Կառավարությունը ձեռք կբերի Գերմանական Pfizer ընկերության պատվաստանյութ։ Որոշման նախագիծը ընդունվել է կառավարության չզեկուցվող հարցերի շրջանակում։
Այսպիսով՝ ըստ հիմնավորման՝ դեռևս 2021 թվականի հուլիսին Առողջապահության նախարարությունը նախաձեռնել էր Գերմանական Pfizer ընկերության պատվաստանյութի ձեռքբերման գործընթացը: Ներկայումս բանակցությունները ավարտված են, պայմանագիրը կնքման ընթացքում է, նախատեսվում է մինչև տարեվերջ պատվաստանյութի ներկրում:
Նախագծով նախատեսվում է 200 000 դեղաչափ Pfizer ընկերությունների պատվաստանյութերի ձեռքբերման համար Առողջապահության նախարարությանը հատկացնել 1,2 մլրդ դրամ:
Նախագծում նշվում է նաև, որ հանրապետության տարածքում ներկայում առկա իրավիճակով պայմանավորված՝ կորոնավիրուսային վարակի (COVID-19) արագ կանխարգելման, վերահսկման, բուժման և հաղթահարման ապահովման նպատակով անհրաժեշտ միջոցառումների ծախսերը պատշաճ և ժամանակին իրականացնելու նպատակով, անհրաժեշտություն է առաջացել Առողջապահության նախարարությանը հատկացնել 2,5 մլրդ դրամի սահմանված չափաքանակով: