Կյանքը de factoՀամայնքներ

Այս քաղաքն իմ արյան մեջ է. Վահրամ Ազատյան

1.1kviews

  «Վաղարշապատն ընտրում է» խորագրի ներքո շարունակում ենք ներկայացնել նոյեմբերի 16-ին Վաղարշապատ խոշորացված համայնքում կայանալիք ավագանու համամասնական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերին։ Ընտրապայքարին մասնակցում է ութ քաղաքական ուժ, և մեր նպատակն է՝ հանրությանը ծանոթացնել նրանց ծրագրերին, տեսակետներին ու առաջնահերթություններին։

Այս անգամ մեր ուշադրության կենտրոնում է «Ազատ Դեմոկրատներ» կուսակցությունը, որի ընտրացուցակը գլխավորում է անկուսակցական Վահրամ Ազատյանը։ Մենք զրուցեցինք պարոն Ազատյանի հետ՝ հասկանալու նրա տեսլականը՝ համայնքային կառավարման, զարգացման առաջնահերթությունների և տեղական խնդիրների լուծման հնարավոր ուղիների վերաբերյալ։

Պարոն Ազատյան, քարոզարշավը պաշտոնապես մեկնարկել է հոկտեմբերի 22-ին։ Այս մի քանի օրվա ընթացքում ինչպիսի՞ն են Ձեր տպավորությունները, և մյուս քաղաքական ուժերի հետ համեմատ ինչպե՞ս եք գնահատում Ձեր շանսերն այս փուլում։

Շանսերս գնահատում եմ բավականին բարձր։ Ինձ համար սա իսկապես նոր աշխարհ է, նոր գործընթաց իմ կյանքում։ Կասեի՝ բավականին հետաքրքիր է անցնում.  այս ընթացքում բազմաթիվ բացահայտումներ եմ անում։ Ժողովուրդը պետք է հասկանա, որ մենք այս կուսակցությունների գերին չենք։ Տարիներ շարունակ նույն քաղաքական «պասերն» են խաղում՝ Քոչարյան–Փաշինյան, Քոչարյան–Փաշինյան, իսկ Էջմիածինը, ցավոք, վերածվել է նրանց քաղաքական մրցակցության ռազմադաշտի։ Վստահ եմ՝ ժողովուրդը հոգնել է այս ամենից։ Ժամանակն է մարդկանց մի քիչ հանգիստ թողնելու։ Հերի՛ք է։

Դուք հանդես եք գալիս «Ազատ Դեմոկրատներ» կուսակցությամբ, բայց կուսակցության անդամ չեք։ Ինչու՞ ընտրեցիք հենց այս քաղաքական ուժը, և արդյո՞ք դրա գաղափարախոսությունը Ձեզ համար հոգեհարազատ է։

Նախ, «դեմոկրատ» բառն ինձ շատ հոգեհարազատ է, սկսենք այստեղից։ Փաստն այն է, որ ես նախկինում կուսակցությունների հետ առնչություն չեմ ունեցել։ Այս թեմայի հետ կապված ծանոթացել եմ կուսակցության ղեկավարի հետ, և նա ամբողջությամբ աջակցել է իմ ցանկություններին։ Մինչ այս ամենը՝ մենք անկեղծ խոսակցություն ունեցանք, և նա ինձ նույնիսկ խորհուրդ տվեց՝ «Մաքուր մարդ եք, մի՛ մտեք այս քաղաքական խաղերի մեջ»։ Բայց ես բացատրեցի, որ քաղաքականությամբ չեմ ուզում զբաղվել, այլ քաղաքաշինությամբ՝ մեր համայնքի համար աշխատել եմ ուզում։ Իմ նպատակն այս պահին ուժեղացնել և հզորացնել մեր համայնքը, և միայն այդ նպատակի իրականացումից հետո մտածել մնացածի մասին, որովհետև թույլ, քանդված համայնքներով և հուսահատված մարդկանցով ուժեղ պետություն չի ստեղծվում։

Ես վստահ եմ, որ ունեմ այն ուժը, որը կարող է հանգստություն բերել մեր ժողովրդին՝ հաղթահարելով հին–նոր, սև–սպիտակ բաժանումներն ու միմյանց դեմ պայքարը, որից  քաղաքական էլիտան պարբերաբար դիվիդենտներ է հավաքում:

Ինչքան էլ ասում եք, որ քաղաքականությամբ չեք զբաղվում, Վաղարշապատը անմասն չի կարող մնալ քաղաքական գործընթացներից ու խաղերից, քանի որ Վեհարանը այստեղ է, և վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ քաղաքական գործիչներն անմասն չեն եկեղեցու շուրջ ստեղծված զարգացումներից։ Այս առումով ի՞նչ կասեք. եթե Ձեզ ասվի քայլ անել եկեղեցու դեմ, ինչպիսի՞ն կլինեն Ձեր գործողությունները։

Նախ, անպայման կուզեմ շեշտել, որ ինձ ոչ ոք հանձնարարական չի կարող տալ։ Ես շարժվելու եմ իմ խղճով և միայն մեր համայնքի ժողովրդի շահը սպասարկելու համար։

Ինչ վերաբերում է եկեղեցու շուրջ տեղի ունեցող գործընթացներին՝ ասել եմ և միշտ էլ կասեմ. բոլորը գիտեն, թե ինչ կապ ունեմ հոգևոր այդ կառույցի հետ, իմ հավատն անսասան է Հայ Առաքելական եկեղեցու հանդեպ։ Իհարկե, ինձ դուր չի գալիս այն, ինչ տեղի է ունենում եկեղեցու ներսում, ինչպես նաև այն, ինչ անում է կառավարությունը։ Այս ամենը կարելի էր շատ հանգիստ լուծել մեր ներսում՝ առանց համայն աշխարհի առաջ խայտառակվելու։

Ինձ թվում է՝ այս հարցերում եկեղեցին պետք է կոնկրետ պատասխան տա իր դեմ առաջադրված մեղադրանքներին և ժողովրդին վերադարձնի մի քիչ հույս ու հավատ, որպեսզի մենք էլ կարողանանք հասկանալ, թե ինչ է իրականում կատարվում, որովհետև մի կողմից լսում ենք մեղադրանքներ, իսկ մյուս կողմից՝ ոչինչ։

Մինչ այժմ ես այս մասին դեռ ոչ ոքի չեմ չեմ հայտնել, բայց հիմա կասեմ. ես 5 տարեկանում, այն ժամանակ երբ մարդիկ վախենում էին մտնել եկեղեցի ու մոմ վառել, դարձել եմ Սուրբ Շողակաթ եկեղեցու խաչի քավորը։ Այս կապը շարունակվեց ամբողջ կյանքի ընթացքում. մեծացել եմ եկեղեցու բակում, առնչվել այդ միջավայրի հետ և միշտ լավ հարաբերություններ ունեցել բոլոր հոգևորականների հետ։

Իսկ այսօր գոյություն ունեն նաև բաժանումներ՝ «եկեղեցու պաշտպաններ» և «ոչ պաշտպաններ», սակայն սա քաղաքական խաղերի արդյունք է, որն անթույլատրելի է։ Մենք կաշխատենք զերծ մնալ այդ խաղերից և կենտրոնացած մնալ համայնքի շահերի վրա։

Դուք շինարար եք, կառուցող, և Ձեր կարգախոսը ևս այդպիսին է՝ «Կառուցենք մեր համայնքը միասին»։ Ի՞նչ եք պատրաստվում կառուցել, և ինչպիսի՞ն է Ձեր ծրագրային տեսլականը։

Առաջնահերթ, պետք այնպես անել, որ քաղաքապետարանը աշխատի քաղաքացիների համար՝ այլ մեխանիզմներով։ Այսօր այն կարծես աշխատում է ժողովրդի դեմ. մարդկանց տանջում են, և ամեն մի փաստաթղթի համար ստիպված են մի քանի անգամ գնալ-գալ։ Նոր փաստաթուղթ ավելացնելը, դրա վերադարձը, կորուստը՝ ամեն ինչը հանգեցնում է ձգվող և դժվար փաստաթղթային գործընթացի։ Չկա պարզ գործընթաց, որի միջոցով արագ լուծես հարցդ և դուրս գաս։ Նախ՝ քաղաքապետարանը պետք է ծառայի քաղաքացուն, ոչ թե հակառակը։ Համակարգը պետք է ամբողջությամբ փոխվի, և, արդյունավետ աշխատանքի դեպքում, ինքնաբերաբար կփոխվի ամբողջ մթնոլորտն ու բոլոր ոլորտները։

