Անհրաժեշտ է զարկ տալ ռազմարդյունաբերական համալիրի շեշտակի զարգացմանը. Արմենուհի Հայրապետյան

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մնացել են հաշված օրեր: Մինչ կուսակցություններն ու կուսակցությունների դաշինքները ՀՀ տարբեր մարզերում քարոզարշավ են իրականացնում՝ մենք էլ, իրականացնելով լրագրողի մեր առաքելությունը, ներկայացնում ենք ստեղծված իրավիճակից հնարավոր լուծումների նրանց տարբերակները՝ այսօր էլ հրապարակելով «Ազատական» կուսակցության ընտրացուցակի առաջին քսանյակում ընդգրկված լրագրող, լեզվաբան, աշխատակազմի կառավարիչ Արմենուհի Հայրապետյանի հետ մեր բովանդակալից զրույցի շարունակությունը: Զրույցի այս մասը վերաբերում է կենսական կարևորություն ներկայացնող հարցերին:
Տիկին Հայրապետյան, որքան էլ տարօրինակ հնչի, բայց 21-րդ դարում, ՀՀ-ում դեռևս կան բնակավայրեր, ընդհուպ նաև՝ թաղամասեր Երևանում, որտեղ դեռևս գազամատակարարման և խմելու, ոռոգման ջրի խնդիրներ կան, իսկ, ինչպես գիտենք, դրանց ֆիզիկական ու տնտեսական հասանելիությունից զգալիորեն կախված է բարեկացության մակարդակը…վերոնշյալ խնդիրների կարգավորման համար ի՞նչ ծրագիր ունեք:
Այո, ինչպես արդեն նշեցիք, Հայաստանի Հանրապետությունում, հատկապես գյուղական բնակավայրերում, բարեկեցության մակարդակը զգալի կախվածության մեջ է ջրի, գազի ֆիզիկական և տնտեսական հասանելիությունից: Ակնհայտ է, որ գյուղական համայնքները սեփական ուժերով չեն կարող վերականգնել խմելու ջրի համակարգերը՝ հատկապես այնտեղ, որտեղ նման համակարգեր, առհասարակ, չկան: Պետությունն, առաջնահերթ կարգով, պետք է ներդրումներ կատարի այս բնագավառում` գերակայությունը տալով գյուղական բնակավայրերում խմելու ջրի անվտանգ և հուսալի մատակարարման համակարգերի կառուցմանն ու ֆիզիկական մատչելիության խնդրի ամբողջական լուծմանը:
Գազամատակարարման խնդիրների լուծումը եռակի նշանակություն ունի Հայաստանի համար:
Նախևառաջ՝ դա վերաբերում է հանրապետության էներգետիկ անվտանգությանը և ֆինանսական կենսունակությանը:
Երկրորդ՝ մի շարք առաջատար և արտահանմանն ուղղված արտադրական ճյուղերի մրցունակությունն ու արդյունավետությունն անմիջական կախվածության մեջ են գազամատակարարման համակարգի հուսալիությունից և արդյունավետությունից:
Եվ երրորդ` բնակչության ու սոցիալական ենթակառուցվածքների գազամատակարարման համակարգերով ընդգրկվածության աստիճանի ավելացումը զգալիորեն կարող է կրճատել ավելի թանկ էներգակիրների օգտագործումը, հատկապես ջեռուցման նպատակներով, ավելին՝ կայուն տնտեսական զարգացման առումով գազամատակարարման դերը դժվար է գերագնահատել:
Համաշխարհային ներկա միտումների պարագայում հնարավորություն ունենք ՀՀ ներմուծվող բնական գազի գինը նվազեցնել առնվազն երկու անգամ։ Այս խնդիրը մեծ ջանքեր է պահանջում, սակայն պետք է բոլոր հնարավոր միջոցներով հասնել այդ նպատակին։
Ցանկացած երկրի համար էներգետիկան հիմնաքարային ճյուղ է, որի անխափան և արդյունավետ գործունեությունն առաջնային նշանակություն ունի երկրի տնտեսական զարգացման համար, ինչպիսի՞ քայլեր եք նախատեսում անել այս ոլորտում:
Կարևորելով էներգետիկ քաղաքականության դերը տնտեսական զարգացման գործում՝ մեր ծրագրով նախատեսում ենք դրա հիմքում դնել այնպիսի կետեր, ինչպիսիք են՝ համակարգի հեռանկարային զարգացման առաջնահերթությունները, պետական և մասնավոր ներդրումների խրախուսումը, էներգետիկայի անվտանգության և արդյունավետության տեսանկյունից առանձնահատուկ նշանակություն ունեցող տարածաշրջանային քաղաքականության խորացումը, արևային, քամու էներգիայի օգտագործման պահանջների ներդնումը, ինչպես նաև՝ նոր ատոմակայանի կառուցումը:
Տիկին Հայրապետյան, մեր երկրին պատուհասած աղետները, ինչպես նաև համավարակը զգալի վնաս են հասցրել տուրիզիմի և արդյունաբերության ոլորտներին, ո՞րն է վերոնշյալ ոլորտների վերականգնման, զարգացման Ձեր տարբերակը:
Ցավոք, պետք է արձանագրենք, որ իսկապես տուրիզմը և արդյունաբերությունը ամենաշատ տուժած ոլորտներից են, և դրանց կարգավորման համար պետք է ներդրումների, զբաղվածություն և բնակչության եկամուտներն ապահովող առաջարկներ ներկայացնել: Անհրաժեշտ է զարկ տալ ռազմարդյունաբերական համալիրի շեշտակի զարգացմանը՝ պետություն-մասնավոր համագործակցության սկզբունքներով ներդնելով կառավարչական որոշումների կայացման ազատություն ունեցող արհեստավարժ մենեջմենթի ներգրավման համակարգ:
Ինչ վերաբերում է տուրիզմի ոլորտին, ապա այստեղ պետք է ՀՀ մարզերում զբաղվածություն, ներդրումների և բնակչության համար եկամուտներ ապահովող այնպիսի առաջարկներ, ինչպիսիք են՝ գյուղական տուրիզմի, էկոտուրիզմի, գաստրո տուրիզմի զարգացման ծրագրեր, լեռնադահուկային համալիրներ և այլն:
Այսպիսով, «Ազատական» կուսակցությունն ունի յուրաքանչյուր ոլորտի զարգացմանն ուղղված մանրակրկիտ մշակված ծրագիր, որը, կյանքի կոչվելու պարագայում, շատ կարճ ժամանակահատվածում կարող ենք ունենալ անվտանգ ու ապահով հայրենիք:
Զրույցը վարեց gmpress.am լրատվական կայքի թղթակից—անդամ, վերլուծաբան Աննա Գրիգը