Արժեքներ

Սպենդիարյանի 150-ամյակին նվիրված միջազգային գիտական նստաշրջանն ունեցավ աննախադեպ թվով մասնակիցներ

2.7kviews

 

Դեկտեմբերի 14-16-ն առցանց ձևաչափով անցկացվեց «Ալեքսանդր Սպենդիարյան 150» խորագրով միջազգային գիտական նստաշրջան՝ նվիրված հայ մեծանուն կոմպոզիտորի հոբելյանին: Նստաշրջանը կազմակերպել էին ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտը, Սպենդիարյանի տուն-թանգարանը և Հայաստանի կոմպոզիտորների միությունը:

Միջազգային գիտական նստաշրջանին ընդգրկված էին 40 մասնակիցներ ՀՀ-ից (Երևան, Գյումրի, Էջմիածին), ԱՀ-ից (Ստեփանակերտ), ՌԴ-ից (Մոսկվա, Սանկտ-Պետերբուրգ, Կազան, Յակուտսկ), Լատվիայից, Շվեդիայից և Նիդերլանդներից: Ներկայացվեցին բազմազան զեկույցներ՝ նվիրված Սպենդիարյանի կյանքի ուղուն, ստեղծագործության տարբեր ոլորտներին, ժանրերին և ոճական առանձնահատկություններին` թե՛ անցյալի, թե՛ 21-րդ դարի դիտանկյունից, դիրիժորական գործունեությանը, իր ժամանակակից մշակութային գործիչների հետ առնչություններին, նրա կերպարին՝ կերպարվեստում և քանդակագործության մեջ, ինչպես նաև կոմպոզիտորի տուն-թանգարանին՝ Հայաստանի երաժշտական թանգարանների շարքում:

ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի գիտական խորհրդի որոշմամբ և ՀՀ ԳԱԱ հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող համահայկական հիմնադրամի աջակցությամբ` 2022 թվականի սկզբին կհրատարակվեն գիտական նստաշրջանի արդյունքները, որոնք կարտացոլեն միջազգային սպենդիարյանագիտության արդի վիճակը և կարևոր ներդրում կդառնան ակադեմիական սպենդիարյանագիտության մեջ:

Leave a Response