ԱռողջապահությունԳլխավոր

Ես համաձայն չեմ այս ընթացքով համավարակը կանխելուն ուղղված քայլերի հետ. Լամարա Մանուկյան

5.8kviews

Բոլորիս կյանք ներխուժած համավարակը համառորեն չի ուզում զիջել իր դիրքերը՝ օրեցօր կատարելագործվելով, մուտացվելով՝ ստիպելով հարմարվել իր թելադրած կանոններին՝ բարդացնելով ինչպես մեր, այնպես էլ, առավել ևս, բժիշկների վիճակը:

Բժիշկ-թերապևտ, սրտաբան, ‹‹Ներքին Հիվանդությունների Բժշկության Հայկական Ասոցիացիայի›› նախագահ, ‹‹Քանաքեռ-Զեյթուն›› ԲԿ-ի Հետքովիդային վերականգնողական ծառայության ղեկավար Լամարա Մանուկյանի հետ զրուցում ենք կորոնավիրուսային իրավիճակի, երեխաների շրջանում դրա տարածվածության պատճառների, ախտանշանների, բժշկին դիմելու անհրաժեշտության, պատվաստումների և թեմային վերաբերող այլ հարցերի շուրջ:

Տիկին Մանուկյան, վերջերս Ձեր ֆեյսբուքյան էջում գրել էիք, թե որոնք են քովիդի ախտանիշները՝ հորդորելով դրանց առկայության դեպքում անմիջապես դիմել բժշկի՝ նշելով, որ թեստի դրական լինելը հաստատում է կորոնավիրուսային հիվանդությունը, իսկ բացասական լինելը` չի բացառում: Ինչո՞վ եք դա բացատրում և եթե, այնուամենայնիվ, թեստը բացասական է, ու տվյալ անձը որոշում է չդիմել բժշկի և զբաղվել ինքաբուժությամբ, ապա այս դեպքում ի՞նչ հետևանքների կարող է դա հանգեցնել:

Երեք օրվա ընթացքում առաջին իսկ գանգատների ի հայտ գալուն պես` ջերմություն, շնչառության դժվարացում, հևոց, ցավ կրծքավանդակում, մկանացավ, գլխացավ, մարսողական խանգառումներ` սրտխառնոց, լուծ, ընդհանուր թուլություն և այլն անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկի: Սակայն, ցավոք, փորձը ցույց է տալիս, որ մարդիկ հիմնականում թեստավորվում են, երբ պարզվում է, օրինակ, որ կոնտակտավոր են եղել: Հնարավոր է՝ թեստի տեխնիկապես սխալ վերցված լինելու կամ պացինտի տվյալ պահին սոված չլինելու, ուշ թեստավորվելու արդյունքում, երբ վիրուսն արդեն վերին շնչուղիներում չի լինում՝ թեստը բացասական լինի, և մարդիկ էլ մտածեն, որ իրենք մրսած են ու զբաղվեն ինքնաբուժությամբ: Անպայման խորհուրդ են հարցնում հարևանից, մեկ այլ մարդուց, բայց ոչ բժշկից: Եթե դիմում են ընտանեկան բժշկին՝ դա լավագույն տարբերակն է, նա էլ իր հերթին, եթե թեստը բացասական է լինում, փորձում է հիվանդությունը վարել որպես վերին շնչուղիների վարակ, այլ ոչ թե որպես քովիդ, մինչև արդեն ունենում ենք բարդացում, որովհետև թոքաբորբը քովիդի բարդացումն է, այլ ոչ թե շարունակությունը: Երբ հերթն արդեն հասնում է քովիդ թոքաբորբին, նոր համակարգչային շերտագրում են անում, որով էլ պարզում են թոքերի տիպիկ վիրուսային ինտերսիցիալ ախտահարումը: Այդ ժամանակ մինչ ուշքի են գալիս, որ իրենց մոտ քովիդ է, մինչ սկսվում է բուժումը, քովիդ թոքաբորբը սրընթաց սկսում է զարգանալ՝ առաջացնելով թթվածնային քաղց և այլն, և այլն: Ասեմ, որ կորոնավիրուսի դելտա շտամը թաց հարբուխի է նման, պետք չի այն դիտարկել որպես մրսածություն կամ սովորական վիրուս: Ի սկզբանե դա պետք է դիտարկենք որպես քովիդ, թող հետո ժխտվի, բայց սկզբից պետք հիվանդությունն այդպես վարել, քանզի այդ կերպ շուտ կկարողանանք կանխարգելել բարդությունները: Մարդը պետք է իմանա, որ եթե երեք օր ջերմեց 37 և կեսից ավել (դրանից ցածրը վիրուսային փուլն է, որից հետո սկսում է բաձրանալ. մեկի մոտ երրորդ, մյուսի մոտ՝ հինգերորդ օրը), ուրեմն միտում կա, որ արդեն զարգանում է թոքաբորբ և հինգերորդ օրը մենք արդեն կատարում ենք համակարգչային շերտագրում: Այսինքն՝ քովիդը, ինչպես բոլոր շնչառական վարակները, երկու փուլ ունի. սկզբում վիրուսային փուլն է, որից հետո օրգանիզմից դուրս է գալիս. յոթ օր հետո այն չի կարող լինել օրգանիզմում, բայց իր սև գործն արած է դուրս գալիս՝ թոքաբորբի տեսքով կամ մաքուր՝ առանց բարդության: Կրկին անգամ ուզում եմ շեշտել, որ բոլորն իմանան՝ դա բորբ, բորբոքում չէ, և դա չեն բուժում հակաբիոտիկներով: Դա հարթոքային տարածքի ինտերսիցիալ աուտոիմուն պրոցես է, որն արտահայտվում է անոթների միկրոթրոմբոզով, արյան խտացումով, որն արդեն բուժվում է այլ դեղորայքով՝ հանգցնելով աուտոիմուն բորբոքման, որն արտահայտվում է ցիտոգենային փոթորիկով, այսինքն՝ ցիտոգենների արտանետում է լինում արյան մեջ, որոնք էլ հենց առաջացնում են բորբոքումը, այլ ոչ թե վիրուսը: Դրա համար նշանակում ենք ցիտոգենային փոթորիկը հանգցնող դեղորայք և հակամակարդիչներ, որպեսզի թրոմբոզը կանխարգելենք: Առաջին օրվանից բուժել հակաբիոտիկներով, որտեղ չկա միկրոբ՝ բացարձակ անիմաստ է, որն ավելորդ անգամ ընկճում է առանց այն էլ ընկճված իմունիտետը: Եթե մեր պրոցեսին տաս օր հետո կմիանա նաև բակտերիալ վարակ, այդ ժամանակ, այո՛, ցուցված են միացնել հակաբիոտիկները: Ես, սովորաբար, հակաբիոտիկները բուժմանը միացնում եմ բավականին ուշ՝ եթե բուժման ընթացքում տենդը շարունակվում է:

Եթե պացիենտը մի անգամ արդեն բուժում է ստացել կորոնավիրուսի դեմ, երկրորդ անգամ ևս նույն ախտանիշներով դրական թեստ ունի. այս դեպքում կարո՞ղ է նույն դեղատոմսով՝ առանց բժշկի դիմելու բուժվել:

Բնականաբար՝ ո՛չ, որովհետև ամեն անգամ նույն օրգանիզմում քովիդը տարբեր կերպ կարող է ընթանալ, և կրկնելով նույն բուժումը՝ հնարավոր է նոր խնդիրների առաջ կանգնել: Սա շատ վտանգավոր և մահացու վիրուս է, պետք է շատ զգոն լինել ու անմիջապես դիմել բժշկի:

Ի՞նչ է մանկական քովիդը, ի՞նչ ախտանիշներ ունի:

