Արժեքներ

Լոնդոնում նշվեցին Ա. Սպենդիարյանի և Ա. Բաբաջանյանի հոբելյանները

686views

 

Նոյեմբերի 27-ին Լոնդոնի Սուրբ Սարգիս հայկական եկեղեցում անցկացվեց միջոցառում՝ նվիրված Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 150 և Առնո Բաբաջանյանի 100-ամյակներին: Միջոցառումը կայացավ «Քլինգեն երգչախմբի և մշակութային ասոցիացիայի» և նրա գեղարվեստական ղեկավար ու դիրիժոր Սիփան Օլահի նախաձեռնությամբ՝ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատան հովանու ներքո և ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ: Օրվա բանախոսներն էին Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Մարինե Օթարյանը և բազմակողմանի երաժշտական գործիչ Սիփան Օլահը:

Մ. Օթարյանը ներկայացրեց դասախոսություն Սպենդիարյանի կյանքի և ստեղծագործական ժառանգության, իսկ Ս. Օլահը՝ Բաբաջանյանի կյանքի ուղու և գործունեության մասին։ Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրենը շնորհակալագիր հանձնեց Ս. Օլահին՝ կոմպոզիտորի հոբելյանական միջոցառումների կազմակերպման և ակտիվ մասնակցության համար:

Համերգային բաժնում միջազգային ճանաչում ունեցող երաժիշտների, «Քլինգեն» երգչախմբի և «Քլինգեն» կամերային նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և մաեստրո Սիփան Օլահ) կատարմամբ հնչեցին այս երկու հայ մեծանուն կոմպոզիտորների ստեղծագործությունները: Ելույթ ունեցան սոպրանոներ Տաթևիկ Աշուրյանը (Գերմանիա) և Հայարփի Եղիկյանը (ՄԹ), դաշնակահար Մարիա Փալազյանը (Լիբանան), հոբոյահար Հակոբ Մուրադյանը (ՄԹ), «Քլինգեն» լարային քառյակը՝ ջութակահարներ Պաուլա Գորբանովան (Լիտվա) և Մալենա Ջիմենոն (Իսպանիա), ալտահար Ադրիան Տիերասեկան (Իսպանիա) և թավջութակահար Քրիստոֆեր Հեդջեսը (ՄԹ), իսկ Լոնդոնի «Քլինգեն» երգչախումբը կատարեց Ա. Բաբաջանյանի երգերը:

Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանն իր ողջույնի խոսքում շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին և հյուրերին` նշելով նման միջոցառումների կարևորությունը ՄԹ ժողովրդին հայկական հարուստ երաժշտական մշակույթն ու ավանդույթները ներկայացնելու գործում: Համերգ-դասախոսությանը ներկա էր աշխարահռչակ դիրիժոր Վարդան Մելքոնյանը, որն իր բարձր գնահատականը և մասնագիտական կարծիքը հայտնեց երաժիշտների պրոֆեսիոնալիզմի և բանախոսների հետաքրքիր ու բովանդակալի ելույթների համար:

Ներկա էին նաև ՄԹ-ում Հայ Առաքելական Եկեղեցու թեմի առաջնորդ Սրբազան Հովակիմ Մանուկյանը, Սբ. Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Շնորք քահանա Բաղդասարյանը, Հայկական համայնքային խորհրդի նախագահ Արմանդ Աբրամյանը, ՀՀ դեսպանատան աշխատակազմը, բրիտանացի և օտարերկրյա այլ հյուրեր: Հայ մեծանուն կոմպոզիտորներ Սպենդիարյանի 150 և Առնո Բաբաջանյանի 100-ամյա հոբելյաններին նվիրված նախագծի հեղինակը դիրիժոր, երգիչ, դաշնակահար Սիփան Օլահն է, որի նպատակն է արտերկրում հանրահռչակել հայ կոմպոզիտորների արվեստը: Հիշեցնենք, որ այս նախագծի առաջին միջոցառումը կայացել էր ս.թ. հոկտեմբերի 16-ին Լոնդոնում, երկրորդը՝ նոյեմբերի 5-7-ը Վիեննայում:

Leave a Response