ՏՏ կիրառմամբ ֆինանսավարկային ոլորտի խարդախությունների դեմ պայքարը ՀՀ ԱԱԾ ուշադրության կենտրոնում է
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկատվական անվտանգության ապահովման և հանցավորության դեմ պայքարի շրջանակներում մշտապես տեսադաշտում է պահում տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառը՝ չարաշահումների հնարավոր դրսևորումները հայտնաբերելու, դրանց տարածումը կանխելու և դրանք արմատախիլ անելու նպատակով:
Ազգային անվտանգության մարմինների գործունեության կարևորագույն առաքելություններից է այս տեսակ հանրավտանգ արարքների ոչ միայն բացահայտումն ու կանխումը, այլ նաև հանցավոր մտադրությունների իրագործման նախականխումը, հակաիրավական վարքագծի հետագա զարգացման խափանումն ու վերահաս բացասական հետևանքների չեզոքացումը, որի նպատակով էլ կառույցն իր տարբեր գործիքակազմերով աջակցում է հանրային իրազեկվածության մակարդակի բարձրացմանը:
Ակնառու է, որ նշված ոլորտում գործունեություն ծավալող առանձին անհատները, հանցավոր խմբերը, օգտագործելով ՏՏ ոլորտի նորարական տարբեր գործիքներ և միջոցներ, թիրախավորում են հիմնականում տարիքային միջին ու բարձր շեմ ունեցող, սոցիալապես անապահով ու խոցելի խավին՝ օգտվելով ՏՏ բնագավառի վերաբերյալ վերջիններիս իրազեկվածության ցածր մակարդակից:
Գաղտնիք չէ, որ համացանցում լայն տարածում են գտել տարբեր անվանումներով վարկային և ֆինանսական կազմակերությունների կողմից տրամադրվող ծառայությունների վերաբերյալ տեղեկություններ, որոնց մասին գովազդը հիմնականում տարածվում է սոցիալական ցանցերի՝ մասնավորապես «Ֆեյսբուքի» միջոցով:
Այդ կազմակերպությունների բազմազանության մեջ հանդիպում են նաև այնպիսիք, որոնք քաղաքացիներից գումարներ հափշտակելու նպատակով առաջարկում են «շահավետ» պայմաններ: Վերջիններս, համաձայնելով առաջարկվող «շահավետ» պայմաններին, համացանցի միջոցով անծանոթներին տրամադրում են իրենց անձնական տվյալները և կատարում նրանց կողմից պահանջվող դրամական փոխանցումներ վճարահաշվարկային «Իդրամ», «QIWI» և այլ դրամապանակներին, ինչի արդյունքում էլ դառնում են խարդախության զոհ:
Հետագայում խոցելի վիճակում հայտնվելուց զերծ մնալու նպատակով Ազգային անվտանգության ծառայությունը բնակչությանը կոչ է անում նախքան վիրտուալ տիրույթում ֆինանսավարկային ծառայություններ առաջարկող կազմակերպությունների հետ գործնական հարաբերություններ կամ շփումներ հաստատելը ստուգել այդ կազմակերպությունների, դրանց կողմից առաջարկվող ծառայությունների ու պայմանների իսկությունը՝ հասանելի գործիքների համակարգի օգնությամբ, ինչպիսիք են.
1. ՀՀ կենտրոնական բանկի պաշտոնական՝ «www.cba.am» կայքի համապատասխան բաժնում որոնել տեսադաշտում հայտնված վարկային, ապահովագրական, գրավադրման, վճարահաշվարկային կազմակերպությունների, արժութային կետերի և դիլերների, դրանց ղեկավարների և ֆինանսական այլ կազմակերպությունների վերաբերյալ տեղեկություններ: Օրինակ՝ ՀՀ տարածքում գործող բանկերի վերաբերյալ տեղեկությունները կարելի է գտնել այստեղ։
2. ՀՀ կենտրոնական բանկի պաշտոնական՝ «www.cba.am» կայքի միջոցով տեղեկություն ստանալ տեսադաշտում հայտնված վարկային կամ ֆինանսական կազմակերպության պետական գրանցման և տրամադրված լիցենզիայի մասին: Օրինակ՝ ՀՀ տարածքում գործող վարկային կազմակերպությունների վերաբերյալ տեղեկությունները կարելի է տեսնել այստեղ։
3. Զանգել ՀՀ կենտրոնական բանկի թեժ գծի՝ 010-59-26-97, 011-56-19-54 և 011-56-39-50 հեռախոսահամարներին:
4. Պարզել ՀՎՀՀ-ն և դրա իսկությունը, ինչպես նաև կազմակերպության գործունեութան վերաբերյալ տեղեկություն ստանալ ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության ծառայությունների (www.e-register.am) և ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (www.petekamutner.am) էլեկտրոնային հասցեներից: Օրինակ՝ ՀՀ ՊԵԿ-ի կայքում կազմակերպության ՀՎՀՀ-ի իսկությունը կարելի է ստուգել այստեղ։
5. Այցելել կազմակերպությունների գործունեության գրասենյակներ:
6. Պարզել կազմակերպությունների կոնտակտները, տվյալներ ստանալ դրանց ղեկավարների մասին: Նշվածի վերաբերյալ հավելյալ տվյալներ ստանալու համար օգտվել նաև համացանցից:
7. Կասկածելի վարքագիծ կամ անօրինական որևէ երևույթ նկատելու դեպքում դիմել իրավապահ մարմիններին: