Այս աշխարհում տեղի են ունենում շատ զարմանալի բաներ, բայց ոչ մեզ համար։ 1988 թվականին ՀՀ կառավարությունը որոշում ընդունեց Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի մասնատման մասին։ Նրանից անջատվեցին ճարտարապետության և շինարարության ֆակուլտետները, և նույն շենքում կազմավորվեց նոր բուհ՝ Երևանի ճարտարապետության և շինարարության համալսարան։ Կրկնվեցին ռեկտորատը, որոշ ամբիոնները, բաժինները և այլն, բայց ո՛չ կառավարությունում, ո՛չ նախարարությունում ոչ մեկը հստակ չէր կարող պատասխանել, թե ու՞մ էր պետք բաժանումը։ Ընդհանուր բառեր, որ արվում է դա մեր ճարտարապետություն ու շինարարությունը հետագա զարգացման, դրանք համաշխարհային մակարդակի հասցնելու համար, ծով էին, բայց հստակ ոչ մի բան չկար։ Իսկ համալսարանի աշխատակիցներին ամեն ինչ պարզ էր, քանի որ ճարտարապետներին և շինարարներին հետաքրքրում էր այլ հարց․ ընդունելության քննությունների թալանը։ Նշված ֆակուլտետներում ամենամեծ ընդունելության մրցույթն էր Հայաստանում, իսկ պոլիտեխնիկի ղեկավարությունը այլ մասնագիտությունների ներկայացուցիչներն էին։ Նպատակը հստակ էր, և բուհը բաժանվեց։ Սակայն մինչ հաջորդ հերթական ընդունելությունը խորհրդային կարգերը տապալվեցին, շինարարությունը հանրապետությունում կանգ առավ և ճարտարապետության ու շինարարության մասնագիտությամբ դիմորդ գրեթե չեղավ։ Նորաստեղծ բուհի նախկին ղեկավարությունը ստիպված էր այլ մասնագիտություններ որոնել։ Նաև այսօր շինարարական ֆակուլտետը, որը խորհրդային շրջանում բաղկացած էր հազարից ավելի ուսանողներից, ունի ընդամենը 120-130 ուսանող։
Ագահությունը միշտ պատժվում է, սակայն ինչու՞ նշված բուհերի նկատմամբ գործում է երկու բուհ մեկ շենքում տարբերակը, եթե կառավարությունը այլ բուհերի նկատմամբ վարում է ուղիղ հակառակ քաղաքականություն, միավորելով մի քանի շենքերում աշխատող բուհեր։ Եթե նպատակ է դրված Հայաստանում թողնել ութ բուհ, ավելի խելացի չէ միավորել այն, ինչ միավորված էր, քան միավորել Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ինստիտուտը, որը միշտ եղել է ինքնուրույն, Խ․Աբովյանի անվ․ մանկավարժական համալսարանի հետ։ «Խե՜լքի աշեցեք», — կասեր մեծն Ջիվանին։
Վ․Մ․