Սույն թվականի հունվարի 9-ին` ժամը 14։35-ին, Գորիս-Ստեփանակերտ 110 կՎ Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում արձանագրվել է վթար։ Ըստ սարքավորումներով արձանագրված տվյալների` վթարը գտնվում է Աղավնո-Բերձոր հատվածում։ Այս մասին հայտնում է Արցախէներգոն։
Ադրբեջանական կողմի ապակառուցողական դիրքորոշման պատճառով նշված հատվածում այս պահի դրությամբ հնարավոր չէ իրականացնել շրջայց և կազմակերպել վթարավերականգնողական աշխատանքներ, ուստի որոշում է կայացվել հանրապետության էլեկտրամատակարարումը իրականացնել տեղական արտադրող կայանների միջոցով՝ համապատասխան սահմանափակումներով։
Ելնելով տվյալ իրավիճակից` Հանրապետությունում հունվարի 10-ից իրականացվում են հովհարային անջատումներ, որոնց մասին պարբերաբար կարող եք տեղեկանալ «Արցախէներգո» ՓԲԸ կայքից (artsakhenergo.am) և ֆեյսբուքյան էջից ( https://www.facebook.com/profile.php?id=100088251438925 ), ինչպես նաև հանրային հեռուստատեսության և ռադիոյի հայտարարություններից։
Հավանական լրացուցիչ անջատումներից խուսափելու նպատակով, հորդորել են հնարավորինս խնայողաբար օգտագործել էլեկտրաէներգիան։