Վանա լճի ջրի մակարդակի նվազման հետևանքով հայկական պատմական եկեղեցի է ի հայտ եկել։
Գիտնական Սեդաթ Ուլուգանան պոլսահայ «Ակոս» թերթում ահազանգում է, որ հին Արճեշի հայկական այդ եկեղեցին հայտնվել է գանձագողերի թիրախում։ Նա պաշտպանության կոչ է անում և հավելում, որ եթե միջոցներ չձեռնարկվեն, ապա պատմական ևս մեկ ժառանգություն կոչնչանա, հայտնում է Ermenihaber-ը:
Ուլուգանան հայտնել է, որ Հին Արճեշը, որի մի հատվածն այսօր կոչվում է «Չելեբիբաղը» 1841թ․ Վանա լճի ջրի մակարդակի բարձրացման հետևանքով աստիճանաբար լքվել և ջրի տակ էր անցել։
Սակայն երաշտի պատճառով ջրի մակարդակը կրկին նվազել էր և «խորտակված քաղաքը» ջրի երես է դուրս եկել։
Գիտնականն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ Թուրքիայում մինչև այսօր խոսվում էր Հին Արճեշի ամրոցի ներքին կառույցների և պատմական մզկիթի մասին, այնինչ ընդհանրապես չէր քննարկվում եկեղեցու գոյության մասին։
Նա մեջբերել է 1655թ․ Արճեշ այցելած հայտնի ճանապարհորդ Էվլիյա Չելեբիի՝ Արճեշի ամրոցի վերաբերյալ խոսքերը․ «Վանա լճի եզերքին՝ ցածր ժայռոտ բլրի վրա, 4 կողմից հզոր մի ամրոց է։ Ամեն քարը փղի չափ է։ Այնքան մեծ է, որ կարող են ձիասպորտով (ձիասպորտի հատուկ տեսակ, որով զբաղվել են թուրքերը—խմբ․) զբաղվել։ Ամրոցը երկու դուռ ուներ։ Ադիլջեվազի (Ալջավազ, Արծկե-խմբ․) դուռը մեծն է»։
Չելեբին հայտնում է նաև Արճեշի ամրոցում շուրջ հազար տների, 200 վաճառակետերի, ինչպես նաև Արճեշ քաղաքի քրիստոնյա բնակչության մասին։
Գիտնականի խոսքով՝ պատմական աղբյուրները հայտնում են, որ Արճեշի այս եկեղեցին կառուցվել է հայկական հնագույն Թարհանների տոհմի հոգևորականների կողմից։
Հիշեցնենք, որ 18-րդ դարի երկրորդ կեսից, Վանա լճի մակարդակի բարձրացման հետևանքով հին Արճեշն աստիճանաբար անցնում է ջրի տակ և 19-րդ դարի երկրորդ կեսից այլևս չէին երևում նրա շենքերը, եկեղեցիները, բնակելի տները և մյուս կառույցները։ Միայն խիստ ալեկոծությունների ժամանակ, երբ լճի ալիքները նահանջում էին դեպի խորքերը, հազիվ նշմարվում էին նրա պաշտպանական պարիսպների ու դրանց աշտարակների մնացորդները։ Պատմական Արճեշը ջրի տակ թաղվելուց հետո, դրանից մի փոքր հյուսիս, ավելի բարձրադիր վայրում կառուցել են Ականց անունը կրող (Նոր Արճեշ, թուրքերեն՝ Էրջիշ) քաղաքը։