Չամուսնացած, ծնողներ, զավակներ չունեցած զոհված կամ անհետ կորած ճանաչված զինծառայողների մասով փոխհատուցում կստանան նրանց հարազատ քույրերը և եղբայրները. նախագիծ
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում է «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը, որը ներկայացրել է ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը։
Հայկ Սարգսյանը քննարկման ժամանակ անդրադարձավ մամուլում առկա հրապարակմանը առ այն, որ ինքը յուրացրել է պատգամավոր Թագուհի Թովմասյանի նախագիծը, քանի որ 2021 թվականի ապրիլի 13-ին այն ժամանակ դեռ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը ԱԺ ամբիոնից բարձրացրել էր հիմնադրամի շահառուների հետ կապված հարցը՝ կոչ անելով պատկան մարմիններին կամք ցուցաբերել ու լուծել խնդիրը։
«Թագուհի Թովմասյանը օրենքի նախագիծ չի կազմել և չի դրել շրջանառության մեջ, հանձնաժողովի ժամանակ քննարկման չի դրել, ելույթի ժամանակ պարզապես ասել է, որ նման խնդիր կա, կոչ է արել ՊՆ-ին զբաղվել։ Բայց կներեք, մենք պատգամավոր ենք, պետք է միջոցներ ձեռնարկենք, առաջին հերթին նախաձեռնողականություն ցույց տանք, օրենքի նախագիծ մշակենք, քննարկենք, պատկան գերատեսչությունների հետ քննարկում կազմակերպենք»,-ասաց Հայկ Սարգսյանը։
Նախագծի քննարկման ժամանակ ընդդիմադիր պատգամավորները մի շարք հարցեր բարձրացնելով՝ նշում էին, որ չեն կարող կողմ չլինել, որ շահառուների հետ կապված հարցը լուծում ստանա։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը նաև հիշեցրեց՝ երբ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը հիմնադրամի գաղափարը ներկայացրել էր, մի շարք հասարակական, քաղաքական գործիչներ սվիններով էին ընդունել, «նրանցից այն մարդիկ, ովքեր մեծ արշավ էին իրականացնում «Ազգ-բանակ» հայեցակարգի դեմ, այսօր իշխանության են»։ Հայկ Սարգսյանն ասաց՝ Նիկոլ Փաշինյանը այն ժամանակ կողմ էր քվեարկել։ Գեղամ Մանուկյանն էլ արձագանքեց․ «Ես հիշում եմ Նիկոլ Փաշինյանի ելույթը, այո, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ հակառակ այս-այս բաների՝ պետք է կողմ քվեարկել, բայց հիշում եմ նաև հիմա ԱԽՔ քարտուղար Արմեն Գրիգորյանի և իր աշխատակազմի շատ կարկառուների, թե ինչպես էին փնովում, ծաղրուծանակի ենթարկում «Ազգ-բանակ» գաղափարը բազմաթիվ ծրագրերի շրջանակներում»,-եզրափակեց նա։