Կյանքը de factoՀասարակություն

SOCAR ընկերությունը կամ «Ազերիգազ»-ը որևէ առնչություն չեն կարող ունենալ Արցախի գազամատակարարման գործընթացի հետ. Արցախգազ

803views

Ադրբեջանական պետական նավթային SOCAR ընկերությունը կամ դրա դուստր ընկերություն «Ազերիգազ»-ը որևէ առնչություն չեն կարող ունենալ Արցախի Հանրապետության գազամատակարարման գործընթացի հետ: Այս մասին հայտնում են «Արցախգազ» ընկերությունից:

«Մարտի 27-ին ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ լուր են տարածել առ այն, թե իբր ադրբեջանական «Ազերիգազ»-ը վերացրել է Արցախի գազաբաշխիչ գծի վրա տեղի ունեցած վթարի հետևանքները, և մարտի 29-ից Արցախում գազամատակարարումը կվերականգնվի։ Տեղեկացնում ենք, որ վերոնշյալ հայտարարությունը կեղծ ու սադրիչ բնույթի ապատեղեկատվություն է, որը հետապնդում է ստեղծված բարդ իրավիճակից օգտվելու և արցախահայությանն ու միջազգային հանրությանը տեղեկատվական դաշտում ապակողմնորոշելու նենգ նպատակ։

Հայտնում ենք, որ բնական գազը մուտք է գործում Արցախի Հանրապետության տարածք միայն մեկ գազատարի միջոցով՝ Հայաստանի Հանրապետության տարածքից, իսկ գազամատակարարող ընկերությունը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն է (հանդիսանում է «Գազպրոմ» ՀԲԸ 100-տոկոսանոց դուստր ընկերություն): Նշված գազատարից բնական գազի ընդունումն ու բաշխումն իր բաժանորդներին իրականացնում է «Արցախգազ» ՓԲ ընկերությունը։ Ուստի, հաղորդագրության մեջ նշված ադրբեջանական պետական նավթային SOCAR ընկերությունը կամ դրա դուստր ընկերություն «Ազերիգազ»-ը որևէ առնչություն չեն կարող ունենալ Արցախի Հանրապետության գազամատակարարման գործընթացի հետ։ Դա պարզապես տեխնիկական ու աշխարհագրական առումով էլ բացառվում է: Նշված հաղորդագրությունը ևս մեկ անգամ փաստում է, որ մարտի 8-ին գազատարը Շուշիի հատվածում պայթեցնելուց և օրեր շարունակ դրա վերանորոգմանը խոչընդոտելուց հետո ադրբեջանական կողմը դիտավորյալ փական է տեղադրել գազատարի վրա՝ եղանակային անբարենպաստ պայմանները ծառայեցնելով Արցախի բնակչության համար հումանիտար լրացուցիչ խնդիրներ առաջացնելու հանցավոր գործին»,-ասվում է հաղորդագրությունում:

Leave a Response