Կյանքը de facto

Oդանավակայանում տաքսի ծառայություն մատուցող վարորդները տարեկան 200,000 դրամ տուրք կվճարեն. Կառավարությունը հավանություն է տվել նախագծին

97views

Այսօր Կառավարության նիստում Կառավարության կողմից հավանություն տրվեց նախագծին, որով առաջարկվում է օդանավակայանների տարածքում տաքսի ծառայությունների կազմակերպման համար սահմանել Ա տիպի լիցենզիա, որի պետական տուրքը կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի համար կկազմի տարեկան 200,000 դրամ:

Նախագծով առաջարկվում է «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 19-րդ հոդվածի «15. Տրանսպորտի բնագավառ» բաժնի 15.5-րդ կետը լրացնել նոր ենթակետով հետևյալ բովանդակությամբ.

— անհատ ձեռնարկատերերի և կազմակերպությունների կողմից օդանավակայանների տաքսի ծառայություն կազմակերպելու համար՝ տարեկան բազային տուրք՝ 200-ապատիկի չափով:

Նշենք, որ առաջարկվում է նաև տուգանքի նշանակում առանց օդանավակայանի տաքսի ծառայության լիցենզիայի օդանավակայանների տարածքի տաքսու կայանատեղերից տաքսի ծառայություններ մատուցելու համար սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

Հավանություն է նաև տրվել նիստում «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» և հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին:

Ինչպես օրինակ՝ օդանավակայանների տարածքներում տաքսի ծառայությունների մատուցումն իրականացվի տաքսու կայանատեղերից, կամ տրանսպորտային միջոցների կանգառի համար նախատեսված վայրերից՝ ուղևորների կողմից իրականացված պատվերներով:

Օդանավակայանների տարածքի տաքսու կայանատեղերից ծառայություն կարող են մատուցել միայն «Ա» տիպի լիցենզիա ունեցող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը:

Օդանավակայանի տաքսի ծառայության լիցենզիա տրվում է միայն այն կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին, որոնք ունեն մինչև յոթ տարեկան, սպիտակ հիմնագույնի, գործարանային վառելիքային համակարգով շահագործվող, «Աէրոտաքսի» գրառմամբ և տաքսու շախմատաձև տարբերանշանով արտաքին ու սույն հոդվածի 2-րդ մասի «ա» և «գ» կետերի պահանջներին համապատասխան ներքին կահավորում ունեցող ավտոմոբիլներ»:

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող վեցերորդ ամսվա մեկից:

Leave a Response