
Հոգու ինքնարտահայտման հզորագույն դրսևորումներից է կերպարվեստը, որի միջոցով յուրաքանչյուր նկարիչ արտացոլում է այս կամ այն իրականությունը՝ ստեղծելով դիտարկելի, ակներև, ինչպես նաև՝ թաքնված հույզեր, ապրումներ ու կերպարներ։
Անդրադառնանք կերպարվեստի ժամանակակից ուղղություններից մեկին՝ սթրիթ արտին (անգլ.՝ Street art՝ փողոցի արվեստ), որին բնորոշ է վառ արտահայտված ուրբանիստական բնույթը։ Այստեղ կարևոր է ամեն մանրուք, ստվեր, գույն, գիծ, քանզի դրանց միջոցով նկարիչը ստեղծում է իր ոճավորված լոգոն՝ «եզակի նշանը»՝ տարբեր սյուժեներ ցուցադրելով՝ հանդիսատեսին ներառելով երկխոսության մեջ:
‹‹Հայկյան արվեստանոց››-ի հիմնադիր, բազմաթիվ մրցույթների դափնեկիր Հայկ Հակոբյանը մերօրյա սթրիթ արտյան ուղղության կարկառուն ներկայացուցիչներից է: Իր ձեռքերով նկարազարդելով սեփական արվեստանոցը՝ նկարիչը նոր շունչ է մտցրել կերպարվեստում, ինչպես ինքն է ասում, ցանկանալով գունավորել, լցնել մեր մոխրագույն առօրյան. ‹‹Իմ նկարներում պատկերում եմ այն, ինչ մարդիկ վախենում են նկարել կամ խոստովանել՝ փորձելով իրականությունը թաքցնել հոգու մութ անկյուններում: Ես նկարում եմ հենց այդ իրականությունը, ինչքան էլ, որ այն դաժան լինի՝ ցույց տալով, որ կա վատը, բայց պետք է միշտ ընտրել լավն ու բարին››,- մեզ հետ զրույցում նշեց երիտասարդ նկարիչը:
Տաղանդավոր նկարիչն, ով սովորել է Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնում, Հակոբ Կոջոյանի անվան գեղարվեստի դպրոցում, Փանոս Թերլեմեզյանի անվան ուսումնարանում, ինքն է պատրաստվում ուսուցում իրականացնել մինչև 14 տարեկան երեխաների համար, որի մասին առավել մանրամասն կտեղեկացնենք:
Ստորև ներկայացնում ենք փոքրիկ աշխատանքային հոլովակ՝ նկարչի արվեստանոցից: