Արժեքներ

«Մեր դահլիճները լեփ-լեցուն են լինում». «Թատրոն Կայարան»-ի փոխտնօրեն

1.8kviews

Թատրոնը մշակութային  արվեստի յուրօրինակ ճյուղն է, ամենաազդեցիկ այն գործիքը, որով կարելի է ներգործել մարդու վրա՝ գեղագիտական հաճույքից զատ նաև կրթելով ու  դաստիարակելով մի ողջ սերունդ: Այս առումով Հայաստանը, կարելի է ասել, նաև թատրոն է բաց երկնքի տակ, քանզի փոքրիկ այս հողում իրենց մշակութապահպան գործունեությունն են ծավալում բազմաթիվ թատրոններ: Վերջին երկու տարիներին այդ անունների կողքին ավելացել է ևս մեկը ՝ «Թատրոն Կայարան» –ը, որն իր յուրօրինակ, գունագեղ ոճով նոր շունչ է մտցրել մշակութային կյանքում:

Թատրոնի ստեղծման գաղափարի, գործունեության, դերասանական կազմի, ներկայացումների և  թեմային վերաբերող այլ հարցերի շուրջ զրուցում ենք «Թատրոն Կայարան»-ի  փոխտնօրեն, ՀԹԳՄ անդամ Անդի Սողոմոնյանի հետ:

Պարոն Սողոմոնյան, ինչպե՞ս հղացավ նոր թատրոն ստեղծելու գաղափարը, ովքե՞ր են հիմնադիրները, ինչպիսի՞ ուղղվածություն ունի և տարիքային ո՞ր խմբերի համար են նախատեսված ներկայացումները:

Մոտավորապես 2 տարի առաջ Պետական  Կամերային Երաժշտական Թատրոնի դերասաններ Արթուր Պետրոսյանի և Կարապետ Քարաջյանի կողմից նոր թատրոն ստեղծելու միտքը  հղանալուց հետո կյանքի կոչվեց և դրվեց «Թատրոն Կայարան»-ի  սկիզբը՝ Տիգրան Մեծ 80/1 հասցեում՝ Սասունցի Դավթի արձանի հարեւանությամբ գտնվող նախկին մշակույթի  պալատի շենքում, որտեղ ամեն ինչ կառուցվել է զրոյից: Որոշ ժամանակ անց, տղաների հրավերով, նրանց միացա  նաև ես՝ գալով այստեղ հեռուստատեսությունում մոտավորապես   տարի 15 տարի աշխատելուց հետո:

«Թատրոն Կայարան» –ը կոլորիտային թատրոն է,  բազմաժանր, որն իր մեջ ներառում է ՝ ժամանակակից ուղղություն, ոճերի և ժանրերի միախառնում, երգի, պարի, երաժշտության սինթեզ, բանավոր գործողություններ, դերասանական և պլաստիկ լուծումներ՝ նախատեսված տարիքային տարբեր խմբերի համար: Ռեպերտուարում ներկայացումներն օր օրի  ավելանում են, իսկ  հանդիսատեսի քանակի ավելացումը մեր կողմից որակի ապահովման արդյունքն է, որի գրավականներից է նաև «Թատրոն Կայարան»-ի հմուտ դերասանական կազմը:

«Թատրոն Կայարան»ը ունի նաև հյուրախաղերի ծրագիր, և արդեն իսկ հասցրել ենք ՀՀ տարբեր մարզեր հաճախել, ճանաչվել մեր ներկայացումներով՝ նպատակ ունենալով  մշակութային ճաշակ ձևավորելու և, գլխավորապես, երիտասարդ սերնդին դեպի արվեստ բերելու:

Ի՞նչ սկզբունքով են ընտրվում խաղացվելիք ներկայացումները:

Նշեմ, որ ի սկզբանե ռեպերտուարում եղել են մանկական ներկայացումներ, որից հետո անցում կատարեցինք պատանի հանդիսատեսին՝ մեր գեղարվեստական ղեկավար և, միաժամանակ, նաև բեմադրող ռեժիսոր Կ.Քարաջյանի կողմից Ղազարոս Աղայանի «Անահիտ» հեքիաթի հիման վրա պիեսի բեմադրությամբ: Հպարտությամբ նշեմ, որ պիեսը բավականին մեծ հաջողության ունեցավ, նկատվեց անգամ Ֆրանսիայում, ընդգրկվեց «Արտավազդ» մրցանակաբաշխության անվանակարգում: Սա շատ գովելի փաստ է, հատկապես, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ ընդամենը  2 տարվա թատրոնը «քայլեր է գցում» բավականին հին թատրոնների հետ: Ասեմ նաև, որ նույն այդ թատրոնների հետ համեմատած, մեր տարածքն ավելի մեծ է և մինչ մեզ, ժամանակին այստեղ խաղացել են  լուսահոգի Կարպ Խաչվանքյանը, Խորեն Աբրահամյանը, Սվետլանա Գրիգորյանը և այլոք, այսինքն՝ մենք լավագույն ավանդույթները պահպանում ենք և շարունակում: Յուրաքանչյուր ներկայացման մեջ, գեղագիտական հաճույքից բացի, թատերական արվեստի միջոցով տալիս ենք նաև բարոյահոգեբանական, մշակութային կրթություն՝ բարձրացնելով բարոյական, ազգային, քաղաքացիական, հոգևոր գաղափարներն ու արժեքները՝ զարգացնելով յուրաքանչյուրի մեջ սերը դեպի հայրենիքը, ընտանիքը, ծնողը, ընկերը, աշխատանքը, որն անչափ կարևոր է: Այս ենթատեքստում ներկայումս հանդիպումներ եմ ունենում կրթական և նախակրթական հաստատությունների տնօրենների հետ, որպեսզի աշակերտները մեր ներկայացումները նայելով՝ ստանան նաև հոգևոր կրթություն և կյանքում առաջնորդվեն այդ սերերի սկզբունքով: Նույնիսկ հատուկ ներկայացում ունենք, որտեղ մեր բեմադրող ռեժիսորի հսկայական աշխատանքի շնորհիվ շատ հստակ, գեղագիտորեն ընդգծված  են վերոնշյալ հինգ սերերի պահպանման կարևորությունը յուրաքանչյուրիս կյանքում: Հպարտությամբ պետք է փաստեմ, որ չեմ տեսել գեթ մեկ հանդիսատես, որ հիացմունքով և  հուզված չհեռանա  թատրոնից, մեր 400 տեղանոց դահլիճները լեփ-լեցուն են լինում, նույնիսկ հավելյալ աթոռներ ենք ավելացնում:

Համագործակցու՞մ եք հայաստանյան թատրոնների հետ:

Համագործակցություններ ունեք մեր թատրոնների ռեժիսորների հետ, ունենք հրավիրյալ ռեժիսորներ՝ Հրիկ (Հրանուշ) Չիչակյանը, Ռիմա Հովեյանը և այլոք: Այս առումով բաց ենք, սիրով համագործակցում ենք բոլոր նրանց հետ, ում հետ կարողանում ենք գալ ընդհանուր հայտարարի:

Տոնական ի՞նչ ներկայացումներ են սպասվում, ի՞նչ նորությամբ կուրախացնեք ձեր հավատարիմ հանդիսատեսին:

Մինչ տոնական ներկայացումների մասին խոսելն ասեմ, որ շատ շուտով՝ դեկտեմբերի 5-ին, պրեմիերա ունենք մեր սիրելի փոքրիկների համար՝ «Պույ Պույ մկնիկը» հրաշալի ներկայացման տեսքով, այնուհետև շատ հետաքրքիր  կատակերգություն՝ «Վաճառեք ձեր ամուսնուն»՝ արդեն մեծահասակների համար:

Ամանորյա սպասվելիք ներկայացումները ևս շատ հետաքրքիր են և իմաստալից. մեր սիրելի երեխաների համար պատրաստել ենք «Գրինչը», որը մեզ մոտ բավականին հաջողություն ունեցավ, ասեմ ավելին, արդեն 25 սեանս վաճառվել է, որը շատ գովելի փաստ է: Ի դեպ,  Արարատում հյուրախաղ ունենք հենց «Գրինչ»-ով: «Գրինչը»  ևս ունի դաստիարակչական բնույթ, որ մարդ չպետք է լինի չար, նախանձ, այլ պետք է լինի ընկերասեր ու բարի:

Մեծերի համար  նախատեսված է «Մանդարինի լիկյոր» կատակերգությունը, որը շատ նման է ռուսական «Բաղնիքդ անուշ» ֆիլմին:

Պարոն Սողոմոնյան, մեր հարցերն այսքանն էին, կա՞ որևէ բան, որ ինքներդ կուզեիք ավելացնել, կամ գուցե որևէ մաղթանք, ցանկություն:

Կցանկանայի հավելել, որ ուզում եմ մենք՝ արվեստի  յուրաքանչյուր ներկայացուցիչ մեր ներդրումն ունենանք՝ պահպանելու և շարունակելու հայկական բազմադարյան մշակութային արժեքները, իսկ հանդիսատեսն էլ իր հերթին նպաստի դրան՝      իր այցելություններով ու ճանաչողությամբ: Ես միշտ ասում եմ, որ մշակույթի վիտամինը միշտ պահել է պետք, իսկ մեր վիտամինը, իմունային համակարգը մեր  հասարակությունն է:

Նշեմ նաև, որ «Թատրոն Կայարան»-ի  հանդիսատեսը հաճույք է ստանում ինչպես ներկայացումներից, այնպես էլ շենքային արտակարգ պայմաններից, իսկ մենք էլ «հաճույք ենք ստանում նրանց հաճույքից»:

Որակյալ ներկայացումներ, ջերմ հանդիսատես և հաճելի միջավայր….. մեզ մոտ «երեքը մեկում» լինում է:

Զրուցեց՝ Մերի Եղիազարյանը

 

Leave a Response