Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի լեզուների ամբիոնի դասախոսների բաց նամակն՝ ուղղված ՀՀ ԿԳՄՍ նախարարին
Սույն թվականի հոկտեմբերի 20-ին Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի լեզուների ամբիոնի դասախոսները դիմել են ՀՀ ԿԳՄՍ նախարար Վ․Դումանյանին՝ բողոքելով համալսարանի ռեկտորի կամայականություններից։
Ստորև ներկայացնում ենք 25 դասախոսների կողմից ստացված բաց նամակի բովանդակությունն ամբողջությամբ։
ՀՀ ԿԳՄՍ նախարար
պ—ն Վ․Դումանյանին
Հարգարժան պարոն նախարար
Ստիպված ենք դիմել Ձեզ, քանի որ այլընտրանք չունենք:
2019 թվականից բուհում սկսվել են զարմանալի «բարեփոխումներ», որոնք և՛ անարդյունավետ են, և՛ անիմաստ: Հիմնական թիրախը լեզուների ամբիոնն է` այն անհիմն մեղադրանքով, որ դասախոսները ցանկալի որակ չեն ապահովում, մինչ ռեկտորը պնդում է, որ «մեր նպատակն է, որ մեր շրջանավարտներն ավարտեն համալսարանը առնվազն 2 օտար լեզուների ազատ տիրապետմամբ»: Մի՞թե հնարավոր է այդ նպատակին հասնել և որակ ապահովել ակադեմիական ժամերի նպատակային կրճատման պայմաններում՝ առանց լսարանների տեխնիկական հագեցվածության, որոնք օտար լեզվի դասավանդման համար առաջնային նշանակություն ունեն: Համալսարանում 2020 թ. բացվել է լեզվի կենտրոն, որի հիմնական գործառույթը պետք է լիներ ցանկացողներին վճարովի/անվճար հիմունքներով օտար լեզվի դասավանդումը, սակայն արդեն 2 տարի է, ինչ լեզվի կենտրոնին են փոխանցվել նաև մագիստրատուրայի «Զբոսաշրջություն» և «Սերվիս» մասնագիտությունների, ինչպես նաև մասամբ «Շինարարություն» մասնագիտության օտար լեզվի ակադեմիական ժամերը: Այս ուստարվանից օտար լեզու անցնում ենք մեկ կիսամյակ: Մնացած ժամերը փոխանցված են լեզվի կենտրոնին, չնայած կենտրոնը ակադեմիական ժամեր վարելու իրավունք չունի, ինչը «Բարձրագույն և հետբուհական կրթության» մասին» ՀՀ օրենքի կոպիտ խախտում է:
Ուսումնական պլանները փոփոխվում են ոչ միայն պետական չափորոշիչների խախտմամբ, այլև ուսումնական տարվա կեսին կամ նախաշեմին: Դուք քաջատեղյակ եք, որ ընդունելության շեմը նվազագույնից ցածր իջեցնելու պատճառով բուհում հայտնվում են հայոց լեզվից ոչ լիարժեք գիտելիքներով ուսանողներ, իսկ հայոց լեզվի դասավանդումը երկու կիսամյակ երկուական ժամի փոխարեն դարձել է մեկ ժամ՝ մեկ կիսամյակում (45 րոպե)․ մի՞թե հայոց լեզուն հայ ժողովրդին այլևս պետք չէ:
Օտար լեզուների գծով (այդ թվում նաև ռուսերենի) համալսարանը դարձել է փորձադաշտ: Ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմը նախապես հայտնում է իր մասնագիտական բացասական կարծիքը՝ արկածախնդիր փորձարարական մեթոդական նորարությունների անարդյունավետության վերաբերյալ և առաջարկում իր տարբերակը, սակայն, ապարդյուն. անցնում է լեզվի կենտրոնի ոչ փորձառու ղեկավարի առաջարկը: Համալսարանի ղեկավարությունը մեր եզրակացությանն է գալիս միայն ուստարվա ավարտին, բայց դրանից ուսումնական գործընթացը չի շահում:
Ամբիոնի կողմից քննարկված և ռեկտորին գրավոր ներկայացված բարեփոխումների առաջարկությունները չեն ընդունվում (անգամ ռեկտորը 1 ամսից ավելի է, ինչ չի ընդունում պրոֆեսորադասախոսական կազմին՝ քննարկումներ անցկացնելու համար): Ղեկավարության և նրա համախոհների կողմից ընդհանուր ձևով հնչում են անհիմն քննադատություններ ամբիոնի աշխատակիցների հասցեին, փորձ է արվում վարկաբեկել մեզ, չնայած մեր դասախոսներն ունեն երկար տարիների դասավանդման փորձ, բարձր որակավորում, գիտական կոչումներ, մասնակցում են գիտական հետազոտությունների, անցել են վերաորակավորման դասընթացներ, բուհական դասագրքերի հեղինակներ են, ոմանք ունեն միջազգային սերտիֆիկատներ և տեխնիկական բուհում դասավանդելու տարիների միջազգային փորձ: Մշտապես ճնշումներ են գործադրվում ամբիոնի դասախոսների վրա, ինչը խաթարում է մեր բնականոն աշխատանքը:
Մեր կողմից կազմված և համալսարանի գիտխորհրդի կողմից տպագրության երաշխավորված մասնագիտական անգլերենի դասագիրքը տպագրվել է հեղինակների սեփական միջոցներով (Developing Technical English; 2022): Հիմնականում ամբիոնի վարիչի հաշվին է կատարվում նաև ամբիոնի աշխատակիցների գիտական աշխատանքների տպագրությունը (ԲՈԿ-ի չափանիշներ ունեցող հանդեսներում):
Արդեն շուրջ տասը տարի է ամբիոնում պրոֆեսորադասախոսական կազմի մրցույթ չի անցկացվում (չնայած որ համալսարանի ղեկավարությունն անընդհատ շեշտում է ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմի մեծաքանակ լինելը), որպեսզի ռեկտորն իրավունք ունենա ցանկացած պահի խզել մեկ տարով կնքված պայմանագիրը, եթե դասախոսը կամ ամբիոնի վարիչը նրան ձեռնտու չէ: Ավելին, ամբիոնի դասախոսները ուստարվա նախաշեմին անակնընկալի են գալիս՝ ժամերի կտրուկ կրճատման փաստից: Սա մարդու աշխատանքային իրավունքների կոպիտ խախտում է:
Ամբիոնը մշտապես մասնակցել է ուսանողական բոլոր մրցույթներին: Թերևս 2021-2022 ուստարում համալսարանի ուսանողները մասնակցել են ռուսաց լեզվի հանրապետական ուսանողական օլիմպիադային (1-ին տեղ), Մոսկվայի տանն անցկացրած «Ռուս բանաստեղծները Հայաստանի մասին» ասմունքողների մրցույթին (2-րդ տեղ), ՌԴ Ստավրոպոլի Հյուսիս-Կովկասյան դաշնային համալսարանի կողմից հայտարարված միջազգային մրցույթին (1-ին տեղ): Մինչդեռ ռուսաց լեզվի ժամերը «խրախուսման» նպատակով կրճատվել են այն պարագայում, երբ 2023թ. ԱՊՀ երկրներում հռչակվել է որպես «Ռուսաց լեզվի տարի»:
Իրականում, ինչպես համոզվեցինք, ռեկտորի թիրախը մեր ամբիոնի վարիչ բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վաղարշակ Մադոյանն է: Դեռ 3 տարի առաջ փորձ է արվել նրան աշխատանքից ազատելու, քանի որ ղեկավարությունն ուներ իր թեկնածուն: Չստացվեց, քանի որ Վ. Մադոյանը աշխարհում հայտնի գիտնական է (հայ միակ ժամանակակից գիտնականն է, որն ընդգրկված է «Ведущие языковеды мира». М., 2000 հանրագիտարանում), արտասահմանում ունի մեծ հեղինակություն (գիտական հանդեսների խմբկոլի անդամ է, այդ թվում WEB of science մակարդակի), շուրջ 200 գիտական աշխատությունների, 35 գրքերի հեղինակ է, ունի տարբեր երկրների պետական պարգևներ, այդ թվում՝ Վ. Վ. Պուտինից: Նա եզակի մարդկանցից է, որն աչքի է ընկել հայ մտավորականին վայել բացարձակ ազնվությամբ, միշտ անշահախնդիր օգնել է մեզ մանկավարժական, գիտական և գիտամանկավարժական աշխատանքներում: Շուրջ 30 տարի նա արդյունավետ և անխափան ղեկավարում է ամբիոնը:
Խնդրում ենք ուշադրության արժանացնել մեր դիմում-նամակը (ընդունել ամբիոնի աշխատակիցներին՝ խնդիրներն առերես քննարկելու), վերադարձնել ամբիոնին իր գործառույթները, բեռնվածությունը և վերականգնել մեր ամբիոնի վարիչին իր պաշտոնում: Ի վերջո, բուհի ինքնավարություն դեռ չի նշանակում ամենաթողություն:
Ցանկանում ենք ամփոփել ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի խոսքերով. «Համալսարանի տերը ոչ թե ռեկտորն է, այլ դասախոսը: Չկա բարձրագույն կրթություն առանց որակի»: Արդյո՞ք բարձրագույն կրթության որակը ակադեմիական ծրագրային դասընթացների փոխարեն կարող է ապահովվել լրացուցիչ դասընթացների միջոցով:
Ճարտարապետության և շինարարության
Հայաստանի ազգային համալսարանի
Լեզուների ամբիոնի դասախոսներ
25 ամբիոնի աշխատակիցների ստորագրություններ