gmpress.am-ը այցելությունների շարք է սկսել՝ հասկանալու համար, թե ինչպիսին է կյանքը ՀՀ քաղաքային և գյուղական համայնքներում ՝ համավարակային ու հետպատերազմյան իրավիճակով պայմանավորված:
Այս անգամ հանգրվանեցինք ՀՀ Արագածոտնի մարզի Ոսկեվազ համայնքում:
Համայնքապետ Հայկ Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ծրագրերն այստեղ բնականոն հունով ընթանում են, և դեռ ավելին՝ եթե անցած տարի երկու սուբվենցիոն ծրագիր էին իրականացնում, ապա այս տարի դրանք երեքն են, ընդ որում՝ իրականացվում են պետական աջակցությամբ: Համայնքապետի խոսքով՝ մարդիկ շատ են հուսալքված, պատերազմը շատ է ազդել ժողովրդի վրա:
«Գյուղում, ցավոք, ունեցել ենք 2 զոհ, մեկ վիրավոր, իսկ, առհասարակ, գյուղից մոտ 40 հոգի կամավորական է մեկնել ռազմաճակատ, որոնց անձամբ ես եմ ճանապարհել: Մեր գյուղում բարերարներից մեկի նախաձեռնությամբ սեփական կարի արհեստանոցում այդ ամբողջ ժամանակ կարվել է միայն համազգեստ և ուղարկվել: Գյուղում շատ կան մարդիկ, ովքեր օգնել են, նույնիսկ դրսից ենք ապրանքներ բերել, ուղարկել ռազմի դաշտ»,- նշեց համայնքի ղեկավարը՝ մաղթելով բոլոր փոքրիկներին այլևս պատերազմ չտեսնել. «Աստծո կամոք, թող այլևս երբեք չզգանք ու չպատկերացնենք այդ պատերազմ կոչված արհավիրքը, ապրենք միայն խաղաղ երկնքի տակ: Ես կարծում եմ, որ շատ լավ է լինելու, մեր երկիրը կվերականգնվի, մեր երկիրը լավն է, մենք էլ ուժեղ ենք, անկոտրում և արարող…»,-լավատեսական նոտայով ամփոփեց մեզ հետ զրույցը ՀՀ Արագածոտնի մարզի Ոսկեվազ համայնքի ղեկավար Հայկ Հովհաննիսյանը :
Հեղինակ՝ Մերի Եղիազարյան