ԱռողջապահությունՀասարակություն

Մարտի 1-ից 470 անվանման դեղանյութ կվաճառվի էլեկտրոնային դեղատոմսով

282views

Մարտի 1-ից Հայաստանում 470 անվանման դեղանյութ կվաճառվի էլեկտրոնային դեղատոմսով: Համապատասխան որոշումը փետրվարի 29-ի նիստում հաստատեց Հայաստանի կառավարությունը:

ՀՀ կառավարության՝ 2019 թվականի օգոստոսի 15-ի որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը ներկայացրեց առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը: Նշվեց, որ նախագծով առաջարկվում է այսուհետև էլեկտրոնային դեղատոմսով դուրս գրել հակավարակային, հակաբիոտիկային, հակասնկային, հակամիկրոբակտերային, հակավիրուսային դեղերի, իմունային շիճուկների, իմունոգլոբիլին և պատվաստանյութեր ու միզոպռոֆոլ դեղամիջոցները, ինչը, ըստ նախագծի հեղինակների, կհանգեցնի ինքնաբուժության նվազմանը, որակյալ, արդյունավետ և նպատակային բժշկական օգնության տրամադրմանը, բնակչության իրազեկվածության բարձրացմանը, ինչպես նաև՝ վերահսկողության բարձրացմանը:

Էլեկտրոնային դեղատոմսի ներդրումը հնարավորություն կընձեռի վերահսկել և կանոնակարգել դեղը բուժառուին հասցնելու հետագիծը: Նախագիծը մշակվել է բոլոր շահագրգիռ կողմերի հետ տևական քննարկման արդյունքում:

Պիլոտային նախագիծը իրականացվել է դեռ 2022 թվականի հուլիսից: Սկզբնական շրջանում այն ներառել է կենտրոնացած գնումներով ձեռքբերած դեղերի 75 անվանում՝ 12 հիվանդության համար: Այս պահին էլեկտրոնային դեղատոմսով հնարավոր է ձեռք բերել 470 անվանում դեղ, որից 395-ն՝ անվճար և արտոնյալ պայմաններով, նաև վերոնշյալ խմբերի՝ 75 անվանում դեղ: Դա ներառում է Հայաստանում գրանցված 3370 անվանում դեղերի շուրջ 20 տոկոսը: Ընդ որում՝ այսուհետ դեղը դուրս է գրվելու ազդող նյութի տեսակով, այլ ոչ թե բրենդային անվանմամբ:

2025-ի հունվարի 1-ից նման եղանակով կառաջարկվի ևս 2566 դեղանվանում: Մնացածը, ինչպես նշեց փոխնախարարը, պարտադիր չէ, որ դուրս գրվեն դեղատոմսով:

Leave a Response