Գլխավոր

Գիտության մեջ առաջնայինը սահուն սերնդափոխության հարցն է. Ա. Պապոյան

610views

Կարևորելով գիտության դերը Հայաստանի զարգացման գործում՝ gmpress.am-ը շարունակում է ներկայացնել ՀՀ-ում գործող գիտական հաստատությունների գործունեությունը՝ այս անգամ հանգրվանելով Աշտարակ քաղաքում գտնվող՝ Հայաստանի առաջատար հետազոտական կազմակերպություններից մեկը համարվող Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտում:

ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտը ստեղծվել է 1968թ.-ին՝ ականավոր գիտնական Միքայել Տեր-Միքայելյանի կողմից: ՖՀԻ հետազոտությունների հիմնական ոլորտներն են՝ լազերային ֆիզիկան և նյութագիտությունը, այդ թվում՝ ատոմային ֆիզիկան և ատոմական գոլորշիների լազերային սպեկտրասկոպիան, քվանտային և ոչ գծային օպտիկան, նյութական ալիքների ֆիզիկան, քվանտային ինֆորմացիան, ֆոտոնիկան և միկրոկառուցվածքավորված օպտիկական նյութերը, նոր պինդմարմնային լազերային նութերն ու սխեմաները, սցինտիլյացիոն բյուրեղները, դիէլեկտրական բյուրեղների աճեցումը, բարակթաղանթային կառուցվածքները միկրոէլեկտրոնիկայի և լազերային տեխնոլոգիաների համար, թափանցիյկ էլեկտրոնիկան և մեմրիստիվ հիշողության տարրերը, բարձրջերմաստիճանային գերհաղորդականությունը, նանոնյութերի սինթեզումն ու ուսումնասիրումը, սենսորների ու դետեկտորների ստեղծումը, գիտական սարքաշինությունը։

Ինստիտուտն ակտիվորեն համագործակցում է արտերկրի՝ Ֆրանսիայի, Գերմանիայի, ԱՄՆ-ի, Իտալիայի, Միացյալ Թագավորության, Ռուսաստանի, Լատվիայի, Բուլղարիայի և այլ երկրների առաջատար գիտական կենտրոնների հետ։ Վերջին հինգ տարիներին ՖՀԻ-ում իրականացվել է ավելի քան 40 միջազգային ծրագիր` ներառյալ FP7, H2020, ISTC, Volkswagen, ANSEF: Ինստիտուտում գործում է Հայ-Ռուսական համալսարանի Քվանտային և օպտիկական էլեկտրոնիկայի բազային ամբիոնը: ՖՀԻ-ում տարեկան տպագրվում է ավելի քան 70 գիտական հոդված գրախոսվող ամսագրերում, մեծ մասամբ՝ արտերկրի: Ինստիտուտում ամեն տարի կազմակերպվում են լազերային ֆիզիկայի միջազգային կոնֆերանսներ:

Ինստիտուտի գիտական ուղղությունների, գործունեության, աշխատանքների, խնդիրների և մի շարք այլ հարցերի մասին առավել մանրամասն մեզ հետ զրույցում ներկայացնում է ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Արամ Պապոյանը. ‹‹ՖՀԻ-ն ստեղծվել է 1968-ին, մյուս տարի նշելու ենք ինստիտուտի հիմնադրման 50-ամյակը: Ինստիտուտի ստեղծման պահին աշխարհով մեկ ակտիվ զարգանում էր լազերային ֆիզիկան, և հիմնական նպատակն է եղել՝ համալիր կերպով զբաղվել լազերային ֆիզիկայի հարցերով՝ լազերների մշակում, լազերային ճառագայթման փոխազդեցություն նյութի հետ և այլն: Տեսական աշխատանքներին զուգահեռ ստեղծվել էր փորձարարական բազա՝ լազերային բյուրեղների աճեցում, նոր լազերների և թոխակերպիչների մշակում, լազերային կապ և այլն։ Մեր հիմնական թեմատիկան այսօր էլ կապված է լազերային ֆիզիկայի հետ: Խորհրդային տարիներից հետո շատ բան է փոխվել, նախ՝ կրճատվել է գիտության

