Կյանքը de factoՄիջազգային

Ռուս խաղաղապահներն արձակուրդների ընթացքում համալիր դասընթացներ են կազմակերպել ավելի քան 50 աշակերտի համար Լեռնային Ղարաբաղում. ՌԴ ՊՆ

8.9kviews

Ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողները դպրոցական արձակուրդների ժամանակ «Խաղաղության» ինտերակտիվ դասընթացներ են կազմակերպել միջին և բարձր դասարանների ավելի քան 50 աշակերտի համար Ստեփանակերտի դպրոցում: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը:

 

«Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների ներկայության մեկամյակի լրանալուն ընդառաջ միջոցառումների շարք ենք իրականացնում, որոնց ժամանակ լուսաբանում ենք խաղաղապահ զորակազմի գործունեությունը, հանդիպում ենք աշակերտների և ուսուցիչների հետ: Այժմ,նույնիսկ արձակուրդների ժամանակ դպրոցներում դասընթացներ ենք անցկացնում: Դպրոցներում երկրորդ դասարանից ռուսերեն են անցնում, այդ իսկ պատճառով շփումը երեխաների հետ բավականին ըմբռնելի մակարդակով է տեղի ունենում: Երեխաները մեծ ցանկությամբ են ներկա գտնվում նման միջոցառումների»,- ասել է ռուսական խաղաղապահ զորակազմի հումանիտար արձագանքման կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Կորոլյովը:

 

Պարապմունքների ընթացքում զինծառայողները երեխաներին պատմել են խաղաղապահ զորակազմի ստորաբաժանումների գլխավոր առաջադրանքների, ինչպես նաև Ռուսաստանում և աշխարհում խաղաղապահ ուժերի ստեղծման պատմության մասին:

 

Հաղորդվում է, որ նոյեմբերին հումանիտար արձագանքման կենտրոնի սպաները 10 ուսումնական հաստատություն կայցելեն Լեռնային Ղարաբաղի հեռավոր շրջաններում և հումանիտար օգնություն կհատկացնեն աշակերտներին:

 

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

Leave a Response