Շինարարության հետ կապված ասեմ, որ արդեն զրուցել ենք մի շարք փորձառու ճարտարապետների հետ, և մեր հաղթանակի պարագայում այդ զրույցները կշարունակվեն, որպեսզի մեր քաղաքը ստանա ամբողջությամբ հետաքրքիր ու հարմար տեսք։ Ես կարող եմ խոսել ասֆալտապատման, հոսանքի լարերի կամ գիշերային լուսավորման մասին, բայց սա միայն նախնական քայլերն են: Մենք դիտարկում ենք ամբողջական պատկերը, և մեր քաղաքում սպասվում է իրապես կարդինալ փոփոխություն։

Մենք ուսումնասիրում ենք եվրոպական քաղաքների պատմությունը, նայում ճարտարապետական կոթողները և հիանում, բայց մեր պետությունը բոլորից հին է, և նախկինում շատ կառույցներ կային, որոնց գրեթե ոչինչ չի մնացել։ Նույնիսկ եկեղեցիներ, թանգարաններ, ամեն ինչ օտարվել է՝ ըստ ցանկության։ Եթե կա որակյալ ծրագիր, բնական է, որ որոշ բաներ կարող են օտարվել և արժեքավոր արդյունք տալ։ Բայց եթե դա արվում է միայն մի քանի կոպեկ փող աշխատելու համար՝ առանց հաշվի առնելու, թե ինչ վնաս է հասցվում քաղաքին, դա անթույլատրելի է։

Ես չգիտեմ, թե մեր ճարտարապետական բաժինը ինչպես է աշխատում, քանի որ դրսում եմ աշխատել և ունեմ փորձ մունիցիպալ կառույցների հետ, որտեղ մինչև որևէ ծրագիր ամբողջությամբ չուսումնասիրվի՝ թույլ չեն տա որևէ քայլ կատարել։ Իսկ այստեղ, օրինակ, այսօր ասֆալտ են փռում, որը մի ամիս հետո կարող են կտրել կա՛մ կոյուղագիծ, կա՛մ մալուխ անցկացնելու համար։ Չի՛ կարելի այդպես աշխատել. ամեն ինչ պետք է ծրագրված և գրագետ լինի՝ մեկ անգամ ու լավ, ոչ թե մարդկանց աչքին, պարզապես, «թոզ փչելու» համար։

Պետք է սրտանց նվիրվել ամեն գործի, իսկ դրա համար, առաջին հերթին, սիրտ է պետք ունենալ:

Այս մի քանի օրվա ընթացքում քաղաքացիներն ի՞նչ խնդրանքներ կամ առաջարկներ են հայտնել իրենց քաղաքի վիճակի բարելավման հետ կապված։

Այո՛, մոտեցել են, ներկայացրել իրենց գանգատները։ Ինձ ճանաչելով՝ հասկանում են, որ եկել եմ աշխատելու, այլ ոչ թե խոսքեր տալու համար և, հետևաբար, մարդիկ ինձ մոտ են գալիս սրտի կանչով, ոչ թե որևէ բանի ակնկալիքով։

Հիմնականում հարցնում են՝ «Ե՞րբ ենք ազատվելու այս քաղաքական ուժերից»՝ նկատի ունենալով թե՛ իշխանությանը, թե՛ ընդդիմությանը։ Մարդիկ ուզում են հանգիստ ապրել, իսկ ներկայիս ուժերը ցույց տվեցին, որ բացի մարդկանց սթրես պատճառելուց ոչինչ չեն կարողացել անել։ Իհարկե, խոսքը ոչ բոլորի մասին է, շատերը փորձել են նաև օգտվել՝ սեփական շահերի համար։

Խեղճ ժողովուրդը բաժանվել է երկու մասի՝ մի մասը ասում է «սա չլինի», մյուսը՝ «նա չլինի», բայց դա ճիշտ չէ։ Պետք է տեսնել, թե ով է իսկապես արժանի ծառայելու ժողովրդին։

