Գիտնականներին հաջողվել է բացահայտել 18 000 տարվա պատմություն ունեցող խեցու «գաղտնիքը»
Վերջերս կատարված հետազոտության արդյունքում գիտնականները պարզել են, որ 80 տարի առաջ Ֆրանսիայում հայտնաբերված խեցին հնագույն ժամանակներում կիրառվել է որպես երաժշտական գործիք:
Ինչպես փոխանցում է Daily Mail-ը, Ֆրանսիայի հարավարևմտյան շրջանի քարանձավներից մեկում հայտնաբերված խեցին, որը 18 000 տարվա պատմություն ունի, համարվում է առաջիններից մեկը, որը կիրառվել է հոգևոր երաժշտության հնչյուններ արտաբերելու համար: Այս հայտնագործությունն արել են Թուլուզի համալսարանի մասնագետները:
Նախկինում գիտնականները կարծում էին, որ խեցին արարողակարգային բաժակ է եղել՝ նախատեսված ըմպելու համար:
Խեցու իրական նշանակությունը պարզել հաջողվել է, երբ մասնագետներն առարկայի խոր հատվածում հատուկ անցք են հայտնաբերել, որը նախատեսված է եղել հնչյուններ ստանալու համար: Այնուհետև հնագետներն իրենք փորձել, և նրանց հաջողվել է մեղեդու հնչյուններ և նոտաներ ստանալ:
Ըստ խեցու վրա պատկերված գունային նախշերի և մոտակայքում հայտնաբերված այլ առարկաների հետ համեմատության՝ գիտնականները եզրակացրել են, որ այն հոգևոր ծիսակարգերի ժամանակ է կիրառվել: