Կյանքը de factoՄիջազգայինՊաշտոնական

Ակնկալում ենք, որ Ռուսաստանի միջնորդությամբ հրադադարի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունը կիրականացվի ամբողջությամբ. ՌԴ ԱԳՆ

6.8kviews

ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել հայ-ադրբեջանական սահմանին Բաքվի սանձազերծած ագրեսիայի առնչությամբ:

«Ծայրահեղ մտահոգություն ենք հայտնում այս տարվա սեպտեմբերի 13-ի գիշերը հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում իրավիճակի կտրուկ սրման կապակցությամբ։

Կոչ ենք անում կողմերին զերծ մնալ իրավիճակի հետագա սրումից, զսպվածություն ցուցաբերել և խստորեն պահպանել հրադադարը՝ համաձայն Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների։

Մենք սերտ կապի մեջ ենք Բաքվի և Երևանի հետ։ Հայաստանի ղեկավարությունից ստացվել է դիմում՝ առկա երկկողմ պայմանագրերին համապատասխան և ՀԱՊԿ-ի միջոցով իրավիճակի կարգավորմանն աջակցելու խնդրանքով։

Ակնկալում ենք, որ Ռուսաստանի միջնորդության արդյունքում այս տարվա սեպտեմբերի 13-ին Մոսկվայի ժամանակով ժամը 9:00-ից հրադադարի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունը կիրականացվի ամբողջությամբ։

Առաջվա պես ելնում ենք նրանից, որ բոլոր վիճելի խնդիրները պետք է լուծվեն բացառապես քաղաքական և դիվանագիտական ճանապարհով, իսկ սահմանային հարցերի շուրջ՝ Ռուսաստանի խորհրդատվական աջակցությամբ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման երկկողմ հանձնաժողովի աշխատանքի շրջանակում», — ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարությունում:

Հիշեցնենք, որ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաև ԱԹՍ-ներ:

ՀՀ ՊՆ-ի հաղորդագրության համաձայն՝ առավոտյան 8-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին էական փոփոխություններ չի կրել։ Հակառակորդը շարունակում է Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի և Կապանի ուղղություններով կիրառել հրետանային միջոցներ, ականանետեր, ԱԹՍ-ներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ՝ թիրախավորելով թե՛ ռազմական և թե՛ քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սահմանի որոշ հատվածներում դիրքային մարտերը շարունակվում են, հակառակորդը չի դադարեցնում առաջխաղացման փորձերը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը ներկայացնելու ժամանակ հայտնել է, որ, նախնական տեղեկություններով, ունենք 49 զոհ, սակայն այս թիվը վերջնական չէ. վերջնականը կհայտարարվի ՊՆ-ի կողմից հստակեցումից հետո։

Leave a Response