Ըստ մեր կողմից իրականացված հարցումների, բնակչության մի ստվար զանգված չի պատրաստվում գնալ ընտրությունների՝ համարելով ամենը ֆարս։ Ինչպիսի՞ն է Ձեր նախընտրական խոսքը, կոչը, գուցե հորդորը՝ նրանց, ովքեր պատրաստվում են մասնակցել ընտրություններին, նրանց, ովքեր դեռ չեն կողմնորոշվել, ինչպես նաև՝ Ձեր ընտրողներին։

Ես շատ տխրությամբ կարող եմ ասել, որ ժողովրդի մոտ կա հիասթափություն, որը հատկապես առաջացել է 2018 թվականից հետո։ Մարդիկ հույս ունեին, որ վերջապես իրենց ընտրածը կլինի այն, ինչի համար պայքարել էին և ինչ ուզում էին տեսնել։ Սակայն ցավոք, նրանք չեն տեսել այն, ինչ սպասում էին, և այդ պատճառով իրենց հավատը կորցրել են։

Կային մարդիկ, որոնք ասում էին, որ չեն գնում ընտրության, որովհետև իրենց մոտ ոչինչ չի փոխվելու. նոյեմբերի 17-ի առավոտյան կարթնանա և կգնան իրենց բանվորությանը… ես բացատրեցի, որ ընտրությունների ժամանակ բարձրագույն կրթություն չեն ստանում, դա պետք էր անել ժամանակին։ Այս ընտրությունները մեր երեխաների, նրանց վաղվա օրվա համար են։

Իմ մասնակցելու նախնական ցանկությունն առաջացավ այն գիտակցմամբ, որ երբ երեխաս կամ թոռնիկս հարցնեն՝ «Պապի՛կ, ինչու է այս վիճակում մեր քաղաքը»՝ պատասխան չեմ ունենա։ Չեմ կարող ասել՝ «Պապիկդ վախեցավ և չմասնակցեց», և կարող է լինել հակառակ պատասխանը՝ «Կար նման հնարավորություն, բայց մարդիկ ինձ չհասկացան կամ հանգամանքներն այդպես դասավորվեցին»։Ամեն դեպքում, ես մաքուր եմ, ազնիվ և կարող եմ խաղաղությամբ ապրել՝ իմանալով, որ ամեն ինչ արել եմ։

Ժողովրդին կոչ եմ անում՝ մտածել այս հարցի շուրջ, ունենալ սեփական կարծիք և երբեք ճամբարափոխ չլինել։ Այս մարդկանց էլ, որ ամենը ձախողել են՝ ուղարկեն իրենց տները, որ գնան, աշխատեն, հարկեր վճարեն և գոնե որևէ կերպ օգտակար լինեն պետությանը։

Պարոն Ազատյան, մեր հարցերն այսքանն էին. կա՞ որևէ  բան, որ ինքներդ կցանկանայիք ասել, բայց հարց չտրվեց:

Նորից կխնդրեմ, որ մարդիկ մի քիչ խորը մտածեն, լավ ուսումնասիրեն թեկնածուների անցած ուղին, և հասկանան, թե ով է ի զորու մարմնի բոլոր բջիջներով նվիրվել այս քաղաքին, համայնքին: Ես, թերևս, էլի կրկնեմ, որ այս քաղաքն իմ արյան մեջ է, երբեք  չեմ միանա ոչ մեկին, քանզի չեմ տեսել այն մարդուն, ով իմ պես է սիրում այս քաղաքը, ով կարող է, ի զորու է դա անել, որովհետև բոլորն էլ ունեն իրենց մեջքի հետևում կանգնած վերադասների, ոչ ոք ինքնուրույն չէ ….

Եթե հանկարծ ուժերս չհերիքեն և չհաղթեմ այս պայքարում՝ իմ համեստ ուժերով կլինեմ քաղաքի ավագանիում,  և սրանց օր ու արև չեմ տա, գիշեր-ցերեկ տանջելով կաշխատեցնեմ ողջ քաղաքապետարանին, քաղաքապետին և իր ղեկավարությանը. «հանգիստ չեն ունենալու իմ ձեռքն այս քաղաքում»:

 

Զրուցեց՝ Մերի Եղիազարյանը

 

Leave a Response