ցույց է տալիս, որ գործին անտեղյակ մարդիկ ավերում և քայքայում են երկիրը, և միայն համապատասխան փաստաթղթի առկայությամբ  չի կարելի հանձն առնել մի բան, որի մասին գաղափար չունես .  դիպլոմի գույնն ու ձևը երբեք չի կարող խոսել մարդու կրթական որակի մասին:

Վերադառնալով նախընտրական ծրագրին, նշեմ, որ այն բազմաճյուղ է, ընդգրկում է բոլոր ոլորտները, սոցիալական բոլոր խմբերը, որոնցից, թերևս, անդրադառնամ Ձեր կողմից նշված կետերին. գիտության բնագավառում այսօր ստեղծված դժվար կացությունը թելադրում է այնպիսի համարժեք մոտեցումներ, ինչպիսիք են՝ պետական միջոցների բաշխման արդյունավետության բարձրացումը, պետության կողմից ֆինանսավորվող գիտության համապատասխան ճյուղերի շրջանակների հստակորեն սահմանումը, թեմատիկ ֆինանսավորման տեսակարար կշռի մեծացումն ընդհանուր հատկացումների մեջ՝ հրապարակային մրցակցություն և մասնագիտական անկողմնակալ փորձաքննության  ապահովմամբ, մշտապես գիտական համագործակցությունների, գիտական կենտրոնների հետ համատեղ ծրագրերի, սփյուռքահայ և օտարազգի գիտնականների ու մասնագետների հետ կապերի ամրապնդմանն ու խթանմանն ուղղված միջոցառումներ իրականացնելը և այլն:

Կրթության որակը, հասանելիությունը և մատչելիությունը ուղղակիորեն կախվածության մեջ են պետական ծախսերի մակարդակից: Այդ իսկ պատճառով, առաջին հերթին և ամենակարճ ժամկետներում անհրաժեշտ է զգալիորեն ավելացնել կրթությանն ուղղվող պետական ծախսերի մակարդակը: Պետական ծախսերի ավելացման հետ մեկտեղ՝ պետք է ավելացվի դրանց օգտագործման արդյունավետությունը և նպատակայնությունը, իսկ մասնավոր հատվածի մասնակցությունը կարող է զգալիորեն ավելացնել համակարգի թողունակությունը, արդյունավետությունն ու ճկունությունը:

Հայաստանում առողջապահության համակարգի գործունեության հիմքում պետք է  դրվեն  մարդասիրությունը և գթասրտությունը։  Ցանկացած առողջական խնդիր ունեցող անձ, անկախ սոցիալական դիրքից և վճարունակության հնարավորությունից, պետք է ստանա անհրաժեշտ բուժօգնություն։ Առողջապահության համակարգում իրականացվող բարեփոխումների շրջանակներում առաջարկում ենք՝ առկա միջոցների ու ներուժի պայմաններում ապահովել քաղաքացու առողջության պահպանման սահմանադրական իրավունքը, հասնել բուժօգնության հիմնական փաթեթի համընդհանուր ծածկույթի, և հավասարակշռել ոլորտում արդեն ձևավորված սոցիալական ու շուկայական մեխանիզմները՝ գերակայությունը շրջելով դեպի սոցիալական ապահովությունը:

Որպես քաղաքականություն մտնող կրթված և բանիմաց անձնավորություն, մասնագետ՝ ինչպիսի՞ որակում կտաք ՀՀ կառավարության ներկայիս գործելաոճին:

Այն մարդիկ, ովքեր այսօր մեծ ոգևորությամբ քանդում են մեր երկիրը՝ հայ կոչվելու իրավունք չունեն, քանզի հայն իր տեսակով արարող է, ստեղծող, կառուցող, իսկ այն, ինչին մենք ականատես ենք լինում երեք տարվա ընթացքում՝ հակառակն է:  Այդ իսկ պատճառով, այսօր  առաջնահերթություն է արժեհամակարգի «վերականգնումը: Ես համոզված եմ, որ ուսումնասիրելով մեր ծրագիրը, մարդիկ կհասկանան, որ երկիրը փրկելու համար պարզապես պետք է ձայնը տալ «Ազատական» կուսակցությանը: Ես այսօր, ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ եթե ներկայացված ծրագրից որևէ բան հանկարծ  չիրականացնենք՝ պատրաստ կլինենք  կրել ողջ պատասխանատվությունը մեզ ընտրողների առաջ:

Տիկին Հայրապետյան, ի՞նչ եք կարծում՝ արդյո՞ք կինը կարող է  առավել հմտորեն ղեկավարել երկիրը, և տեսնու՞մ եք Ձեզ այդ դերում:

Եթե մի քիչ անկեղծ խոսեմ՝ ես միշտ համոզված եմ եղել և պատմությունը պարբերաբար ցույց է տալիս, որ կին ղեկավար ունեցող բոլոր երկրները բավականին հզոր են …. Աստծո կամոք ամեն ինչ լավ լինի՝ չի բացառվում, որ  մի օր էլ վարչապետի իմ թեկնածությունն առաջադրեմ: Անհամեստություն թող չթվա, բայց իրավիճակի և մարդկային ռեսուրսների կառավարումն ինձ մոտ շատ լավ է ստացվում՝  չնայած երիտասարդ տարիքիս:

Մարդիկ հիասթափված են և չեն ցանկանում գնալ ընտրության, միաժամանակ, որոշ հատված նաև՝ իրավիճակի շտկման ելքերը չի տեսնումորպես կին քաղաքական գործիչ՝ նախընտրական ի՞նչ  խոսք, կոչ, հորդոր, գուցե՝ հուսադրող խոսք ունեք ՀՀ քաղաքացիներին:

Անկախ այն բանից, թե մարդիկ ում են ընտրելու, պետք  է ունենան պատասխանատվության մեծ զգացում: Ընտրություններին մասնակցելը և քվեարկելը  մեր պարտավորությունների մեջ է մտնում և պետք է հասկանալ, որ չմասնակցած ձայնը հերթական կեղծված ձայնը կարող է լինել: Պետք է ընտրել խղճի մտոք՝ հանուն գաղափարի և լավ ապագայի :

Ես այսօր իմ բոլոր գործերը դրել եմ մի կողմ և ողջ ներուժով լծվել ստեղծված սարսափելի իրավիճակից դուրս գալու գործընթացին, իսկ հայրենիքը  բոլորինս է , ու եթե կարող  ուժ ես՝  պարտավոր ես միանալ այն փրկելու սուրբ առաքելությանը:

Բոլորին ուզում եմ խնդրել, որ չհիասթափվեն,  ամեն ինչ լավ է լինելու, պարզապես պետք է համոզված գնալ ընտրության, քվեարկել գաղափարի համար, և հաղթողներից պահանջել, որ իրականացնեն  բոլոր խոստումները:

Ես դիմում եմ մեր բոլոր հերոսների մայրերին, խոնարհումս Ձեզ, երբեք չմտածե՛ք, որ անտեսված եք: Միասին մենք կարող ենք հաղթահարել բոլոր դժվարությունները, ուրեմն առաջ՝ պայքարելու և հաղթելու:

Զրույցը վարեց՝ Մերի Եղիազարյանը

Leave a Response