ֆինանսավորումը։ Մենք ունեինք ծախսատար սարքավորումներ, մասնավորապես՝ իմպուլսային լազերներ, կատարում էինք հետազոտություններ, որոնք պահանջում էին լուրջ ներդրումներ։ Անկախության տարիներին պետության կողմից մեզ տրամադրվող սուղ ֆինանսավորման պայմաններում ստիպված էինք որոշ չափով փոփոխել հետազոտությունների թեմատիկան՝ համապատասխանեցնելով այն մեր հնարավորությունններին։ Թեմատիկայի շարունակական թարմացում ու արդիականացում են պահանջում նաև միջազգային գիտության զարգացման տենդենցները։ Այն, ինչ արդիական ու կարևոր էր 30-40 տարի առաջ, այսօր արդեն հետաքրքիր չէ։ Անկախության տարիներին սահուն կերպով անցում ենք կատարել ժամանակակից պահանջարկված թեմատիկայի, համադրելով այն մեր ֆինանսական, ենթակառուցվածքային և կադրային հնարավորություններին։ Նշեմ նաև, որ Խորհրդային տարիներին, երբ ինստիտուտում որոշակի ռազմական պատվերներ էին կատարվում՝ մոտավորապես 400 աշխատակից է եղել այստեղ, իսկ այսօր նրանց թիվը 160-ից էլ քիչ է, որից մոտ 100-ն են աշխատում գիտական ստորաբաժանումներում:

Եթե խոսենք ինստիտուտի այսօրվա թեմատիկայի մասին, նոր ուղղությունները ձեռնարկվում են՝ առաջնորդվելով ՖՀԻ-ի հաստատված ռազմավարությամբ։ Ռազմավարական դրույթներից է գիտական հետազոտությունների թեմատիկ դիվերսիֆիկացումը: Կան ուղղություններ, որոնք այսօր շատ պահանջարկված է, բայց հնարավոր է վաղը դրանց հանդեպ էլ այդքան հետաքրքրություն չլինի՝ ո′չ հիմնարար, և ո′չ էլ կիրառական առումով։ Ինստիտուտի պրոֆիլային թեմատիկայով բազմաթիվ նոր ուղղությունների ընդգրկումը կայուն զարգացման համար կարևոր նախապայմաններից է: Դրա համար նաև նյութաբանական ուղղությունն ենք սկսել զարգացնել: Մեր երկրորդ ռազմավարական պահանջն այն է, որ եթե ինստիտուտում ինչ-որ գիտական աշխատանք է կատարվում՝ դա պետք է արվի միջազգային մակարդակով, այսինքն՝ պետք է մրցունակ լինենք։ Հայտնի է, որ գիտական կազմակերպության հիմնական կատարողական ցուցանիշը բարձր վարկանիշ ունեցող ամսագրերում տպագրված աշխատանքների թիվն է, նաև այդ աշխատանքների վրա այլ աշխատանքներում հղումների թիվը։ Մենք պետք է այդ ցուցանիշով լինենք միջազգային մակարդակի: Երրորդը՝ նոր գիտական ուղղություն ձեռնարկելիս պետք է ընտրել ընտրել այնպիսին, որը չի պահանջում նոր սարքավորում ձեռք բերելու էական նյութական ծախսեր: Ասեմ, որ մեր բախտն այդ առումով բերել է. եթե աշխատեինք բարձր էներգիաների ֆիզիկայի ոլորտում՝ մեզ, ասենք, նոր արագացուցիչ պետք կգար, որը նույնիսկ զարգացած երկրները շատ ժամանակ իրենց չեն կարողանում թույլ տալ: Սարքավորման հարցն այսօր ամենաարդիականներից մեկն է, և մեծ առավելություն է, եթե մենք կարող ենք մեր ուժերով լուծել այդ հարցը: Վերջապես, այս ամենի հետ զուգահեռ պետք է կարողանանք գտնել որոշ խորշեր գիտության այն ուղղություններում, որտեղ մյուսներն ինչ-որ պատճառով ուժեղ չեն, և փորձենք դրանք զբաղեցնել ու զարգացնել: Դա մեզ շատ դեպքերում հաջողվում է, և հիմնականում հենց դրա շնորհիվ ենք այսօր մնում մրցունակ: Օրինակի համար նշեմ, որ մոտ մեկ ամիս առաջ մեզ մոտ լազերային ֆիզիկայի տարեկան միջազգային կոնֆերանս էր, որի շրջանակներում Անգլիայի Դարհեմի համալսարանից այստեղ եկած մասնակիցները, ովքեր մեր աշխատանքներին վաղուց էին ծանոթ՝ մեր լաբորատորիաները տեսնելուց հետո ասացին, որ հիմա հասկանում են, թե ինչքան անիմաստ գումարներ են վատնում իրենք՝ թանկարժեք սարքավորումների վրա, մինչդեռ ստացվում է, որ հիանալի արդյունքների կարելի է հասնել նաև պարզունակ ու ինքնաշեն սարքավորումներով:

Անդրադառնալով մեր բուն աշխատանքներին, ասեմ, որ տեսական աշխատանքների մասնաբաժինը ինստիտուտում ընդամենը մոտ 20 տոկոս է կազմում, քանի որ կրկին ռազմավարական առումով գտնում ենք, որ եթե այսօր փորձարարական աշխատանքներ չանենք՝ նախ կկորցնենք մեր մրցունակությունն ու կադրերը, և երկրորդն էլ՝ չենք ունենա ինովացիոն ներուժ և տնտեսական խնդիրներ լուծելու ունակություն: Բայց նույնիսկ մեր տեսական ֆիզիկայի լաբորատորիան աշխատում է կիրառական մեծ հետաքրքրություն ներկայացնող ուղղությամբ՝ քվանտային ինֆորմացիոն տեխնոլոգիաներով, մշակելով սկզբունքորեն նոր սերնդի համակարգչային և կապի համակարգերի տարրային բազայի, փոխակերպիչների և ալգորիթմների տեսական հիմունքները։ Տեսաբանների մեկ այլ խումբ ունենք, ովքեր մասնավորապես զբաղվում են գերսառը նյութերով, օրինակ՝ մոլեկուլյար կոնդենսանտ ստանալու տեսական հաշվարկներով։

Հիմա մի փոքր խոսենք ինստիտուտում իրականացվող փորձարարական աշխատանքների մասին։ Հետազոտությունների մի մասը նվիրված է ատոմային սպեկտրասկոպիային՝ լազերային ճառագայթման ռեզոնանսային փոխազդեցությանը հատուկ սրվակներում գտնվող ատոմական գոլորշիների հետ: Գոլորշու կոնցենտրացիան այդ սրվակներում օդում մոլեկուլների կոնցենտրացիայից միլիարդ անգամ ավելի ցածր է։ Վերալարելով լազերայի ճառագայթման հաճախությունը ատոմների սեփական էներգետիկ մակարդակների միջև անցումների ռեզոնանսին, մենք սկսում ենք հասկանալ ատոմների «լեզուն», և պարզվում է՝ դրանք շատ զգայուն են արտաքին ազդեցությունների նկատմամբ։ Դա հնարավորություն է տալիս ստեղծելու նոր, գերզգայուն տվիչներ (սենսորներ)՝ մագնիսական և էլեկտրական դաշտերի չափման համար, հնարավոր են բազմաթիվ այլ կիրառություններ. նույն քվանտային ինֆորմացիոն տեխնոլոգիաների հիմքում կրկին լազերային ճառագայթման ու ատոմների փոխազդեցությունն է: Գերնուրբ լուծունակությամբ ատոմային սպեկտրասկոպիան սկսեցինք զարգացնել 20 տարի առաջ, ընդ որում՝ դրա համար անհրաժեշտ հատուկ հատկություններով կիսահաղորդչային լազերները մեր ինստիտուտում ինքներս էինք սարքել, միայն լազերային չիպն էինք խնդրել մեր ֆրանսիացի գործընկերներից: Մի քանի տարի անց ՖՀԻ-ում հաջողվեց ստեղծել առային օպտիկական նանոբջիջը, որում բոլոր օպտիկական երևույթները դրսևորվում են նորովի, նաև կարելի է ստանալ գերնեղ սպեկտրալ ռեզոնանսներ։ Առ այսօր աշխարհում նման նանոբջիջների պատրաստման մենաշնորհը մեր ինստիտուտինն է, այլ կենտրոններին առայժմ չի հաջողվել ստեղծել նման տարրեր։ Այս ուղղությամբ ծավալվել է շատ լայն միջազգային համագործակցություն, հիմա արտերկրի շատ հայտնի գիտական կենտրոններ շահագրգռված են մեզ հետ համագործակցելու: Մեր ինստիտուտում հիմա ունենք հայ-ֆրանսիական համատեղ ղեկավարմամբ պատրաստվող ֆրանսիացի ասպիրանտ, որը նման բջջով սելեկտիվ անդրադարձման երևույթն է հետազոտում:

Ինստիտուտում ակտիվ զբաղվում ենք նաև մեկ այլ ուղղությամբ՝ ֆոտոնիկայով, մասնավորապես՝ պինդմարմնային նյութերում միկրո- և նանո-կառուցվածքների ստեղծումով լազերային լույսի մոդուլացված փնջերով։ Եթե ինչ-որ ինֆորմացիա կոդավորել լույսի մեջ՝ այն կարելի է մեծ խտությամբ գրանցել բյուրեղում և հետո վերարտադրել: Դա գրավիչ է օպտիկական հիշող սարքերի, ինչպես նաև ճառագայթման հասցեագրման սարքերի մշակման համար: Այս ուղղությամբ այժմ միջազգային գիտատեխնիկական կենտրոնի նախագիծ ունենք, աշխատանքներն ընթացքի մեջ են: Զբաղվում ենք նաև թափանցիկ հաղորդիչ էլեկտրոնիկայով, որի շնորհիվ հնարավոր է ստանալ, ասենք, լրիվ թափանցիկ տրանզիստոր, լրիվ թափանցիկ հիշողության նոր սերնդի տարր՝ մեմրիստոր:

Նանոտեխնոլոգիաների բուռն զարգացման հետ կապված՝ մոտ 7 տարի առաջ մենք ևս ձեռնարկեցինք աշխատանքներ այդ ուղղությամբ: Չունենալով անհրաժեշտ սարքավորում, կարողացանք մշակել նանոմասնիկների ստեղծման մի այլ՝ պինդ ֆազային պիրոլիզի եղանակ, որը մեզ թույլ տվեց ստանալ նույն բնութագրերով նանոմասնիկները՝ նանոգնդեր, նանոլարեր, նանոթիթեղներ և այլն, ավելի պարզ ու ոչ ծախսատար պրոցեսով: Եվրոպական մեր գործընկերների հետ այս ուղղությամբ պիլոտային ծրագիր ունեինք, որի վերջնանպատակն էր նանոմասնիկների օգտագործումը քաղցկեղի բուժման համար՝ ‹‹մագնիսական հիպերթերմիայի›› եղանակով: Մեր այստեղ սինթեզված նանոնյութերը փորձարկվեցին Գերմանիայում, ստացվեցին հուսադրող արդյունքներ։ Եվ դա հնարավոր բազմաթիվ կիրառություններից միայն մեկն է։

Ինստիտուտում ստեղծման օրից ի վեր աճեցվել են հատուկ բնութագրերով դիէլեկտրական միաբյուրեղներ լազերային տեխնիկայի համար։ Հիմա աշխարհում մեծ է սցինտիլյացիոն բյուրեղների պահանջարկը, և եղած հենքի ու ներուժի հիման վրա մենք միացանք այդ աշխատանքներին։ Նեզ հաջողվել է աճեցնել չափազանց լավ բնութագրերով բյուրեղներ, որոնք կարող են օգտագործվել թե՛ բարձր էներգիաների ֆիզիկայի էքսպերիմենտներում, թե՛ միջուկային բժշկությունում, մասնավորապես՝ պոզիտրոն էմիսիոն տոմոգրաֆիայում։ Ծավալվել է լայն միջազգային համագործակցություն, եվրոպական CERN կենտրոնի հետ համատեղ կիրառական ուղղության ծրագրեր են կատարվում։ Տեղում արտադրություն կազմակերպելու համար պետք է ընդլայնել ու արդիականացնել ինստիտուտի սարքավորումն ու ենթակառուցվածքը, ապահովել անխափան էներգոսնուցումը, իսկ տեխնոլոգիապես մենք այդ արտադրությանն արդեն պատրաստ ենք››:

Անդրադառնալով սարքավորումների խնդրին՝ Ա. Պապոյանը նշեց, որ այս հարցն ամենակարևոր և արդիականներից մեկն է: Պետք է նշել, որ, ինչպես և գրեթե բոլոր գիտական հաստատություններում, այստեղ ևս սարքավորման մեծ մասը ձեռք է բերվել խորհրդային տարիներին. «Էքսպերիմենտալ գործիքներն ինչ-որ չափով դեռ օգտագործվում են։ Դրանց մի մասը, մասնավորապես՝ բյուրեղների աճեցման սարքերը դեռ հնարավոր է օգտագործել որոշ մոդեռնիզացումից հետո։ Բայց շատ սարքեր արդեն օգտագործման համար պիտանի չեն։ Անկախության տարիներին ձեռքբերված սարքերի մեծ մասը գնվել է դրամաշնորհային միջոցներով։ Պետական բազային ֆինանսավորումը զարգացման համար պրակտիկորեն անբավարար է. դրանով, ըստ էության, կարելի է միայն պահպանել այն, ինչ ունենք։ Դա նշանակում է, որ եթե ուզում ենք զարգանալ ու մնալ մրցունակ, պետք է ներգրավել լրացուցիչ ֆինանսական միջոցներ։ Կան մրցութային պետական մրցույթային թեմատիկ ծրագրեր, որոնց ինստիտուտը լայնորեն մասնակցում է։ Է՛լ ավելի մեծ հնարավորություններ են ընձեռում միջազգային ծրագրերը: Ես չեմ կիսում այն տեսակետը, որ գրանտները գաղափարների արտահոսքի նպատակ ունեն: Միգուցե անկախության առաջին տարիներին այդ միտումը կար, բայց այժմյան ծրագրերի բնույթը հիմնականում պարտնյորական է։ Օրինակի համար նշեմ Եվրոպական միության շրջանակային ծրագիրը՝ ավելի քան 70 մլրդ. եվրո բյուջեով ‹‹Հորիզոն 2020››-ը, որին Հայաստանն արդեն ասոցիացվել է: Դա նշանակում է, որ հաջող նախագծեր պատրաստելու պարագայում այդ գումարը հասանելի է Հայաստանի գիտական կազմակերպություններին նույն կերպ, ինչպես, ասենք, Ֆրանսիայի կամ Գերմանիայի: Ծրագիրը արդյունքի տիրապետման որևէ հավակնություն չունի: Ասեմ ավելին՝ եվրոպական պիլոտային նախագիծ ենք ունեցել, որտեղ նախատեսվում էր ՖՀԻ-ում մշակված գիտական մոտեցումները տարածել Հայաստանի բարձր տեխնոլոգիական մի ընկերությունում՝ իրականացման համար։ Միջազգային գիտական ու գիտատեխնոլոգիական ծրագրերից գումար ստանալու հնարավորություն կա, և դրանից պետք է օգտվել։ Վերջին տարիներին մեր ընդհանուր ֆինանսավորման առնվազն 30%-ը գալիս է հենց միջազգային ծրագրերից: Հիմա փորձում ենք մի նոր ծրագիր պատրաստել՝ հատուկ ձևաչափով, որի շրջանակներում եվրոպական մի քանի առաջատար կենտրոններ պետք է նպաստեն, որ ՖՀԻ-ն դառնա եվրոպական չափանիշներին բավարարող գիտական կազմակերպություն: Այդ ուղղությամբ բանակցում ենք Հոլանդիայի Տվենտեի համալսարանի և այլ կենտրոնների հետ, որոնք պատրաստակամ են նպաստելու ինստիտուտի զարգացմանը։

Մյուս հնարավորությունը, որ մենք դեռ գործնականում չենք օգտագործել՝ դա գիտական արդյունքի առևտրայնացումն է, այսինքն՝ ելքը դեպի շուկա: Դա նույնպես մեր ռազմավարական նպատակներից է, բացի դրանից, Կառավարությունն էլ է մեզ հորդորում ճանապարհներ գտնել դեպի բիզնես և շուկա։ Բարդությունն այստեղ նրանում է, որ գիտական մշակումից մինչև շուկայական ապրանք երկար ճանապարհ կա անցնելու։ Այդ ճանապարհին պահանջվում են լուրջ ներդրումներ, շուկայի վերլուծություն, մտավոր սեփականության իրավունքի կարգավորում և այլն, որոնք, ըստ էության, գիտնականի գործառույթները չեն: Գիտության և արդյունաբերության արդյունավետ կապն ու համագործակցությունը, ինովացիոն գործունեության կազմակերպումը պահանջում են պետական միջամտություն ու կարգավորում: Մենք էլ ենք ուզում այս ուղղությամբ շարժվել, նույնիսկ քայլեր ենք ձեռնարկել՝ ինստիտուտում ստեղծելով ‹‹Տեխնոլոգիաների փոխանցման գրասենյակ››, որպեսզի ոչ թե գիտնականը մտածի իր մշակման առևտրայնացման մասին, այլ մի քանի հոգի, ովքեր պատկերացում, որոշ գիտելիքներ ու հմտություններ ունեն այդ ուղղությամբ։ Այս հարցում մեծ հույսեր ենք կապում մեր երիտասարդների հետ. նոր սերունդը պետք է դրանով զբաղվի››,- ասաց Ա. Պապոյանը:

ՖՀԻ–ի գիտական ստորաբաժանումներում իրենց գիտական գործունեությունն են ծավալում շուրջ 30 երիտասարդներ: Խոսելով գիտության համար գերխնդիր համարվող սահուն սերնդափոխության ու երիտասարդացման հարցի շուրջ՝ Ա. Պապոյանը նկատեց, որ սա ամենակարևոր և լուրջ հարցն է. ‹‹Ես ֆինանսավորման հարցը չեմ բարձրացնում որպես ամենակարևոր, առաջնայինը սերնդափոխությունն է, երիտասարդների ներգրավվածությունը: Եթե նայենք ինստիտուտի աշխատակիցների տարիքային բաշխմանը, այսօր գիտաշխատողների մեծ մասը մեծահասակներ են՝ եկած խորհրդային շրջանից։ Այդ գիտնականները գիտելիքի հիմնական կրողն են։ Գիտության շարժիչ ուժը համարվող միջին տարիքի (35-55 տարեկան) գիտնականներ գրեթե չկան։ Երիտասարդներն էլ գալիս են, աշխատում, պաշտպանում ատենախոսությունը, հմտություններ ու գիտելիքներ ձեռք բերում ու գնում: Որքան էլ գեղեցիկ բառեր ասենք գիտության մասին, եթե երիտասարդը ապրելու խնդիր ունի՝ որևէ բարոյական իրավունք չունենք իրեն այստեղ պահելու: Նրանք գերադասում են ավելի բարձր աշխատավարձով այլ՝ հիմնականում բարձրտեխնոլոգիական ընկերություններում աշխատել: Պետք է մեզ մոտ ստեղծենք մի նոր, տեխնոլոգիական մշակումներով զբաղվող ստորաբաժանում, որը հնարավորություն կտա երիտասարդներին գիտությամբ զբաղվելուն զուգահեռ ներգրավվել ինովացիոն գործունեությանը, արդյունքում՝ գումար կաշխատի, առանց գիտությունից դուրս գալու։ Իմ կարծիքով, սա խնդրի լուծման լավագույն տարբերակներից է: Մյուս հեռանկարային ճանապարհն է՝ փորձել գիտատեխնիկական մշակումների պատվերներ ստանալ անմիջապես խոշոր արդյունաբերական ընկերություններից (առաջին հերթին՝ արտերկրի): Այս ուղղությամբ ևս որոշակի ձեռնարկումներ ունենք, և հուսով եմ՝ մոտ ժամանակներս արդյունք կստանաք. թերևս սա կլինի ներուժը պահպանելու ամենառեալ տարբերակը››,- նման հեռանկարային ծրագրերով ավարտեց մեզ հետ իր բովանդակալից զրույցը ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Արամ Պապոյանը:

Զրուցեց՝ Մերի Եղիազարյանը

Leave a Response