ԳլխավորԿյանքը de factoՀասարակություն

Արա Աբրահամյանը հյուրընկալվել էր «Անանիա Շիրակացի» համալսարանում

61.2kviews

Մայիսյան հաղթական ևս մեկ օր ավելացավ «Անանիա Շիրակացի» միջազգային հարաբերությունների համալսարանի օրացույցում՝ մայիսի 7-ը: Օրը նշանակալի էր կրկնակի իրադարձություններով. միաժամանակ կայացավ «Լրագրողների վերապատրաստման» արագացված, անվճար դասընթացի ավարտական, պատերազմի ընթացքում հաշմանդամ դարձած զինվորների նախապատրաստական փուլը հաղթահարած բոլոր մասնակիցների անվճար կրթության հավաստագրի և ուսանողական տոմսերի հանձնման արարողությունները:

Միջոցառման մասնակիցներին ողջունեց համալսարանի ռեկտոր Վաղարշակ Մադոյանը՝ շնորհակալություն հայտնելով սովորելու մեծ ցանկության, անկոտրում կամքի ու հավատի համար. «Ձեզ համար ինչ անենք՝ քիչ է, տղե՛րք»,- նշեց ռեկտորը՝ դիմելով հերոս տղաներին:
Հատկանշական է, որ միջոցառման մասնակիցներին ողջունելու էր եկել նաև Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը. «Դուք մեզ համար Ձեր կյանքը չեք խնայել, իսկ դա գին չունի: Ես, որպես հասարակական-քաղաքական գործիչ, հավատում եմ, որ միասին կարող ենք նորից ստեղծել հզոր պետություն՝ հզոր բանակով: Պետության հիմքը երիտասարդությունն է ու կրթությունը. երիտասարդները կլինեն կրթված՝ կունենանք հզոր պետություն, կլինեն կրթված՝ կունենանք հզոր բանակ: Շնորհակալ եմ հրավերքի համար, և օգտվելով առիթից՝ ուզում եմ ասել, որ ամեն ինչ փոխվելու է, ամեն ինչ լավ է լինելու»:
Պարոն Աբրահամյանը տեղեկանալով, որ մեր հերոս տղաներին համապատասխան բժշկական կենտրոնները հրաժարվել են կրկնակի վիրահատություն անել՝ խոստացավ անձամբ հոգալ բոլորի ծախսերը՝ խնդրելով համալսարանի ղեկավարությանն իրեն տրամադրել անհրաժեշտ տվյալները:
Մեր սպասված հյուրն էր նաև հերոսներին անվճար բուժող բժիշկը՝ Վարդուհի Օհանյանը, ով մշտապես նրանց կողքին է և անմնացորդ նվիրված է մարդկային կյանքեր փրկելու սուրբ գործին։ Բժիշկն արժանացավ հատուկ մրցանակի։
«Լրագրողների վերապատրաստման» դասընթացի հաղթող մասնակիցներին ու բանախոսներին համալսարանի ղեկավարությունը և Արա Աբրահամյանը հատուկ շնորհակալություն հայտնեցին՝ կարևորելով զանգվածային անաչառ լրատվության, պրոֆեսիոնալ, բանիմաց մասնագետների տեղն ու դերը երկրի զարգացման գործում՝ մաղթելով նրանց նորանոր մասնագիտական վերելքներ:

Միջոցառման բոլոր մասնակիցներին համապատասխան վկայականները և խորհրդանշական նվերները հանձնեց անձամբ Արա Աբրահամյանը:

Հատուկ հյուրին ևս պարոն Մադոյանը նվիրեց իր ՝ <<Մեր սերնդի ճակատագիրը>> գիրքը:
Միջոցառումն անցավ ջերմ մթնոլորտում՝ ուղեկցվելով ակտիվ քննարկումներով և ապագայի հանդեպ խոստումնալից ծրագրերով:

Leave a Response