Հիմա արդեն երեխաներն են սկսել ախտահարվել, որովհետև քովիդն անընդհատ մուտացվում է. սկզբում մեծահասկաներին էր ախտահարում, հետո միջին տարիքի անձանց, այնուհետև՝ երիտասարդներին, հիմա արդեն երեխաներին է սկսել ախտահարել: Մենք սկզբից ասում էինք, որ այս ախտահարումը նման է մուլտիհամակարգային բորբոքման, քանզի բորբոքում է բոլոր օրգան համակարգերը և անգամ նմանեցրեցինք Կավասակիի հիվանդությանը, բայց հիմա արդեն երեխայի մահ ունենք, ծանր դեպքեր՝ վերակենդանացման բաժանմունքներում, սա ավելի խորը պետք է ուսումնասիրվի: Ես, այնուամենայնիվ, ավելի հակված եմ այն տեսակետին, որ երեխաներն, ովքեր ավելի ծանր են տանում կորոնավիրուսային հիվանդությունը, ամեն դեպքում, ունեն ուղեկցող հիվանդություններ:

Ինչու՞ էինք ասում, որ երեխաները կորոնավիրուսային վարակն ավելի թեթև են տանում. դրան շատ պարզ բացատրություն կար. APF ընկալիչները, որի միջոցով վիրուսը մտնում է օրգանիզմ, մեծերի մոտ քանակով շատ է, փոքրերի մոտ՝ քիչ, այն հատուկ ռեցեպտոր ունի, որով մտնում է կոնկրետ տեղ, ամեն տեղով չի կարող ներթափանցել օրգանիզմ, և այդ ընկալիչների 90%-ը տեղակայված են վերին շնչուղիներում՝ թոքերում, մնացածը՝ մյուս օրգան-համակարգերում, իսկ երեխաների մոտ այդ ընկալիչները թոքերում շատ քիչ են, որը տարիքի հետ ավելանում է, դրա համար էլ վիրուսի օրգանիզմ մտնելու հավանականությունը քիչ է, բայց հիմա, քանի որ քովիդը մուտացվեց, ունեցանք բազմաթիվ շտամեր, և արդեն մուտացված, ձևափոխված S սպիտակուցը հնարավոր է լրիվ այլ ճանապարհով է օրգանիզմ մտնում:

Մանկական քովիդի ախտանիշներն են` հարբուխային երևույթները, տենդը, սրտխառնոցը, փսխումը, լուծը, սուր շնչառական անբավարարվածությունը: Երեխաների մոտ կան բոլոր այն նույն գանգատները, ինչ մեծահասակների մոտ և շատ ավելի սուր են արտահայտվում. եթե նրանց մոտ մի քանի օր է տևում՝ մինչ բորբոքման ու բարդացման փուլը, ապա երեխաների մոտ հնարավոր է հենց միանգամից շատ բարձր ջերմություն լինի:

Բժշկուհի, ինչպե՞ս եք վերաբերվում 12 տարեկանից բարձր երեխաներին MODERNA-ի պատվաստանյութերով պատվաստելու թույլտվության ՛ պատվաստումային գործընթացին, առհասարակ։ 

Բնականաբար սա նորից միտված է նրան, որ փրկենք երեխաների կյանքերը: Իմ վերաբերմունքը պատվաստանյութերին այսպես է. բոլոր պատվաստանյութերն ունեն մեկ նպատակ՝ կանխել մահերը, ոչ մի պատվաստանյութ չի կանխարգելելու վարակելիությունը: Համաձայն մի հետազոտության՝ բոլոր այն երկրներում, որտեղ հասել են պատվաստման թիրախային թվի՝ 60-70%՝ վարակելիության ու հիվանդների նույն քանակն ունեն, ինչ այն երկրները, որտեղ բնակչության 10% է պատվաստվել, մի տարբերությամբ միայն, որ առաջիններում մահացության թիվն է նվազել:

