Կյանքը de factoՀասարակություն

3-րդ և հաջորդ երեխայի ծնվելու դեպքում մինչև երեխայի 6 տարեկանը Կառավարությունը կտրամադրի ամսական 50 000 դրամ․ այն կարող է ազդել աղքատության նպաստի վրա

567views

Կառավարությունը հաստատեց «Ընտանիքում 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ նոր ծնված երեխայի ծննդյան կապակցությամբ դրամական աջակցություն նշանակելու և վճարելու կարգը հաստատելու մասին» նախագիծը։

Այսպիսով` ներկայացվող նախագծով նախատեսվում է ընտանիքում 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու կապակցությամբ նոր ծնված երեխային նշանակել և վճարել դրամական աջակցություն՝ ամսական 50000 դրամի չափով, մինչև երեխայի 6 տարեկանը լրանալու։ Նախագիծը տարածվում է այն դեպքերի վրա, երբ երեխան ծնվել է 2022 թվականի հունվարի 1-ին կամ դրանից հետո՝ մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը՝ ներառյալ։

Ըստ հիմնավորման՝ ակնկալվում է, որ ծրագրի իրականացմամբ կավելանա վերջին տարիներին գրանցված՝ 3 և ավելի երեխաների թվի տարեկան աճի տեմպը։ Հաշվի առնելով 3 և ավելի երեխաների թվի՝ վերջին 5 տարիների տարեկան միջին աճի տեմպը՝ մոտ 5% և ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվող հավելյալ տարեկան 3% աճը, կանխատեսվում է, որ 3 և ավելի երեխաների թիվը 2020թ. 10131-ի դիմաց կավելանա տարեկան 8.14%-ով։

Նիկոլ Փաշինյանը պարզաբանեց, որ այս նպաստը չի ազդում մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի վրա, չի ազդում միանվագ նպաստի վրա։ «Այս վճարումը ազդում է աղքատության նպաստի գնահատման ցուցանիշի վրա, այսինքն` այն մյուս վճարումների վրա չի ազդում, բայց եթե ընտանիքը փարոս համակարգում ընդգրկվել է և հանկարծ այս վճարումների բերումով չափանիշներից դուրս է մնում, այդ դեպքում ազդում է, այսինքն` մարդը փարոսից զրկվում է»,–ասաց նա և հույս հայտնեց, որ այս ծրագիրը արդյունավետ կլինի և 2025 թվականին նորից կանդրադառնան այս ծրագրին։

«Հետևաբար մի քանի օրվանից այս ծրագրի շահառուներին սպասում ենք, որ այս նոր ծրագրի ուղեկցությամբ մտնեն կյանք»,–ասաց նա։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը արձագանքեց, որ վերջին տարիներին աճ կա երրորդ և ավելի երեխաների ծնվելու։

Leave a Response