ԳլխավորԿյանքը de factoՀամայնքներ

Բուրաստանում մեծ շուքով տոնվեց Սուրբ Զատիկը

41.1kviews

Շարունակելով ձևավորված գեղեցիկ ավանդույթների շարքը՝ մարտի 27-ին Արարատի մարզի Բուրաստան համայնքում մեծ շուքով նշվեց Քրիստոսի հրաշափառ Հարության՝ Սուրբ Զատկի տոնը: Դեռևս 1646թ.-ն կառուցված Ս. Հակոբ եկեղեցի բակում (որը թեպետ պաշտոնապես չի գործում, բայց մասնակի վերանորոգումներից հետո տեղի հավատավոր ժողովրդի համար ուխտատեղի է դարձել) մատաղի սրբագույն արարողությամբ նշանավորվեց տոնի խորհուրդը՝ մեծ ու տոնական ուտեստներով հարուստ սեղանի շուրջ համախմբելով գյուղի ողջ բնակչությանը: Տոնակատարությունն իրենց գեղեցիկ պարային և երաժշտական կատարումներով զարդարում էին գյուղի հրաշամանուկները: Հարկ է նշել, որ ամբողջ ընթացքում գյուղապետ Աշոտ Թարվերդյանն անձամբ էր հետևում, որ ամեն ինչ ըստ պատշաճի կատարվի և ժողովուրդը լիաթոք ուրախանա՝  կտրվելով առօրյա հոգսերից:

 

‹‹Արդեն չորրորդ տարին է, որ Թարվերդյանն ընտրվել է համայնքի ղեկավար և առաջին իսկ տարվանից սկսած այս միջոցառումը պարտադիր կատարվել է: Առաջին տարին, իհարկե, ավելի փոքր չափով էր արվել, նույնիսկ մատաղի կաթսաների թվով ենք հիշում, ասենք մի կաթսա, անցած տարի հինգը և այս տարի արդեն վեց կաթսա: Միայն մատաղն արվում է բնակչության հանգանակության, իսկ միջոցառման մնացած բոլոր ծախսերը համայնքի ղեկավարի և բյուջեի միջոցներով է կատարվում: Բնակչությունը մեծ ոգևորությամբ է մասնակցում, որի տեմպերը տարեցտարի ավելանում են: Այդ ամենը տեսնում և ինքս էլ եմ ուրախանում: Այս պատկերը, կարծում եմ, ավելի լավ է մեկ անգամ տեսնել, քան հազար անգամ լսել: Այս կերպ նաև մյուս բոլոր տոները և նույնիսկ նրանք, որ այսպես ասած, ավելի քիչ են բարձրաձայնվում. մենք աշխատում ենք դրանք ևս նշել: Ընդամենը մեկ ամիս առաջ գյուղի եզդիների ազգային Զատկի տոնին, որը նշվում է փետրվարի 19-ին, մենք համայնքի կողմից հավաքվել էինք և ահագին մեծ խմբով գնացել նրանց շնորհավորելու: Արարողությունը շատ հետաքրքրիր ձևով կատարվեց և պարոն Թարվերդյանն իրենց ևս հրավիրեց մեր Զատկի տոնին: Ինչպես տեսնում եք՝ մեր եզդի բարեկամը իր խոստումը կատարել է և  այսօր այստեղ է՝ մեզ հետ նշելով այս գեղեցիկ ու բազմախորհուրդ տոնը: Նշեմ նաև, որ մատաղից և տոնական բոլոր ուտեստներից բաժին ենք պահել նաև ծերերի ու հիվանդ մարդկանց համար, ովքեր, ցավոք սրտի, չեն կարողացել ներկա գտնվել››,- մեզ հետ զրույցում ասաց Բուրաստանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Էվելինա Ղազարյանը:

Հավելենք, որ Բուրաստան համայնքը 2012թ.ից ղեկավարում է Աշոտ Թարվերդյանը և, ինպես փաստում են գյուղացիներն ու գյուղապետարանի աշխատակիցները, նրա գյուղապետության տարիներից սկսած գյուղը ծաղկում  է ապրել, իսկ գյուղացիները տարաբնույթ հարցերով դիմելով նրան՝ մշտապես աջակցություն են ստացել:  Ինչպես արդեն նշեցինք, վերջինս իր աշխատանքային գործունեության ընթացքում մի շարք ավանդույթներ է ձևավորել, որոնցից է նաև բոլոր տոները ողջ գյուղով մեծ շուքով նշելը:

Գյուղի վերաբերյալ առավել մանրամասն կներկայացնենք մեր հաջորդ հրապարակումներում, իսկ մինչ այդ ներկայացնում ենք օրվա պատկերը ֆոտոշարքով:

 

Հեղինակ՝ Մերի Եղիազարյան

Leave a Response