Բոլոր պատվաստանյութերն, իմ կարծիքով, մինչև վերջ հետազոտված չեն, իհարկե, ծնողների թույլտվությամբ ու ցանկությամբ երեխաների վրա հետազոտություն արված է…. Ընդհանուր առմամբ, ես նորմալ եմ վերաբերվում պատվաստումային գործընթացին, այո պետք է պատվաստվենք, որ մահացություն չլինի, բայց, միևնույն ժամանակ, ասում եմ, որ այն չի կարող վատ լինել:

Ի՞նչ արդյունավետություն ունեն ներկայիս պատվաստանյութերը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ դրանք ստեղծվել են կորոնավիրուսի սկզբնական՝ բետա շտամի կանխարգելման համար, և ո՞րոնք են հակահամաճարակային արդյունավետ միջոցառումներն, ըստ Ձեզ:

Այն ժամանակ, երբ ստեղծվեցին այս բոլոր պատվաստանյութերն, այո՛, դա բետա շտամի ժամանակ էր, և երբ ի հայտ եկավ արդեն դելտա շտամը, հետազոտությունները ցույց տվեցին, որ, այս դեպքում, պատվաստանյութի արդյունավետությունը 10% է: Ըստ հետազոտությունների՝ Pfizerը, որն ամենաբարձր արդյունավետությունը տվեց՝ 96%, հիմա արդեն 30% ազդեցություն ունի դելտայի ժամանակ, այսինքն՝ անընդհատ նոր պատվաստանյութեր են պետք՝ ամեն նոր շտամի համար, բայց ես ուզում եմ ոչ թե պատվաստանյութերի վրա ուշադրություն դարձնել, քանզի պատվաստումը միայնակ չի կարող փրկել պանդեմիան, իհարկե, նորից կրկնեմ, որ այն կնվազեցնի մահերը. միակ տարբերակը, որ այսօր ամբողջ աշխարհը դրա շուրջ է մտածում՝ նոր դեղամիջոց ստեղծելն է, որն ամենաառաջին իսկ շրջանից կընկճի վիրուսին, քանզի այսօր մենք չունենք ոչ մի հակավիրուսային դեղամիջոց, որը հենց սկզբից, մինչ հետևանքներ թողնելը՝ կվերացնի այն:

Երկրորդը, քանի ես միշտ ասում եմ, որ պատվաստման գործընթացը պանդեմիայի ժամանակ արդյունավետ չի, որովհետև դրա ներարկումից հետո պետք է սպասել պաշտպանիչ հակամարմինների արտադրվելուն, որի համար ժամանակ է պետք: Մինչ դա արտադրվի՝ այդ մարդը հնարավոր է վարակվի, իսկ կոնկրետ քովիդի դեպքում այսպես է. առաջին դեղաչափից հետո մենք չունենք պատշաճ քանակի հակամարմին, 21 օր հետո երկրորդն ենք անում՝ էլի մի 21 օր չունենք, անգամ օրերս Արսեն Թորսյանն իր խոսքում նշեց ամիս և կեսը, բայց հիմա, ասեմ ավելին, նա երևի տվյալներին լավ չի տիրապետում, որովհետև դրանից հետո 6 ամիս գոնե պետք է պահի՝ դա էլ չի արվում, այսինքն՝ ես հիմա հիվանդներ ունեմ, ովքեր 2-3 ամիս առաջ պատվաստվել են, բայց այսօր միջին ծանրության քովիդ են. մահացու չէ, բայց ծանր ընթացք ունի, այսինքն՝ այդ վեց ամիսը հակամարմինները չի պահում: Մենք երեք ամիսը մեկ առաջարկում էին բուստերային կրկնակի դոզա անել, հիմա չունեմ այդ տվյալները՝ դրանից հետո պահում է, թե՝ ոչ, այսինքն՝ կան մարդիկ, ում մոտ չի արտադրվում պատշաճ քանակի հակամարմիններ, որովհետև, ամեն դեպքում, պատվաստանյութը ստեղծված է եղել բետա շտամի համար, հիմա եթե նորից ստեղծենք դելտայի համար, իսկ մինչ դա կրկին նոր շտամ կլինի. ես համաձայն չեմ այս ընթացքով քովիդը կանխելուն ուղղված քայելրի հետ, ես գտնում եմ, որ պետք է զարգացնել այն միտքը՝ համաձայն որի պատվաստանյութի փոխարեն արդեն պատրաստի հակամարմիններ ներարկենք (սա խելացի միտք է, բայց փորձարկումներ պետք է անցնի, որ տեսնենք դրա արդյունավետության տոկոսայնությունը), կամ էլ վերոնշյալ հակավիրուսային դեղամիջոցը:

Մենք դեռ մի քանի տարի կապրենք այս վիրուսի հետ, քանզի այն շատ ագրեսիվ է և անընդհատ մուտացվող է. նա էլ իր գոյության կռիվն է տալիս, պետք է զգոն լինենք և մտածենք կանխարգելման այլ հնարավոր ուղիների մասին:

Բժշկուհի, ո՞րն է Ձեր ցանկությունը խոսքը կամ կոչը համավարակային դժվար իրադրության մեջ հայտնված մարդկանց:

Ես ուզում եմ, որ մեր ժողովուրդը զգոն և սթափ լինի, որ այսօր այն միտքը, թե ‹‹ինձ մոտ չի կարող քովիդ լինել, ես պարզապես մրսած եմ››՝ լսել եմ 2020թ.-ի մարտ ամսից առ այսօր: Արդեն բավական փորձ ունենք, որ հասկանանք, թե սա ինչ նենգ վիրուս է, հենց ամենաառաջին իսկ գանգատներից դիտարկեք որպես քովիդ՝ թող հետո ժխտվի, դիմե՛ք բժշկի, որովհետև փոքրիկ հետազոտություններն ու իմ փորձը ցույց են տալիս, որ այն հիվանդին, ում հենց առաջին օրը նշանակում եմ հակավիուսային դեղորայք՝ վիճակը չի ծանրանում: Ինչքան շուտ ընդունենք, ախտորոշենք ու սկսենք բուժվել՝ այնքան լավ, բայց նաև պետք չի մի ծայրահեղությունից մյուսին անցնել՝ գերտագնապային վիճակի, այսինքն՝ մի փռշտոցից հետո անմիջապես գնալ համակարգչային շերտագրման՝ ևս պետք չէ հասնել:

Ամենակարևորը ինքնաբուժությամբ չզբաղվել, հարևանի, բարեկամի նույն գանգատների ունենալով՝ նրանց դեղատոմսից չօգտվել, որովհետև այս դեպքում էլ յուրաքանչյուրի մոտ հիվանդությունն այլ ընթացք կարող է ունենալ, անպայման պետք է հետազոտվել, առանց դրանց բուժում չի կարելի անել. խոսքս նաև բժիշկներին է ուղղված: Առավել ևս, հակամակարդիչներ ինքնուրույն խմել չի կարելի, որովհետև ունենք բազմաթիվ դեպքեր, որ մարդիկ ունենալով թոքերի ընդամենը 10% ախտահարում՝ մահացել են արյունահոսությունից:

Պետք է հավատալ վիրուսին, իսկ պատվաստմանը վերաբերվել այսպես. այո՛, պատվաստանյութերը լիարժեք հետազոտված չեն, բայց պետք է պատվաստվենք, որպեսզի կանխենք մահացությունը՝ հասկանալով նաև, որ ապահովագրված չենք վարակելիությունից:

Իմ սեփական մոտեցմամբ՝ ամենաբարձր իմունիտետը՝ բնականն է. երբ մարդը վարակվում է՝ ունենում է բնական իմունիտետ:

Առողջ եղե՛ք:

 

Զրուցեց՝ Մերի Եղիազարյանը

Leave a Response