Մեկնարկեց «Էլեկտրոնների, պոզիտրոնների, նեյտրոնների և ռենտգենյան ճառագայթների ցրումը արտաքին ազդակների առկայությամբ» VII միջազգային գիտաժողովը

Յուրաքանչյուր երկրի զարգացման ու հզորացման գործում գիտությունն իր կարևորագույն տեղն ու դերն ունի: Այս համատեքստում այսօր՝ հոկտեմբերի 18-ին ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի Կիրառական պրոբլեմների ինստիտուտում մեկնարկեց «Էլեկտրոնների, պոզիտրոնների, նեյտրոնների և ռենտգենյան ճառագայթների ցրումը արտաքին ազդակների առկայությամբ» VII ավանդական, միջազգային գիտաժողովը, որին մասնակցում են անվանի ֆիզիկոսներ, երիտասարդ մասնագետներ՝ Հայաստանից, Ռուսաստանի Դաշնությունից, Գերմանիայից, Իտալիայից, ինչպես նաև՝ ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամներ:
Հիշեցնենք, որ 1980-ական թվականներից ինստիտուտի հիմնադիր, ակադեմիկոս Ալպիկ Ռաֆայելի Մկրտչյանի նախաձեռնությամբ կազմակերպվել են պարբերական «Մոդուլյացիոն մյոսբաուէրյան սպեկտրասկոպիա» և «Էլեկտրոնների, պոզիտրոնների, նեյտրոնների և ռենտգենյան ճառագայթների ցրումը արտաքին ազդակների առկայությամբ» միջազգային գիտաժողովները, որոնք տեղի են ունեցել Երևանում, Սևանում և Մեղրիում: Այսօր էլ, շարունակելով ավանդույթը, ինստիտուտի ներկայիս տնօրեն, ՀՀ ԳԱԱ թղթ. անդամ, պրոֆեսոր Արտակ Մկրտչյանի նախաձեռնությամբ վերսկսվելով 2009թ.-ից ՝դրանք տեղի են ունենում երկու տարի պարբերականությամբ:
Նշենք, որ միջազգային գիտաժողովը շարունակվելու է Մեղրիում, որտեղ կայանալու է նաև Գ.Ա. Ասկարյանի անվան երիտասարդ գիտնականների դպրոցը։
Հարկ է նաև նշել, որ ևս մեկ՝ Ակադեմիկոս Ա․Ռ․ Մկրտչյանի անվան Երիտասարդ գիտնականներ դպրոցի կազմակերպումը՝ ՀՀ ԳԱԱ ՖԿՊԻ թեմատիկայով նախատեսված է իրականացնել եկող տարի (այս տարվա մայիս ամսին այն արդեն փորձնական իրականացվել է) :
«Էլեկտրոնների, պոզիտրոնների, նեյտրոնների և ռենտգենյան ճառագայթների ցրումը արտաքին ազդակների առկայությամբ» VII միջազգային գիտաժողովի և «Երիտասարդ գիտնականների» դպրոցի վերաբերյալ gmpress.am-ը գիտական հանրությանն ու գիտությամբ հետաքրքրված ընթերցողներին ամբողջական տեղեկատվությունը կներակայացնի հաջորդ հրապարակմամբ:
Հեղինակ՝ Մերի Եղիազարյան